Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ ԻՆՁ ԼԻՆԻ…»



 

«ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է, ԹՈՂ ԻՆՁ ԼԻՆԻ...»Սիմոն Աչիկգյոզյան-գիտնական, «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ:

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939թ. փետրվարի 6-ին Ռումինիայի Գայաց քաղաքում: Նրա տոհմական բնօրրանը Արևմտյան Հայաստանն է: Եղեռնից մազապուրծ եղած բազմամարդ գերդաստանը հազարավոր հայ բնակիչների նման անցավ գաղթի դժոխքի բոլոր ճանապարհները և երկար ժամանակ չէր կարողանում հանգրվան գտնել: Սիրիայից մեկնեցին Լիբանան, այնտեղից համեմատաբար խաղաղ Ստամբուլ, հետո՝ Հունաստան, և վերջապես բնակություն հաստատեցին Ռումինիայի Գալաց քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվեց հայրենադարձությունը, 1946թ. հայրենադարձների առաջին քարավանի հետ Աչիկգյոզյանների ընտանիքը վերադարձավ Հայաստան: Սիմոնը 7 տարեկան էր, և հայրենի հողում ապրելու ուրախությունը համակել էր նրան: Եվ գուցե հենց այդ ոգևորության շնորհիվ էր նրան ամեն ինչ հաջողվում: Դպրոցում սովորում էր գերազանց, մարզվում էր, երգում ու պարում էր, հրապուրված էր ռադիոգործով: Պատանի Սիմոնը փայլում էր տարատեսակ տաղանդներով:

Ոսկե մեդալով ավարտելով դպրոցը՝ Սիմոն  Աչիկգյոզյանն ընդունվեց ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ: Համալսարանն ավարտեց կարմիր դիպլոմով, պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը, ստացավ երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատում էր ՀԽԱՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ավելի քան 70 գիտական աշխատությունների հեղինակ էր:

1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Սիմոնը աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը:

Արցախյան շարժմանը կարո՞ղ էր արդյոք Սիմոն Աչիկգյոզյանն անտարբեր մնալ: Կյանքով և փորձով իմաստնացած հայրենասեր մտավորականը գիտեր պատմությունը, նրա օրենքները: Նրան դեռ փոքրուց նախապատրաստել էին ծնողները, ովքեր սրբորեն պահել էին նախնիների ժառանգությունն ու որդուն թույլ չէին տվել մոռանալ պատմությունը: Սիմոնը ուներ վերլուծական միտք, շատ առաջ էր նայում ու հասկանում այն, ինչը մյուսների համար դեռ գաղտնիք էր:

Աչիկգյոզյանը 1988թ. դիմավորեց գիտությունների ակադեմիայում աշխատելիս: Նա հայտնվեց շարժման ղեկավարների շարքում, մասնակցեց գիտությունների ակադեմիայի դիմաց օրեր տևած հայտնի նստացույցին, բողոքի հացադուլին: Որպես համազգային շարժման ակտիվիստ՝ քաղաքային խորհրդի պատգամավոր ընտրվեց: Նա կողմ էր պայքարի քաղաքացիական և ժողովրդական մեթոդներին, բայց նաև հասկանում էր, որ նման ռեժիմի և այդպիսի թշնամու պարագայում այդ ուղին հաջողության չի հանգեցնի:

Երբ սահմանին և Արցախում հնչեցին առաջին կրակոցները, Հայրենիքի պաշտպանության և Ղարաբաղի ազատության համար երիտասարդների հետ ոտքի կանգնեցին նաև տարիքն առած, իմաստուն մարդիկ… Նրանք զենք վերցրին ոչ միայն հոգու պոռթկումով, այլև հասկանալով, որ թշնամին ուրիշ ճանապարհ չի թողել, չէ՞ որ արցախյան պատերազմը ժողովրդական էր: Նրանցից մեկն էր Սիմոն Աչիկգյոզյանը: Չնայած արդեն 50 տարեկան էր, բայց դեռ ուժեղ էր, դիմացկուն և հոգով երիտասարդ: Գիտնական-ռազմիկը նախ զինվորագրվեց ՀԱԲ-ին, ապա 1989թ. որդու՝ Հովհաննեսի հետ անդամագրվեց լեգենդար «Արաբո» կամավորական ջոկատին, մեկնեց Արցախի թերևս ամենախոցելի կետը՝ Գետաշենի ենթաշրջան և ստանձնեց Մարտունաշեն գյուղի պաշտպանական ջոկատի հրամանատարությունը: Կարճ ժամանակում մեծ հեղինակություն ձեռք բերեց գյուղացիների և մարտիկների շրջանում, ովքեր նրան մեծարումով տվեցին  «Դեդ» մտերմիկ, բայց և պարտավորեցնող մականունը: Նրան Դեդ էին ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից, ասելով՝ «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, ինչ լինում է՝ թող ինձ լինի»:

Ֆիդայական ջոկատների մարտիկներին ապշեցնում էին նրա ունակությունները, իսկ առավել՝ մարդկային որակները՝ խիզախությունը, վեհանձնությունը, ծայրաստիճան դաստիարակությունը և բարեկրթությունը: Պարկեշտությունը նրա էությունն էր անգամ կռվի դաշտում:

…1990թ. ամռանից ինքնապաշտպանական մյուս ջոկատների հետ «Արաբոյի» մարտիկները հետ մղեցին ադրբեջանական հրոսակախմբերին: Թաթուլ Կրպեյանի հետ Գետաշենի գյուղերի ինքնապաշտպանությունը կազմակերպելիս Աչիկգյոզյանը հասկանում էր, որ թշնամին այդ փոքրիկ շրջանի փաստացի անկախությունը չի հանդուրժի: Բայց նա գիտեր, որ ուրիշ ելք չկա, որ հանձնվելու դեպքում հայերն ընդմիշտ կկորցնեն Գետաշենը, ինչպես ժամանակին նախնյաց Սեբաստիան:

1991թ., ապրիլ… Սկսվեց  «Օղակ» գործողությունը: Գետաշենցիներին հաջողվեց հետ մղել ադրբեջանցիների և խորհրդային զորքերի առաջին հարձակումը: Բայց ապրիլի 30-ին Գետաշենի և Մարտունաշենի ուղղությամբ մեծ ուժեր նետվեցին, ավելին քան այդ գյուղերի ամբողջ բնակչությունն էր: Տասնյակ միավոր զրահատեխնիկա և մարտական ավիացիա…. Խորհրդաադրբեջանական զորքերի հարձակումից 10 օր առաջ «Արաբո» ջոկատին էր միացել Պռոշյանի դաշնակցականների ջոկատը՝ Կարոտ Մկրտչյանի և Պետրոս Ղևոնդյանի հրամանատարությամբ: Միասին մարտնչում էին աստվածատուր, լեգենդար հերոսները՝ Դեդը, Կարոտը, Պետոն… Քիչ հեռու՝ Գետաշենում՝ Թաթուլը:

Ադրբեջանցիները ուզում էին հայաթափել շրջանի վերջին երկու գյուղերը: Մարտունաշեն գյուղը շրջափակող խորհրդային տանկերին ու զրահամեքենաներին կրնկակոխ հետևում էր ազերի բազմամարդ խուժանը՝ սպանելու ու թալանելու մտադրությամբ: Գյուղի բնակչությանը անսպասելի սպանդից ազատելու համար Աչիկգյոզյանը իր մարտիկներին կարգադրեց գյուղացիներին տեղափոխել գյուղից դուրս՝ ապահով վայր, իսկ ինքը իր մի քանի զինակիցներով դիրքավորվեց՝ դիմագրավելու թշնամու հարձակումը:

Տանկերն ու զրահամեքենաները, գրավելով շրջակա բարձունքները, չորս կողմից շրջափակեցին գյուղը: Ազերի խուժանը, թեև տանկերի պաշտպանության ներքո, բայց և այնպես վախը սրտում, թալանչուն բնորոշ զգուշավորությամբ ու անաղմուկ ներխուժեց գյուղ: Հակառակորդի առաջին հարձակումները կանխվեցին գյուղի ծայրում: Հին հակատանկային հրացանով հաջողվեց մի քանի զրահամեքենա վնասել: Պաշտպանների վրա փոթորկալից կրակ տեղաց, այնպես, որ մարտիկները չէին կարողանում գլուխները բարձրացնել, և այդ պահին Դեդը սկսեց խրոխտ երգել, և հայոց ռազմի երգը թևածեց Մարտունաշենի երկնքում: Նրա բասը կարծես խլացնում էր կրակոցների ձայնը: Շուտով սկսեցին երգել նաև բոլոր հայ մարտիկները:

Դեդը դիպուկահար հրացանով դիրքավորվել էր տներից մեկի տանիքին: Նա դիպուկ հրաձիգ էր: Թշնամու խփված յուրաքանչյուր զինվորից հետո մարտիկները լսում էին նրա հաղթական բացականչությունները: Տներն ավերելու համար տանկերը սկզբում կրակում էին երկաթե կաղապարներով, բայց երբ պարզ դարձավ, որ հայ մարտիկները չեն պատրաստվում նահանջել, թշնամին գործի դրեց ֆուգասային արկերը: Դրանցից մեկն ընկավ այն տան վրա, որտեղից կրակում էր Դեդը: Նա վիրավորվեց: Տղաները փորձում էին Դեդին համոզել, որ նա իջնի ու հեռանա ապահով մի տեղ, բայց նա՝ արդեն վիրավոր, նորից սկսեց երգել ու կրակ բացել թշնամու վրա: Հաջորդ արկն ավերեց տունը. Դեդի երգն ընդհատվեց, և դա նրա վերջին երգն էր՝ հաղթական երգի վերջին ելևէջները: Նա գնաց մահվան գիտակցաբար: Հայ մարտիկները Մարտունաշենը թողեցին միայն այն ժամանակ, երբ վերջացան փամփուշտները: Գիշերը երկու մարտունաշենցի հասնելով գյուղ՝ կարողացան փլատակների տակից դուրս բերել Սիմոն Աչիկգյոզյանի մարմինը:

Նույն օրը Գետաշենում զոհված Թաթուլ Կրպեյանի, Հրաչ Դանիելյանի և Արթուր Կարապետյանի հետ նրան տեղափոխեցին Շահումյան, իսկ հետո՝ Երևան: Հազարավոր հայեր եկել էին վերջին հրաժեշտը տալու զոհված հերոսներին:

«Զոհվելուց չեմ վախենում, միայն՝ թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»… Սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին: Աչիկգյոզյանն առաջին զոհերից էր Արցախյան ազատամարտ անունն ստացած պատերազմում…

Սիմոն Աչիկգյոզյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Զորավոր Անդրանիկ» և «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալներով:

Սիմոն Աչիկգյոզյանի անունն է կրում Երևանի պետական համալսարանի երկրաբանության ամբիոնի լսարաններից մեկը, որտեղ դասախոսում էր ինքը՝ հերոսը: Իսկ գիտնականները հիմա էլ օգտվում են նրա գիտական աշխատություններից և նրա կազմած երկրաբանական քարտեզներից:

Փոքրիկ Մարտունաշենում՝ առաջին գծում, որտեղ արարվում էր նոր Հայաստանի պատմությունը, Աչիկգյոզյանը երգեց իր վերջին երգը: Նրա կյանքը, վերջին մարտը և մահը՝ հանուն հայրենիքի, ապրելու և մարտնչելու օրինակ դարձան: Նա իր հերոսությամբ ոգևորեց բոլորին՝ իր հետևից քայլողներին, այս պատերազմում դիմակայողներին և հաղթողներին:

 

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ՊՆ «Մայր Հայաստան» ՌՊԹ»  պետական հիմնարկ

ավագ գիտաշխատող-ֆոնդապահ

Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Ճակատագրեր


14/02/2019