ԿԳԱ՛Մ, ՍՊԱՍԻ՛Ր
Մարիամ Մելքոնյանը ծնվել է 2010 թ. օգոստոսի 30-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում:
Մարիամը ասմունքում է 3 տարեկանից: Չնայած իր փոքր տարիքին, նա ամեն մանրուք մտածել և գծագրել է իր ապագայի համար:
Իսկ դու ի՞նչ ես դառնալու՝ հարցին, վստահ պատասխանում է՝ գրականագետ և զինվորական:
Մարիամի մայրիկն է արթնացրել ասմունքելու և գրականության նկատմամբ սերը:
Նա ամենուր ներկայանում է իր ասմունքով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հերոսներին, զոհված ազատամարտիկներին նվիրված միջոցառումներին:
Մարիամը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «ՄԵԾ ՓՈՔՐԻԿՆԵՐ» հաղորդմանը, իր ասմունքով հաղթող է ճանաչվել տարբեր մրցույթներում, պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և շքանշաններով:
Մարիամը մեծ հպարտությամբ ու վարպետությամբ ասմունքում է նաև իր մայրիկի ստեղծագործությունները:
Մայրը՝ Անահիտը, պատմում է. «Կգա՛մ, սպասի՛ր» բանաստեղծությունը գրել եմ 2016թ. ապրիլի չորսի գիշերը, երբ Սոսը՝ մեծ որդիս, Ջաբրայիլում էր: Գրել եմ կեսգիշերին` սրտի թրթիռով, երբ թշնամին Թալիշում ձեռք էր բարձրացրել տատի ու պապի վրա, երբ վտանգված էր մեր Արցախը»:
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ենթասպա
ԿԳԱ՛Մ, ՍՊԱՍԻ՛Ր
-Որդի՛ս, մեծացա՛ր, բանակ ես գնում,
Պիտի ծառայես հայո՛ց բանակում,
Ամեն օրվա հետ մի հույս եմ կապել,
Ես այս թանկ օրվան երկար եմ սպասել:
Ահա, գնում ես, խոսքս լավ հիշիր,
Մեր հողը սուրբ է, այն լա՛վ պահպանիր,
Ապ ու պապերդ արյուն են թափել,
Հողը պահպանել ու քեզ են տվել:
Դու էլ պիտի տաս քո զավակներին,
Այսպես շարունակ գալիք սերունդին,
Առանց այն էլ, շա՜տ ենք հալածվել,
Շա՜տ ենք բզկտվել ու մի բուռ դարձել:
Գիտե՛ս, սերունդն եք դուք քաջ Վարդանի,
Աստված ձեր կյանքը պահի-պահպանի,
Թե գա ժամանակ, ու դու երկմտես,
Քո եւ հողի միջեւ ընտրություն անես,
Իմացի՛ր, որդի՛ս, պիտի պայքարե՛ս,
Ոսոխի ոտքը դու պիտի կոտրես:
Որ չգա հասնի քո սուրբ քույրիկին,
Ձեռք չբարձրացնի տատիկիդ վրա,
Որ նա չջարդի մեր խաչքարերը,
Հանկարծ չպղծի շիրմաքարերը:
Թանկ բանի համար թանկ են վճարում,
Հողը ոչ մեկին էժան չի տրվում,
Թե հարկ էլ լինի՝ կյանքդ պիտի տաս,
Որ խղճիդ առաջ պատասխան չտաս:
Այս խոսքս էլ հիշիր. քեզ շատ ենք սիրում,
Տանդ դուռը բաց, քեզ ենք սպասում…
-Խորն է ցավդ, մայր, լավ եմ հասկանում,
Լսիր, թե որդիդ քեզ ինչ է ասում.
-Թշնամին փորձեց տրորել հողս,
Վառել էր մեր մեջ վրեժի ոգին,
Պիտի տեր կանգնենք մեր հող ու ջրին,
Մեր բազկի զարկից դողա՛ թշնամին:
Դուք պատվիրեցիք հողը պահպանել,
Մենք էլ խնդրում ենք միշտ աղոթք անել:
Ձեր սրտո՛ւմ վառեք մոմերը հույսի,
Ձեր սրտո՛ւմ վառեք մոմեր հավատի,
Վառեք մոմերը վա՛ռ արշալույսի,
Որ հանկարծ քամին այն չհանգցնի,
Որ մոր աղոթքը Աստծու՛ն հասցնի,
Որդին անվնաս գա իր տուն հասնի:
Մեծ սիրով դու ինձ ճամփու դրեցիր,
Այդ նույն սիրով էլ կգա՛մ, սպասի՛ր…
ԱՆԱՀԻՏ ԱԶԻԶՅԱՆ
Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային