Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆՔ



ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆՔՀրապարակը լեփ-լեցուն էր: Բոլորն անհամբեր սպասում էին: Օդում կախված էր հուզախառն հպարտության զգացողություն, և այդ զգացողությունը համընդհանուր էր. բոլորն էին հուզված, բոլորն էին հպարտ: Եվ… սկսվեց… Նորակոչիկների երդման արարողություն… Ինքս առաջին անգամ էի ներկա լինում նման արարողության. ամեն ինչ նոր էր, անծանոթ, բայց այնքա՜ն հարազատ: Մի պահ կարծես մոռացա, որ սեփական որդուս համար եմ այստեղ հասել… Բոլորն իմն էին, բոլորը բոլորինն էին… Յուրաքանչյուր նորակոչիկի խոսքի հետ սիրտս լցվում էր սիրով, ջերմությամբ, աննկարագրելի հպարտությամբ: Եվ երբ հերթը հասավ սեփական որդուս, կարծես ոչինչ չփոխվեց, երևի մայրական բնազդը մի քիչ իրեն զգացնել տվեց, այն էլ՝ միայն ավելի մեծ հպարտության զգացումով, հպարտություն, որ այսպիսի որդի եմ մեծացրել, որն այսօր ի լուր աշխարհի խրոխտ ձայնով ու հասուն տղամարդու կեցվածքով հայտարարեց իր իսկական զինվոր, հայրենիքի պաշտպան դառնալը…

Անհնար է բառերով նկարագրել Հայոց բանակի զինվորի մոր հոգեվիճակը: Միայն ուզում եմ ասել՝ իսկապես հպարտ եմ, և սրանք զուտ խոսքեր չեն՝ հայրենասիրությունս ցուցադրելու կամ անհրաժեշտ արտահայտություններ անելու համար: Թող բոլոր մայրերը հպարտանան իրենց զավակներով: Թող մեր զինվորները ծառայեն հայրենիքի խաղաղ երկնքի ներքո: Թող մեր բանակը օրեցօր է՛լ ավելի հզորանա, և թշնամին նույնիսկ չհանդգնի խախտել իմ որդու և բոլոր հայ մայրերի որդիների պաշտպանած սահմանները: Իսկ մենք՝ մայրերս, ամեն վայրկյան կանգնած ենք մեր զինվոր զավակների թիկունքում՝ մեր սիրով, մեր խոսքով, մեր հորդորներով, հոգու ամբողջ զորությամբ: Եվ մենք միասին անպարտելի ենք…

ՆՈՒՆԵ ՆԱԴԻՐՅԱՆ

Զինվորի մայր

Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Ազգային բանակ


14/02/2019