ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱՄԵՆԱՆՎԻՐԱԿԱՆԸ
Հայոց աշխարհի հյուսիսարեւելյան սահմանագոտում ենք՝ գնդապետ Վահե Ավագյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Շրջում ենք զորամասում, հետեւում ծառայողական անցուդարձին:
Շարահրապարակում նորակոչիկներն են, որ աստիճանաբար հարմարվում են զինվորական կյանքին: Ամենօրյա տեսական եւ գործնական պարապմունքների շնորհիվ նրանք սերտում են իրենց պարտականություններն ու իրավունքները: Արդեն սովորել են վաղ արթնանալ, սովորել են զինվորական համազգեստ կրելու, անկողնու հարդարման նրբություններն ու կանոնները:
Շարահրապարակով ձիգ ու առնական շարային քայլքով անցնում են նորաթուխ զինվորները, ու էսպես քայլ առ քայլ առավել հստակ ու հղկված է դառնում նրանց յուրաքանչյուր շարժուձեւը… Զինվորանում են….
Ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի տարբեր անկյուններից են եկել երիտասարդները. ժամանակի դժվարությունները աշխարհի որ ծայրն ասես չեն հասցրել մեր հայրենակիցներին:
Արգիշտի Պետրոսյանը երեք տարեկանից Ռուսաստանում է ապրել, ռուսական դպրոց հաճախել, զբաղվել թեթեւ ատլետիկայով, ապորտի ասպարեզում հասել որոշակի հաջողությունների: Այնտեղ նաեւ դարբնի մասնագիտությունն է սովորել, նրա գեղեցիկ զարդաքանդակներով շատերն են հիացել ու հմայվել:
-Օտար հողում ենք բնակվել, բայց ապրել, շնչել ենք հայաստանյան իրադարձություններով, ապրել ենք հայրենիքից հեռու, բայց հայրենիքը սրտում… Բանակի մասին շատ բան չգիտեի, սակայն որոշել էի, որ անպայման պետք է մեր ազգային բանակում ծառայեմ: Շատերն ասում էին՝ դժվար կլինի, բայց, երբ գիտակցում ես՝ ինչի համար ես եկել, հավատացեք, ամեն դժվարություն հաղթահարվում է: Էս կարճ ժամանակում հասցրել եմ հայերեն այբուբենը սովորել: Պարտականություններս էլ արդեն հայերեն գիտեմ (արագ-արագ, սահուն ու անսխալ, անթերի հայերենով թվարկում է պարտականությունները): Անկեղծ ասած՝ այնքան էլ սովորելիս չդժվարացա, մանավանդ որ՝ ընկերներս պատրաստակամ ամեն բառ բացատրում են, թարգմանում: Երդման տեքստն էլ համարյա սովորել եմ, մինչ զինվորական երդմանս օրը կհասցնեմ կատարյալ իմանալ: Օտար հողում ապրող բոլոր հայ տղաներին ուզում եմ ասել՝ թող գան, ծառայեն, պաշտպանեն հայրենիքը՝ հային հայ պահող հողը… Ծառայությանս ամեն օրը ինձ ասես անտեսանելի թելերով ավելի ու ավելի է կապում հայրենիքիս: Ես կվերադառնամ…
-Արգիշտի, իսկ ո՞ւմ անունով են քեզ կոչել:
-Արգիշտի թագավորի:
Շարքային Արա Ղարիբյանը նույնպես Ռուսաստանից է եկել, արմատներով Մարտունու Գեղհովիտ գյուղից է: Ինքն էլ Օմսկում է երկար տարիներ ապրել: Ընտանիքով եկել են ծննդավայր, որ իրեն բանակ ճանապարհեն:
-Երդմանս տեքստը ռուսերեն տառերով եմ գրել, որ հեշտ սովորեմ: Հայերեն պարզ հասկանում եմ, բայց գրել-կարդալ չգիտեմ: Էս երկու տարվա մեջ հաստատ կհասցնեմ սովորել, տղերքը կօգնեն: Կարծում եմ՝ ամեն երիտասարդ էլ պետք է ծառայի բանակում: Բանակում դառնում ես ավելի ինքնուրույն, պատասխանատու, ինքդ քեզ ես բացահայտում, սովորում ես ճանաչել դիմացինիդ, գնահատում ես իսկական ընկերությունը: Բանակը մի դպրոց է, որի դասերը ողջ կյանքի համար են,- ռուսերենն ու հայերենը մեկումեջ իրար խառնելով՝ բանաձեւում է Արան ու շարունակում:- Ծառայավայրս շատ եմ հավանել, այստեղի եղանակն էլ շատ մեղմ է, տաք, ռուսական ցրտաշունչ ձմեռվա պես չէ:
-Ես էլ դիմում գրեցի, որ հենց այս տարածքում ծառայեմ,- զրույցին միանում է հրազդանցի Հայկ Միքայելյանը:- Ավագ եղբայրս՝ Համբարձումն այս զորամասում է ծառայում, շատ է պատմել այստեղից: Առաջին պահին, երբ մտա զորամաս, անհամբեր եղբորս էի փնտրում: Եղբայրներով ավելի հեշտ կանցկացնենք բանակային օրերը: Փոքր եղբայրս՝ Կարենն ասում է՝ երանի ձեզ՝ միասին եք ծառայելու, էնքան կցանկանայի ձեր կողքին լինել:
Ավագ եղբայրը՝ Համբարձումը, ժպտում է: Ինքն արդեն մեկ տարվա ծառայող է, պարգեւատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով:
-Երեքս էլ լավ կծառայենք, պատվով եւ նվիրումով,- վստահեցնում է Համբարձումը եղբայրների անունից,- պաշտպանելու ենք ամենանվիրականը՝ հայրենիքը:
-Հային հայ պահող հողը,- հիշում եմ Արգիշտիի խոսքերը…
ՄԻՇՏ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Քիչ հեռվում լսվող թմբուկի խրոխտ ձայնը մեզ տանում է այդ ուղղությամբ:
Զորամասի նվագախմբի տղաներն են՝ Գարեգին Մակարյանը, Շահեն Բաբաջանյանն ու Արթուր Մարգարյանը:
-Ամեն ինչ անում ենք, որ մեր զինվոր ընկերների տրամադրությունը բարձր լինի, մարտական,- ասում է Գարեգինն ու ներկայանում,- Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ստեղնաշարային բաժնում եմ սովորել: Ծառայությունից հետո նպատակադրվել եմ ընդունվել կոնսերվատորիայի օպերային արվեստի բաժինը:
Բազմաշնորհ երիտասարդը հրաշալի երգում է, ասմունքում, ծառայության ընթացքում մասնակցել է «Նոր ութերորդ հնչյուն» մրցույթ-փառատոնին, ջազ-վոկալ բաժնում առաջին մրցանակն է ստացել եւ պատվոգրով վերադարձել զորամաս:
Ազգային բանակում ստեղծագործող, շնորհալի երիտասարդները քիչ չեն եւ ծառայությանը զուգահեռ, ազատ ժամանակ կարողանում են զբաղվել նաեւ իրենց սիրած գործով: Տանկային վաշտի սերժանտ Մուշեղն էլ քանդակագործ է, ուսանել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, բանակից հետո կրթությունը շարունակելու է Գեղարվեստի ակադեմիայում: Մուշեղի հայրենասիրական թեմայով կոմպոզիցիան համաբանակային մրցույթում առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել: Այժմ էլ խաչքար է քանդակում, որը կտեղադրվի զորամասի մատուռի մոտ:
-Մեր զորամասում արվում է հնարավորը, որ զինվորական առօրյան բազմաբովանդակ ու հագեցած անցնի,- ասում է հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանը:
Զորամասի ֆիզպատրաստության եւ սպորտի պետ, մայոր Էդուարդ Սարգսյանն էլ լրացնում է. «Ֆիզիկական պատրաստվածությունը եւս ուշադրության կենտրոնում է: Զորամասում կա մարզադահլիճ, յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր մարզական անկյունը: Ստորաբաժանումների միջեւ մրցումներ հաճախակի են կազմակերպվում. վոլեյբոլ, ֆուտբոլ, թենիս, վազք, կշռաքարի բարձրացում… Նոր ենք վերադարձել ՀՀ ԶՈՒ «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի ներկայազորային փուլից: Անհատականով՝ հակատանկային մարտկոցի օպերատոր, շարքային Կարեն Խուրշուդյանը գրավել է երկրորդ պատվավոր տեղը, թիմի անձնակազմն էլ՝ սերժանտ Վահե Մանթաշյանն ու շարքային Էրիկ Գրիգորյանը՝ երրորդ տեղը: Տղաներին հրամանատարությունը խրախուսել է արձակուրդով:
Մայոր Էդուարդ Սարգսյանն էլ որպես մրցավար զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը:
-«Միշտ լավագույնը բոլոր բնագավառներում»՝ մեր զորամասի կարգախոսն է ,-ասում է մայորը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում