ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՄ
Հրետանային ուսումնական կենտրոնում տոնական օր է. նորակոչիկների երդման արարողության առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգը առանձնակի ուրախ ու հուզումնալից արարողություն է բոլորի համար՝ թե՛ զորամաս նոր ոտք դրած երիտասարդների, թե՛ զորամասի հրամանատարության ու ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպող անձնակազմի և թե՛ հարազատների համար: Մինչև երդման արարողությունը, նորակոչիկներն արդեն նախնական զինվորական գիտելիքներ են ստացել, պատրաստվել շարային խրոխտ քայլքի, որը և րոպեներ անց հպարտորեն կցուցադրեն հանդիսավոր շքերթին: Այս ընթացքում նրանք հասցրել են ծանոթանալ զորամասի առօրյային, կարդացել են ռազմահայրենասիրական գրքեր, դիտել տեսանյութեր, որոնցում արտացոլված է ուսումնական զորամասի անցած փառավոր ուղին:
Մեքենաների ու մարդկանց բազմության պատճառով դեպի զորամասը ձգվող ճանապարհը դժվարանցանելի է: Իսկ շարահրապարակում արդեն ասեղ գցելու տեղ չկա. համընդհանուր հուզումի մեջ բոլորն իրենց որդիներին են փնտրում համազգեստավոր տղաների շարքերում. փորձում լուսանկարչական ապարատներով և բջջային հեռախոսներով տպավորել կարևոր պահը:
Եվ ահա նորաթուխ զինվորները, հուզմունքը զսպելով, հպարտ ու խրոխտ մոտենում և հանդիսավորապես ԵՐԴՎՈՒՄ ԵՆ…
Երդման արարողակարգից հետո մեկնարկեց հանդիսավոր միտինգը: Շնորհավորելով ծնողներին ու հարզատներին՝ հրետանային զորամասի հրամանատար, գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանն իր խոսքն ուղղեց նորաթուխ զինվորներին. «Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր դուք դարձաք մեր զորամասի լիիրավ անդամները: Համոզված եմ, որ սրբորեն կկատարեք ձեր պարտքն ու հավատարիմ կլինեք ձեր տված երդմանը: Դուք պիտի հպարտանաք, որ ծառայելու եք փառավոր ուղի անցած, պատերազմի բովում թրծված բանակի լավագույն զորամասերից մեկում՝ հրետանային զորամասում: Քիչ առաջ դուք սուրբ երդում տվեցիք՝ անձնվիրաբար ծառայելու հայրենիքին: Ուրեմն՝ արժանի զավա՛կը եղեք մեր ժողովրդի և անբասիր ծառայությամբ կատարեցե՛ք ձեր պարտքը: Սովորե՛ք ու ծառայե՛ք այնպես, որ ձեզանից յուրաքանչյուրը պատվով կրի հայ զինվորի բարձր կոչումը: Թող բարի լինի ձեր մուտքը մեր զորամաս: Թո՛ղ խաղաղությունը թևածի Հայոց աշխարհում, և ձեր ծառայությունն անցնի խաղաղ պայմաններում: Շնորհավորում եմ բոլորիդ երդման և զորամասի համալրման առիթով»:
Եղբորորդու երդման արարողությանը ներկա լինելու նպատակով այդ օրը զորամասում էր 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, որը դիմելով նորակոչիկներին եւ նրանց հարազատներին, մասնավորապես ասաց. «Սիրելի՛ զինվորներ, դուք շարունակողն եք լինելու 1990-ականներից սկսված մեր բանակի հաղթական առաջընթացի: Մենք հպարտ ենք մեր զինվորների նոր սերնդով, մեր հիասքանչ զավակներով, որոնք պատրաստ են բազմապատկելու իրենց ավագ եղբայրների, հայրերի սխրագործությունները: Սա մեկ անգամ ևս ապացուցվեց 2016թ. քառօրյա պատերազմի գործողություններով, երբ նույն ձեր տարիքի երիտասարդները կատարեցին այն, ինչ անում են հայրենիքը իրավամբ սիրող քաջերը: Սիրելի՛ զորակոչիկներ, դուք այսօր հպարտանալու կարևոր պատճառ ունեք. ոչ միայն բանակի շարքերն եք համալրելու, այլ նաև մեր բանակի ամենահզոր զորատեսակի՝ հրետանու: Ժամանակակից մարտական գործողություններում հրետանու ճշգրիտ կիրառմամբ և դիպուկ կրակով կարող ենք հակառակորդին ստիպել, որ նա հրաժարվի իր մտադրությունից: Ես ցանկանում եմ, որ այս զորամասում ծառայելիս բարեխղճորեն կատարեք ոչ միայն ձեր զինվորական պարտականությունները, այլ նաև գերազանց տիրապետեք այս հզոր զենքերին՝ «պատերազմի աստված» հրետանուն»: Խոսքն ուղղելով ծնողներին՝ գեներալ-մայորն ասաց. «Սիրելի՛ ծնողներ, այս պահին, խնդրում եմ, ուշադիր նայեք ձեր տղաներին, հիշողության մեջ պահեք զինվորական համազգեստի մեջ նրանց պահվածքը և ուշադիր կնայեք, թե ինչպիսին են նրանք լինելու երկու տարի անց: Բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, բայց, հավատացած եմ, ու դուք բոլորդ էլ պետք է վստահ լինեք՝ հարկ եղած դեպքում պետք է արժանի հակահարված տանք հակառակորդին»:
Զորամասի հրամանատարությունը ամբիոնի հարթակ է հրավիրում նորաթուխ զինվորներից մի քանիսի ծնողներին՝ նշելով, որ թեև զորամասը համալրած տղաներից յուրաքանչյուրը խրախուսանքի ու պատվի արժանի է, բայց նրանցից մի քանիսն այս ընթացքում հատկապես աչքի են ընկել իրենց պատրաստակամությամբ ու նվիրվածությամբ: Ծնողներին են հանձնում որդիների առաջին զինվորական պարգևները՝ պատվոգրերը: Ծնողները հուզված են, երջանիկ: Շուտով հնարավորություն կունենան հպարտությամբ գրկելու իրենց զինվորին, շնորհավորելու կարևոր օրվա առթիվ ու, իհարկե, վայելելու վաստակած մի քանի ժամվա ազատ արձակումը՝ ընտանյոք նշելու կարևոր առիթը:
Մոտեցա պարգևատրված զինվորների ծնողներից Հայկ Գևորգյանի մորը՝ Ֆլորա Ղազարյանին. «Հուզված եմ,-ասում է նա:- Երդման արարողությանը մասնակցելու մեր հպարտությունը բազմապատկվեց: Հայկս սովորում է Սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, գերազանցիկ է: Նա միշտ մեր հպարտությունն է եղել. դպրոցից սկսած՝ ամեն ինչում առաջիններից է: Ուզում եմ, որ ինչպես եղել է մինչև հիմա, այդպես էլ մնա ու շարունակի ծառայությունը նույն ոգով: Վստահ եմ՝ որդիս զինվորական ծառայությունն էլ պատվով կատարած կվերադառնա տուն»:
Տատիկը՝ Անահիտ Գևորգյանն ուզում է իր բարեմաղթանքներն ուղղել բոլորին. «Ես աշխարհին խաղաղություն եմ ցանկանում, բոլոր զինվորներին՝ անփորձանք ծառայություն: Ցանկանում եմ, որ մեր բոլոր զինվորներն էլ արժանանան նման ու ավելի թանկ պարգևների»:
Հայկի հայրը՝ Հովհաննես Գևորգյանը, հավելում է. «Պատվախնդիր, հպարտ, կամեցող, ազնիվ, շատ ընկերասեր, հանձնարարված ցանկացած գործի համար անչափ պատասխանատու և հետևողական. այսպիսին է իմ որդին: Որտեղ էլ եղել է՝ իրեն դրսևորել է լավագույն կողմերով, հարգանքի արժանացել: Հպարտ եմ որդուս համար»:
«Խաչատուր Դավթյան,- ներկայանում է պարգևատրված զինվոր Նարեկ Դավթյանի հայրը:- Հպարտ եմ, որ իմ տղան այսօր ծառայում է բանակում, ու վստահ եմ, որ բոլոր այս տղաները փառքով ու պատվով կկատարեն իրենց պարտքը: Տեսնում եմ, որ բոլորը գոհ են ծառայությունից, ուրախ են: Դավիթս ասում է, որ շատ լավ հրամանատարական կազմ ունեն, դասերը հետաքրքիր են ընթանում: Մի խոսքով, ամեն ինչից շատ գոհ են»:
Զինկոմիսարիատներում և կենտրոնական հավաքակայանում իմ վերջին հանդիպումներից հետո կարծես թե այլևս չպետք է զարմանայի, բայց նորից ինձ հանկարծակիի է բերում այն երևույթը, որ հեռավոր երկրներում, տարագիր հայերի ընտանիքներում մեծացած տղաները որոշում են ամեն ինչ թողնել, գալ Հայրենիք, ծառայել Հայոց բանակում։
Արեն Մեհրաբյան. «Բանակը պարտականություն է հայ տղամարդու համար,- ես այստեղ եմ ծնվել-մեծացել: Երեք տարի առաջ աշխատելու նպատակով գնացել եմ ԱՄՆ, մեր տպարանում արտադրամասի ղեկավար էի: Ծնողներիս հետ էի աշխատում: Դրան զուգահեռ՝ սովորում էի քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետում: Կես տարի էր մնացել, որ ավարտեի ու տեղափոխվեի համալսարան»: «Իսկ ինչպե՞ս որոշեցիր գալ»: «Երկու եղբայր ունեմ, ու ես մեծն եմ. պետք է նրանց օրինակ ծառայեի: Իմ համոզմամբ՝ ԱՄՆ-ը ապրելու հարմար տեղ չէ: Մի տեսակ կյանք չկա ինձ համար»: «Ի՞նչ է նշանակում՝ «կյանք չկա»: «Շատ պարզ բաներ են պետք մարդուն երջանիկ լինելու համար, ու հենց այդ շատ պարզ բաները ես այնտեղ չգտա: Ինչպե՞ս բացատրեմ. կեղծիք էի զգում, սարքված մի բան, որն ինձ համար չէ»: «Ինչպե՞ս ես քեզ զգում այս զորամասում»: «Շատ լավ: Գիտակցում եմ, որ այստեղ զինվորի համար ծառայությունը շատ ավելի պատասխանատու է՝ չէ՞ որ մենք սերժանտներ ենք դառնալու, պատասխանատվություն ենք ստանձնելու նաև մյուս զինվորների համար: Հրետանավորի մասնագիտությունը շատ ճյուղեր ունի: Մինչև այժմ մենք միայն մակերեսորեն ենք ուսումնասիրել այն: Ազատ արձակումից հետո, երբ վերադառնանք, արդեն մեզ կբաշխեն ըստ որոշակի զինատեսակների, որոշակի մասնագիտացման համապատասխան ստորաբաժանումներում»:
Դառնում եմ տիկին Սաթիկին՝ Արենի մորը: «Ի՞նչ մտքերով եք Ձեր որդուն բերել: Թե՞ ինքն է Ձեզ բերել»: «Ճիշտն ասած՝ ինքն է մեզ բերել,- ժպտում է զինվորի մայրը,- և շատ հեռվից է բերել: Շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, հուզված: Դեռ երկու տղա էլ ունեմ բանակ ճանապարհելու: Խաղաղություն եմ մաղթում մեր բոլոր տղաներին՝ ուժ, կամք։ Թող այս երկու տարին արագ անցնի, ու թող ուրախ, հպարտ վերադառնան իրենց տները»:
Շնորհակալություն եմ հայտնում նրան, բարի ծառայություն մաղթում ու անցնում այսօրվա մեր մյուս հերոսին:
-Սևան Ուսքյուլ,- ներկայանում է նորաթուխ զինվորներից մեկը, որը Ֆրանսիայից է եկել ծառայելու: Նրա ազգանունը երկար պատմություն ունի. երիտասարդի ծնողները ծնվել ու երկար տարիներ ապրել են Թուրքիայում. պոլսահայեր են. «Նրանք ստիպված են եղել փոխել ազգանունը,- բացատրում է Սևանը,- հայերի համար այսօր էլ շատ դժվար է Թուրքիայում. այդ երկրում ոչ մի բան չի փոխվել…»: «Ինչպե՞ս որոշեցիր հայրենիք գալ»: Փարիզում ծնված ու հասակ առած տղան մի փոքր ֆրանսերեն շեշտադրումներով, բայց հրաշալի հայերենով բացատրում է. «Շատ եմ ուզել գալ ու մյուս երիտասարդների հետ ծառայել Հայոց բանակում, քանի որ ես էլ հա՛յ եմ: Բախտավոր եմ, որ այսօր այստեղ եմ: Սովորել եմ համալսարանում, ավարտել եմ Ռոբոտաշինության ֆակուլտետը: Կփորձեմ այստեղ գործածել գիտելիքներս ու փորձառությունս»: «Ինչո՞վ է այսօրը քեզ համար առանձնահատուկ»: «Շատ գեղեցիկ օր է. երդումը շատ կարևոր է յուրաքանչյուր զինվորի համար: Շատ ուրախ եմ, որ բոլոր զինվորների, սպաների կողմից հարգված եմ. նրանք հարգում են ընտրությունս. սա շատ կարևոր է ինձ համար»: Սևանի ծնողներն այս պահին Փարիզում են. նա մենակ է եկել Հայաստան: «Մեզ՝ սփյուռքահայ երիտասարդներիս, ոչ ոք չի ստիպում գալ, ծառայել, մենք սրտի թելադրանքով ենք գալիս: Նպատակս Հայաստանում մնալն է ու ծնողներիս էլ այստեղ բերելը, քանի որ բոլոր հայերս մեր կյանքն ապրում ենք Հայաստանի համար»: «Այս գաղափարը մի՞շտ է եղել քո մեջ, թե՞ երկրի վերջին իրադարձությունները ոգևորեցին»: «Չէ՛, այսպես ծնվել եմ ես»,- եզրափակում է Սևանը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում