Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԽԱՓԱՆ ԿԱՊ



Հայկական բանակում կապի զորքերը, ինչպես և մյուս ստորաբաժանումները, կազմավորվեցին պատերազմի պայմաններում: Արցախյան պատերազմի ընթացքում մեր կապավորները արժանապատվորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրները և կարողացան ապահովել մյուս զորատեսակների արդյունավետ գործողությունները: Պատերազմի ավարտին զինված ուժերի կապի համակարգն արդեն լիովին մարտունակ կառույց էր: Այսօր այն անընդհատ կատարելագործվող համակարգ է` համալրված մասնագիտորեն լիարժեք պատրաստված և ուսուցանված կադրերով, ունակ է կատարելու ոլորտին առնչվող ցանկացած խնդիր:

Անհերքելի է, որ ոլորտի զարգացմանը մեծապես նպաստել է ՀՀ զինված ուժերի կապի ուսումնական զորամասը, որը կապի ստորաբաժանումներն ապահովել է բարձրակարգ մասնագետներով, նրանց մի մասը շարունակել է ծառայությունը սպայական և ենթասպայական հաստիքներում` ապահովելով մեր կապավորների արժանի սերնդափոխությունը: Զորամասը կազմավորվել է դեռ 1967թ. խորհրդային զինված ուժերի կազմում: 1992թ. ընդգրկվել է ՀՀ զինված ուժերի կազմում, ակտիվորեն մասնակցել տարբեր մարտական առաջադրանքների կատարմանը` այդ ընթացքում տալով 3 զոհ: 1995թ. զորամասը վերաձևավորվել է կապի առանձին ուսումնական գումարտակի: Զորամասի առաջին հրամանատարն է եղել փոխգնդապետ Հ. Ասատրյանը, նրան հաջորդել են մայոր Գ, Առաքելյանը և փոխգնդապետ Գ. Կիրակոսյանը: Այսօր հրամանատարն է փոխգնդապետ Գ. Մովսիսյանը: Մասնագիտական տոնի նախօրեին այցելեցինք կապի ուսումնական զորամաս, ծանոթացանք ուսումնական փուլի ընթացքին և առանձնահատկություններին:

Ներկայացնելով կատարվող աշխատանքները` հրամանատարի` ուսումնական գծով տեղակալ մայոր Հ. Խաչատրյանը նշեց, որ գումարտակի յուրաքանչյուր ստորաբաժանում իրեն հատկացված ուղղությամբ ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժական կապի հանգույցների միջոցով իրականացնում է առաջադրանքների համալիր: Բանակային կորպուսների պահանջներից ելնելով` ապահովում է նրանց անխափան կապը, կազմակերպում զորքերի ղեկավարումն ու փոխգործակցությունը:

-Ունենք կապի մասնագետների հաստատված ծրագիր, որով էլ առաջնորդվում ենք ուսումնական գործընթացը կազմակերպելիս: Իհարկե, գերակշռում են մասնագիտական և մարտավարական պարապմունքները, սակայն, ինչպես ազգային բանակի ցանկացած զորամասում, զինվորների հետ անցկացվում են բոլոր մյուս դասընթացները` համազորային կանոնադրություններ, կրակային, շարային, ֆիզիկական պատրաստություն և այլն: Հատուկ ուշադրություն ենք դարձնում մեթոդական պատրաստությանը. ուսումնական շրջանն անցնելուց հետո մեր կուրսանտները տեղափոխվում են տարբեր զորամասեր, ուր նրանց մի մասը կատարում է ջոկի հրամանատարի պարտականություններ, նրանց սովորեցնում ենք ճիշտ ղեկավարելու, ենթակա խմբի գործողությունները կանոնակարգելու հմտությունները,-նշեց մայոր Խաչատրյանը:

Հոկտեմբերի վերջին կիսամյակային ամփոփիչ քննություններն են, ապա կամփոփվեն տարվա արդյունքները: Նախորդ ուսումնական փուլի արդյունքներով զորամասը գնահատվել է «լավ», այժմ էլ ամբողջ անձնակազմը նպատակամղված աշխատանք է տանում այս ուսումնական փուլում նույնպես բարձր ցուցանիշներ ապահովելու և երկու կիսամյակների համադրումով տարվա լավագույն ուսումնական զորամաս ճանաչվելու ուղղությամբ: Ինչպես նշեց մայոր Խաչատրյանը, ներքին ստուգումների հիման վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման արդյունքը լիովին իրատեսական է:

-Ինքս ժամանակին գնդի կապի պետ եմ եղել և բավական գոհ եմ մնացել այս զորամասից եկած կադրերից,- մեր հարցին ի պատասխան` ասաց պարոն մայորը:- Հրամանատարի տեղակալ նշանակվելուց հետո պարբերաբար այցելում եմ իմ նախկին զորամասը, նաև այլ վայրերում կապի հանգույցներ, հետաքրքրվում զինվորների մասնագիտական որակներով: Պետք է նշեմ, որ ամենուր բարձր գնահատականներ եմ լսում, գոհունակության ու գովեստի խոսքեր: Հուսով եմ, հետագայում էլ այդպես կլինի:

Զորամասի տարածքում լսարանային պայմաններում կուրսանտների հետ տեսական պարապմունքներ են անցկացվում, որոնց ընթացքում նրանք հիմնովին յուրացնում են սարքավորումների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքն ու առանձնահատկությունները: Զորամասի ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքներն ամրապնդվում են գործնական պայմաններում: Այստեղ առկա են գործնական վարժանքների համար նախատեսված բոլոր հնարավորությունները` հարմարեցված դաշտային իրական պայմաններին: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ուսումնական վաշտերը իրար փոխարինելով մեկ շաբաթ տևողությամբ դաշտային պարապմունքներ են անցկացնում ուսումնական կենտրոնում` և՛ ցերեկային, և՛ գիշերային պայմաններում կապի ապահովման հմտությունները բարձրացնելու նպատակով: Մասնագետ սպաները վստահեցրին, որ նման ելքերի նշանակությունը անգնահատելի է. ինչքան էլ զինվորը լավ սովորի, տեսական փայլուն գիտելիքներ ստանա, միևնույնն է, գործնական մեկ պարապմունքի ընթացքում բոլորովին այլ արդյունք է ստացվում: Զինվորը ինքնուրույն խնդիր է կատարում, մանրամասն ծանոթանում տեխնիկային, իր ձեռքով աշխատեցնում կապուղիները և օրեր անց ինքն է անհամբեր սպասում դաշտային վարժանքներին:

Շուրջ մեկ ամիս առաջ էլ զորամասի անձնակազմը իր հմտությունները ցուցադրեց գնդային զորավարժության ժամանակ, որի ընթացքում կապավոր կուրսանտները մարտավարամասնագիտական վարժանքներ անցկացրին, առանձին կապի հանգույցի կազմում ապահովեցին տարբեր ստորաբաժանումների կապը: Մեր այցելության պահին էլ ուսումնական վաշտերից մեկում ամփոփում էին ուսումնական կենտրոնում դաշտային ելքի արդյունքները, շահագործում մասնակցած մարտական տեխնիկան:

Ուսումնական վաշտերում մասնագետների պատրաստությունը կատարվում է զինված ուժերում պահանջարկին համապատասխան: Մայոր Յու. Բաբայանի հրամանատարությամբ գործող վաշտում պատրաստում են կապի ջոկի հրամանատարներ և ռադիոկայանի պետեր: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը շատ մեծ է: Ջոկի հրամանատարը բազմահմուտ մասնագետ է, պետք է հավասարաչափ տիրապետի կապի բոլոր տեսակներին, ղեկավարի անձնակազմը: Կայանի պետը, ով նաև ջոկի հրամանատար է, կատարելագործվում է այն աստիճան, որ կարողանա ինքնուրույն ընտրել տեղակայման վայրը, ապահովել դրա բացազատումը և հրամանատարության առաջադրած խնդրի կատարումը: Նա հետևում է, որ կապի տեխնիկան տեղակայվի ճիշտ տեղանքում, նախևառաջ անհասանելի և անտեսանելի լինի հակառակորդի համար, ապահովի անխափան կապ: Մասնագիտական պարտականություններից բացի, անհրաժեշտ է ապահովել նաև կայանի պաշտպանությունը:

Զորամասի հավաքակայանում հետևեցինք ռադիոկայանով համալրված մարտական տեխնիկայի շահագործման աշխատանքներին և բացազատմանը, ալեհավաքի տեղադրմանը: Մեքենայի` ջոկի հրամանատար շարքային Արարատ Իկիլիկյանի հրամանատարությամբ գործող անձնակազմի` Արտյոմ Ղազարյանի, Հայկ Լուսարարյանի, Արման Մարտիրոսյանի, Արամ Ավետիսյանի գործողություններից վստահաբար կարելի էր եզրակացնել, որ նրանք ամբողջությամբ տիրապետում են ամրակցված տեխնիկային և կապի միջոցներին: Տղաները մանրամասն ներկայացրին «իրենց» կապի միջոցը. այն տակտիկական օղակում (գումարտակից գունդ) կապի ապահովման համար է, ներառում է երեք տեսակի 4 ռադիոկայան:

Ուսումնական մասնաշենքում դասակի հրամանատար ենթասպա Հ. Մարգարյանը վարում էր «Ռադիոկայանի հաղորդող մասի կառուցվածքը» թեմայով դասը: Մի քանի րոպե մնալով լսարանում` մենք իմացանք, որ տվյալ ռադիոկայանը օպերատիվ-տակտիկական օղակներում մինչև 2000 կմ հեռավորության վրա կապի ապահովման համար է (զորամաս-կորպուս), կիրառվում է ինչպես ստացիոնար, այնպես էլ ավտոմոբիլային տեխնիկայի վրա տեղադրված վիճակում, աշխատում է նաև մեքենայի ընթացքի ժամանակ:

Մեկ այլ լսարանում դասակի հրամանատար կապիտան Հ. Խաչատրյանի ղեկավարությամբ պարապմունք էր ընթանում ռադիոռելեային կայանի մասնագետների հետ: Գերկարճալիք կապուղիով աշխատող այս կայանի առանձնահատկությունն այն է, որ միանգամից 6 կապուղի է ապահովում: Ճիշտ է, այս կայանը բավական երկար ժամանակ է օգտագործվում մեր զինված ուժերում, սակայն շարունակում է մնալ հուսալի և կայուն կապի ապահովման միջոց:

Տարբեր ստորաբաժանումների անձնակազմեր իրենց խնդիրներին ու մասնագիտացումներին համապատասխան պարապմունքներ էին անցկացնում: Աստեղ կարևորվում է զինված ուժերի համար բոլոր տեսակի կապավորների պատրաստումը, որոնք ունակ են աշխատելու և՛ գծալարային, և՛ կրովի, և՛ սովորական ռադիոկայաններով: Իհարկե, չի մոռացվել նաև ավանդական «Մորզեի այբուբենը»:

Մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ ուսումնական գործընթացը չի սահմանափակվում միայն մասնագիտական վարժանքներով: Ծանրաբեռնվածությամբ անցկացվում էին ֆիզիկական պատրաստության, նաև այլ պարապմունքներ, այն ամենը, ինչ զինվորին պետք կգա հետագա ծառայության ընթացքում: Առանձնահատուկ ուշադրության է արժանի զորամասում տիրող կարգապահական մթնոլորտը: Բարձր կարգապահությունը աչքի էր զարնում ամենուրեք` և՛ լսարաններում դասի ժամանակ, և՛ հանգստի պահին, և՛ թեկուզ շարքով վաշտերը ճաշարան առաջնորդելիս: Զորամասում կան այդ ուղղությամբ ձևավորված ավանդույթներ, որոնց պահպանմանն ու զարգացմանը մեծապես նպաստել է հրամանատարի տեղակալ մայոր Խ. Պետրոսյանը: Երևի մանկավարժ-հոգեբանի նրա ունակությունները հաշվի առնելով` հենց մեր այցելության օրը ՊՆ ղեկավարության հրամանով մայորը նշանակվեց ավելի բարձր պաշտոնի:

Մենք զորամաս այցելեցինք կապավորների մասնագիտական տոնի նախօրեին: Հաջորդ օրը նախատեսվում էր տոնական միջոցառում անցկացնել, սակայն մինչ այդ յուրաքանչյուրը իր գործին էր, մշակում էր հանդիսավոր տողանից հետո նախատեսված ուսումնական գործընթացների հետ կապված ծրագրեր: Ինչպես իրենք էին նշում, իրենց մասնագիտության տեր մարդիկ ոչ մի ավելորդ րոպե կորցնելու իրավունք չունեն` պետք է անխափան կապ ապահովեն ամեն օր, ամեն վայրկյան:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/09/2011