ԵԹԵ ԲԱՔՎԻ ՎՐԱ ՌՈՒՄԲ ԸՆԿՆԻ…
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է ադրբեջանական աղբյուրների վկայություններ, որոնց համաձայն՝ Արցախյան պատերազմի ընթացքում ոչ միայն ադրբեջանական բանակը, այլև բնակչությունը զանգվածաբար փախել է ռազմադաշտից ու չի դիմադրել:
Աղդամ (Ակնի) եկած ադրբեջանցի սպան հետագայում գրել է. «Գալով քաղաք՝ մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ տեղի բնակչությունը ամենևին էլ չէր ուզում, որ մենք իրեն պաշտպանենք: Նա մտածում էր միայն այն մասին, թե ինչպես արագորեն հեռանա Աղդամից»:
Ադրբեջանի այն ժամանակվա պետքարտուղար Լալա Շովքեթ Հաջիևան Աղդամից (Ակնիից) փախած իր հայրենակիցներին կշտամբել է՝ ասելով. «Ավելի քան 100 օր մենք գիշեր-ցերեկ ռմբակոծում էինք Ստեփանակերտը, բայց հայերը չլքեցին իրենց տները, իսկ դուք փախաք արդեն այն ժամանակ, երբ արկերի պայթյունների ձայնն էլ լսելի չէր»:
Դե, իսկ ադրբեջանցիների «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի վկայություններն ամենաարժեքավորն են. «Պետք է նշել, որ մեր պարտությունների պատճառը, մի կողմից, հաճախ ադրբեջանական բանակի կռվող ստորաբաժանումների թուլությունն էր, մարտունակ չլինելը, իսկ մյուս կողմից՝ այդ տարածքում ապրող քաղաքացիների, մեր հայրենակիցների՝ անհապաղ փախչելու ձգտումը, ամեն ինչ թողնելը իրենց հողը պաշտպանելուց գերադասելը»:
«Քարվաճառի շրջանի ղեկավարի ելույթի ժամանակ ես պատահական չէ, որ հարցրի՝ դուք արդեն մոռացե՞լ եք Քարվաճառը: Մարդիկ այնպիսին են, որ որոշ ժամանակ անց, իրենց համար «բույն հյուսելուց» հետո, ինչպես ասում են, լիովին մոռանում են հարազատ հողը»:
«Ինչո՞ւ հանձնվեցին Լաչինը, Քարվաճառը, Աղդամը (Ակնի), Ֆիզուլին, Ջեբրայիլը, Կուբաթլին, Զանգիլանը: Պատկերացրեք, թե ինչ հարստություն մենք կորցրինք, ինչքան զոհ տվեցինք: Բայց շատ դեպքերում կռիվներ պարզապես չէին լինում, չէին լինում նաև շեհիդներ: Դա վերաբերում է նաև բանակային ստորաբաժանումներին: Ջեբրայիլի երկու հազարանոց բրիգադից 1950-ը (!), թողնելով դիրքերը, անցան Արաքսի մյուս ափը՝ Իրան»:
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն իրավացիորեն նկատում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ազատագրած տարածքները թվարկելով՝ Ալիևն ասում է ոչ թե «հայրենիք կորցրինք», այլ՝ «Ինչքան հարստություն մենք կորցրինք»: Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը օրերս հայտարարեց. «Եթե հարկ լինի, մենք պատրաստ ենք մեր կյանքը տալ մեր երկրի տարածքային ամբողջականության համար»: Ոչ թե հայրենիքի, այլ՝ «տարածքային ամբողջականության»:
Օրերս Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը պատմեց հետևյալը. «Հիշում եմ, 1994թ. մարզային Բեյլագան քաղաքի կենտրոնում պատահմամբ ընկավ հայկական չպայթած մի արկ: Պայթյուն չկար, ռմբակոծում չկար, հարձակում չկար, սակայն քաղաքի բոլոր բնակիչները զանգվածաբար սկսեցին լքել իրենց տները, խուճապահար փախչել: Իսկ հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե ինչ-որ արկ ընկնի Բաքվի վրա: Հետևանքների մասին ինչ-որ մեկը գիտի՞: Բա՜» (http://voskanapat. info/news/levon_melik_ shakhnazarjan_ja_nikogda_ne_dumaju_o_mesti/2011-09-03-1672)…
Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Ռազմաքաղաքական