ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ՝ ԼՐՏԵՍԻ ԴԵՐՈՒՄ
Սկանդալային «WikiLeaks» կայքը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսի 2007թ. ապրիլի 11-ի հաղորդագրությունը, որում շարադրվում է Իլհամ Ալիևի հետ զրույցը Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների շուրջ:
Այդ զրույցի ընթացքում Ի.Ալիևն արտահայտում է հետևյալ ուշագրավ մտքերը.
«Ադրբեջանը սեղմված է երկու նախկին գաղութարարների՝ Իրանի և Ռուսաստանի միջև»:
«Ինչպես նրանք (Ռուսաստանը և Իրանը) կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար, այնպես էլ մենք կարող ենք խնդիրներ հարուցել նրանց համար»:
«Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը մեզ համար աղետ կլինի: Եթե իրանաբնակ ադրբեջանցիների ընդամենը 10%-ը հատի Ադրբեջանի սահմանը, Ադրբեջանի վերջը կգա: Իրանցիները, թեկուզև էթնիկ ադրբեջանցիները, իրենց հետ կբերեն իսլամական մշակույթ, ինչն Ադրբեջանը կփոխի դեպի վատը: Ավելացել է այն իրանցիների քանակը, որոնք, վախենալով Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումից, ցանկանում են սեփականություն ձեռք բերել Բաքվում»:
«Նախագահ Ահմադինեժադի հետ հանդիպումների ժամանակ վերջինս մշտապես խոսում է պատերազմի և ռազմական խնդիրների մասին՝ ի տարբերություն նրա նախորդի՝ Խաթամիի, որի հետ ես սովորաբար քննարկում էի գրականություն և պոեզիա»:
«Ահմադինեժադը Իրանի կրոնական ղեկավարության հետ ընդհանուր հայացքներ ունի, բայց մենք տեղեկություն ունենք, որ երկու ճամբարների միջև լարվածությունն աճում է»:
«Ահմադինեժադը և Իրանը անկանխատեսելի են»:
«Մի անգամ ես Ահմադինեժադին ասացի, որ միջազգային ասպարեզում նրա ելույթները անիմաստորեն գրգռող են, ինչին Իրանի նախագահը պատասխանեց. «Դու պետք է երջանիկ լինես, իմ խոսքերի պատճառով նավթի գներն աճում են»» (http://www.regnum.ru/news/1442274.html):
Ինչպես տեսնում ենք, Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի դեսպանին է փոխանցել հետախուզական արժեք ունեցող տեղեկություններ, որոնք վերաբերում են Իրանին և Իրանի նախագահին:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ