Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՈՒՄ ԽՈՐ ՎԻՐԱՊՈՒՄ



ԵՐԴՈՒՄ ԽՈՐ ՎԻՐԱՊՈՒՄՆորակոչիկների զինվորական երդումը խորհրդանշական վայրում է`ուխտատեղի և նվիրական սրբավայր Խոր Վիրապ վանական համալիրում:

Շարքում զինվորներն են, շարքի դիմաց՝ ծնողներն ու հարազատները: Մի քիչ հուզմունք, բայց և անսպառ հպարտություն. նորակոչիկների հարազատները վստահ են՝ իրենց զավակները պատվով են կրելու զինվորական համազգեստը, զգոնությամբ ու պատասխանատվությամբ կատարելով հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը:

Օրը հիշարժան ու պարտավորեցնող է յուրաքանչյուրի համար: Զինվորական երդումը փոխում է նորակոչիկների կյանքը, մեծացնում պատասխանատվությունը` հայրենիքի պաշտպանի առաքելությունը արժանապատվորեն կատարելու համար:

Նորակոչիկ Արգամ Նաջարյանը նշում է. «Մինչև այժմ չէի գիտակցում այն պատասխանատվության չափը, որ դրված է մեզ վրա, բայց այս պահից արդեն ամեն ինչ ուրիշ է, ու պետք է պատասխանատու լինենք մեր կատարած ամեն քայլի համար»:

Իսկ Հովհաննես Ստեփանյանն էլ ավելացնում է. «Ծառայությանը վերաբերվում եմ շատ լավ, տրամադրությունս հիասքանչ է»

Նորակոչիկ Ստեփանյանը Ուկրաինայից Հայաստան է վերադարձել այն համոզմամբ, որ  յուրաքանչյուրի անձնվեր ծառայությունից ու զինվորական մասնագիտությանը լիարժեք տիրապետելուց է կախված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը. «7 տարի ապրելով Ուկրաինայում՝ որոշեցի գալ, պարտքս կատարել հայրենիքիս ու շատ հպարտ եմ»: Հովհաննեսի հետ միակարծիք են նաև նրա հարազատներն ու հատկապես ավագ եղբայրը՝ Հակոբը, որ մասնակցել է ապրիլյան պատերազմին ու այսօր էլ խորհուրդներով օգնում է  եղբորը. «Առաջին հերթին՝ ասել եմ, որ գիտակցի, որ արդեն զինվոր է: Եթե տղա ես, հայ տղա ես, ուրեմն պետք է ծառայես, քանի որ ծառայությունը շատ է փոխում մարդուն, դարձնում ավելի ինքնավստահ ու ինքնուրույն»:

Հիշարժան օրը նաև հոգևոր խորհուրդ ունի: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես սրբազանի հանդիսապետությամբ զինծառայողներին են բաժանվում «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանները, որոնք սպաներն ու զինվորները կրելու են իրենց համազգեստին` որպես խաղաղ ծառայության պահապան ու խորհրդանիշ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #6 (1277) 20.02.2019 - 26.02.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/02/2019