Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵԼ Է ԻՐԱՆԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ



Այս օրերին Իրանը ռազմաօդային ուժերի տասնօրյա լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի սահմանի հարևանությամբ: Զորավարժությանը մասնակցում են կործանիչներ, ռմբակոծիչներ, տրանսպորտային և այլ նշանակության ավիացիա (այդ թվում «Миг-29», «Су-24», «F-4», «F-5» և տեղական արտադրության «Saegeh»), որը պետք է քառափուլ փորձարկման ենթարկվի: Զորավարժության անվանումն է՝ «Երկնքի պաշտպաններ Վիլայաթ -3»:

Զորավարժության պատասխանատուներից Հասան Չիթֆորուշը հայտարարել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը Կասպից ծովի տարածաշրջանում կտրուկ հակահարված կտան ցանկացած սպառնալիքի:

Այս զորավարժությունն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում: Քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն ասել է. «Եթե Թեհրանը որոշել է իր «մկանները ցույց տալ» Ադրբեջանին, ապա՝ իզուր»: Նա նշել է, որ թեպետ Իրանը հաճախ է զորավարժություն անցկացնում, սակայն դրանք շատ հազվադեպ են լինում Ադրբեջանի սահմանի մոտ (http://www.echo-az.com/index.php?aid=15048):

Հիշեցնենք, որ զորավարժությունից մի քանի օր առաջ Իրանի բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարել էր, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքից կարող է հարված հասցնել Իրանի միջուկային հաստատություններին, և որ Իսրայելն Ադրբեջանի տարածքից հետախուզական գործունեություն է ծավալում Իրանի դեմ: Այս մասին օգոստոսի 9-ին հայտարարել է նաև Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին:

«Իրանի պաշտոնատար անձանց գործողությունները սկսել են սպառնալ Ադրբեջանի Հանրապետությանը,- այս առթիվ օրերս հայտարարել է ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն:- Թեհրանն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Ադրբեջանի սահմանների մոտ» (http://www.regnum.ru/news/1443592.html):

Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Ռազմաքաղաքական


22/09/2011