«ԵՍ ԶԻՆՎՈՐ ԵՄ»…
Գնդապետ Հրանտ Հովհաննիսյանի մահվան տարելիցը
Հրանտ Գրիգորի Հովհաննիսյանը ծնվել է 1918թ. դեկտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Լիճք գյուղում: Բազմազավակ ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, բայց երբ այդ բոկոտն, զրկանքներով մեծացող տղան գնաց դպրոց, բոլորին զարմացրեց ոչ միայն հրաշալի ունակություններով եւ ֆենոմենալ հիշողությամբ, այլեւ գիտելիքների հանդեպ զարմանալի ձգողականությամբ, որը պահպանեց ողջ կյանքի ընթացքում: Ձմեռվա ցուրտ երեկոներին սառած ոտքերը թոնրի մեջ կախած` նա կարդում էր մոմի լույսի ներքո` գիրքը ծնկներին: Ոչինչ չէր կարող շեղել կամ կտրել նրան այդ զբաղմունքից: Ուսման ընթացքում նա երեք անգամ ուռչել է սովից, սակայն դպրոցում միշտ գերազանց է սովորել:
1936թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նրան` գերազանցիկ կոմերիտականին, որպես ուսուցիչ ուղարկեցին դասավանդելու Մարտունու շրջանի Կարանլյուղ գյուղում. այդ տարիներին ուսուցչական կադրերը չէին բավականացնում: Նա դրսեւորեց իրեն որպես լավ մանկավարժ, զուգահեռ շարունակեց ուսումը` 1938թ. հեռակա ավարտելով Երեւանի մանկավարժական ինստիտուտը: Նույն թվականին արդեն ուսմասվարի պաշտոնից զորակոչվեց զինվորական ծառայության Լենինգրադի ռազմական օկրուգ, ընդունվեց օկրուգի ռազմական դպրոց: Մինչ այդ ռուսերեն ոչ մի բառ չիմանալով` նա այնպես տիրապետեց ռուսաց լեզվին, որ տարեվերջյան բոլոր քննությունները գերազանց հանձնեց:
Այնուհետեւ մասնակցեց խորհրդա-ֆիննական պատերազմին` որպես հրետանային գնդի մարտկոցի քաղղեկի տեղակալ: 1941թ. մայիսին նա զորացրվեց, վերադարձավ Հայաստան եւ նշանակվեց Մարտունու շրջանի Կզիլ-Կարաբա գյուղի դպրոցի տնօրեն: Սակայն շուտով սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, եւ քաղղեկ Հովհաննիսյանը դիմեց շրջկոմի եւ զինկոմիսարիատի ղեկավարությանը` խնդրելով ուղարկել ռազմաճակատ:
Նա մասնակցեց Սեւաստոպոլի պաշտպանության ծանր մարտերին, ապա Զաքյանի հրամանատարությամբ գործող 390-րդ ցամաքային դիվիզիայի կազմում` Ղրիմի ռազմաճակատում Կերչի ճակատամարտին: Ե՜վ Սեւաստոպոլում, եւ՜ Կերչում թշնամու հրետակոծությունն այնքան ուժգին էր, որ զինվորները պարզ երկինք չէին տեսնում: Դիվիզիան կորցրեց անձնակազմի 80 տոկոսը:
1942թ. դժվար օրերին, երբ թշնամին պատրաստվում էր գրավել Կովկասը, 9-րդ հրաձգային բրիգադի քաղղեկ Հրանտ Հովհաննիսյանը մարտնչում էր Հյուսիսային Կովկասում, ուր ներկայացվել է «Կարմիր աստղ» շքանշանի: «Մալգոբեկ բնակավայրի համար մղվող մարտերում նա իր վաշտով փայլուն հաջողությունների է հասել` թշնամուն զգալի կորուստներ պատճառելով, ոչնչացրել է հակառակորդի հետեւակի մինչեւ երկու դասակ: Վաշտի մարտիկների համախմբվածությունն այնքան մեծ էր, որ վիրավորները հրաժարվում էին տարհանվել` մնալով շարքում եւ մահացու կրակ վարելով հարձակվող ֆաշիստների ուղղությամբ: Երբ թշնամին ճեղքեց մեր հետեւակի պաշտպանությունը եւ չափազանց մոտ էր, Հովհաննիսյանը գրոհի տարավ ականանետորդներին: Մեծ կորուստներ կրելով` թշնամին նահանջեց… Արժանի է պետական պարգեւի` «Կարմիր աստղ» շքանշանի ներկայացվելու» ( ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվ):
Այնուհետեւ նա ուսանեց ռազմաքաղաքական վարժարանում, որն ավարտելուց հետո մարտնչեց II Բելառուսական ռազմաճակատում` 8-րդ մեքենայացված կորպուսի 68-րդ բրիգադի կազմում: 139-րդ տանկային գնդի ագիտատոր ավագ լեյտենանտ Հովհաննիսյանը մասնակցեց Դանցիգի գրավմանը, որի համար երկրորդ անգամ պարգեւատրվեց «Կարմիր աստղ» շքանշանով, այնուհետեւ Քյոնիգսբերգի գրավմանը, մարտերով անցավ Գերմանիայի ողջ տարածքով:
«139-րդ տանկային գնդի ագիտատոր Հ. Հովհաննիսյանը երթի ժամանակ հանդիպելով հակառակորդի ինքնագնաց մեքենայի` երկու զինվորների հետ միասին իջել է տանկից, անձամբ ոչնչացրել վարորդին եւ գերի վերցրել մնացած անձնակազմը» (ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվ):
«29.04.1945թ. Հ. Հովհաննիսյանը առաջնորդեց հետեւակայինների դեսանտը, «սանրեց» անտառը, դուրս եկավ ճանապարհների խաչմերուկ: Գերմանացիները փախուստի դիմեցին` թողնելով զինամթերքով բեռնված երկու մեքենա: Դրա շնորհիվ տանկային ստորաբաժանումները անարգել դուրս եկան կենտրոնական ճանապարհ` Նոյշտերլից քաղաքի արեւելյան կողմում: Նույն օրը նրան հրաման տրվեց սակրավորային դասակի ուժերով ապահովել գնդի շտաբի եւ թիկունքի պաշտպանությունը հյուսիսից` Վայսուլին բնակավայրի կողմից հանկարծակի հարձակման դեպքում: Գերմանացիները երեք մեքենաներով` յուրաքանչյուրում 25 զինվոր, հայտնվեցին հանկարծակի` մեծ արագությամբ փորձելով անցնել Նոյշտերլից քաղաք: Հ. Հովհաննիսյանը, չսպասելով մյուսներին, առաջ գնաց եւ ատրճանակի կրակոցով սպանեց վարորդներից մեկին, մյուսները հանկարծակիի գալով` փախուստի դիմեցին: Հետապնդելով նրանց` անձամբ գերի վերցրեց 8 հոգու:
02.05.1945թ. Դոսեով գյուղի վրա հարձակման ժամանակ ձախակողմյան ճակատում խնդիր կատարող տանկային վաշտի կազմում դեսանտային խումբը գրոհի տանելով` փախուստի մատնեց գերմանացիներին եւ 19 մարդու գերի վերցրեց: Նույն օրը Գուտլից քաղաքի վրա հարձակման ժամանակ գերի վերցրեց 3 հոգու: Մեր հայրենիքի համար մղվող մարտերում ցուցաբերած քաջության, խիզախության եւ նախաձեռնողականության համար արժանի է ներկայացվելու կառավարական պարգեւի` «Հայրենական պատերազմի» շքանշանի» ( ԽՍՀՄ Մոսկովյան օկրուգի կենտրոնական արխիվ):
Իսկ հետո` մայիսի 4-ին, Էլբայի վրա դաշնակիցների ` ԱՄՆ ռազմաօդային դիվիզիայի հետ հանդիպումն էր: Մայիսի 9-ին Հրանտ Հովհաննիսյանը մարտական ընկերների հետ միասին Բեռլինից 60 կմ հեռավորության վրա գտնվող Գրաբով քաղաքում նշեց Հաղթանակի օրը` ստանալով կապիտանի կոչում եւ շնորհավորական հեռագիր` անձամբ մարշալ Ռոկոսովսկուց:
Պատերազմի ընթացքում ցուցաբերած քաջության, խիզախության եւ հերոսության համար հայրենիքը իր փառապանծ զավակին պարգեւատրեց երեք «Կարմիր աստղ», I եւ II աստիճանների «Հայրենական պատերազմի» երկու շքանշաններով, բազմաթիվ մեդալներով` «Կովկասի պաշտպանության համար», «Քյոնիգսբերգի գրավման համար», «Մարտական ծառայության», 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» եւ այլն:
Պատերազմից հետո մինչեւ 1962թ. Հովհաննիսյանը շարունակեց ծառայությունը բանակում: Բելառուսում եւ Անդրկովկասի զինվորական օկրուգում զբաղեցրեց քարոզչական բաժնի աշխատակցի, տարբեր զորամասերում զինվորական թերթի հատուկ թղթակցի, քաղբաժնի ավագ հրահանգչի, կուսակցական ակտիվի դպրոցի ղեկավարի պաշտոններ: 1957թ. ավարտեց հայկական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը` «Պատմություն» մասնագիտացմամբ:
Զորացրվելուց հետո վերադարձավ Հայաստան, աշխատեց Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի Արխիվային գլխավոր վարչությունում` որպես բաժնի պետ, ապա վարչության պետի տեղակալ: Լինելով նախաձեռնող եւ եռանդուն աշխատակից, օժտված լինելով հիանալի կազմակերպչական ունակություններով` նա զգալի աշխատանք կատարեց այդ ոլորտը զարգացնելու համար: Որպես «Բանբեր Հայաստանի արխիվների» խմբագրական կոլեգիայի անդամ` ակտիվորեն օգնել է այդ ամսագրի թողարկմանը. խմբագրել է հեղինակային նյութեր, հրատարակել է հոդվածներ եւ հետաքրքիր վավերագրական նյութեր: Հովհաննիսյանը նաեւ գիտական խորհրդի նախագահության անդամ էր, գիտական կադրերի պատրաստման ղեկավար: Իր աշխատաոճի, ազնվության, սկզբունքայնության, աշխատակիցների նկատմամբ ուշադրության շնորհիվ բարձր հեղինակություն ուներ, վայելում էր ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը:
Իր անգնահատելի ավանդն է ներդրել Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայերի հիշատակը հավերժացնելու գործում: Նա առաջինն է հայտնաբերել եւ Հայաստան բերել հայ զինվորների եւ պարտիզանների մասին ռազմաճակատային փաստաթղթեր` մեծ ծավալի աշխատանք կատարելով ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվում, ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի կենտրոնական թանգարանում եւ այլուր: Ռազմաճակատային այդ փաստաթղթերի մի մասը ներառվել է «Խորհրդային Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» ժողովածուի մեջ (Երեւան, 1975թ.): Նույն ժողովածուի մեջ տեղ են գտել նաեւ թիկունքային ծառայողների մասին տվյալներ: Այդպիսով` Հրանտ Հովհաննիսյանը իրագործեց իր վաղեմի երազանքը` ցույց տալ հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմում: ԽՍՀՄ-ում առաջին նմանատիպ ժողովածուն լայն արձագանք գտավ ողջ երկրում: Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ այդ ժողովածուն կրկին Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ վերահրատարակվեց (Երեւան, 2009թ.):
Հ.Հովհաննիսյանը 409-րդ հրաձգային դիվիզիայի պատմության մասին գրված «Փորձությունների միջով» (1978թ.), «Հայկական-Կիրովոգրադյան» (1989թ.) մենագրությունների հեղինակ է: Նրա հայտնաբերած արխիվային փաստաթղթերի հիման վրա հրատարակվել է նաեւ «409-րդ Կիրովոգրադյան Բրատիսլավյան, Բոգդան Խմելնիցկու շքանշանակիր հայկական դիվիզիայի մարտական ուղին» փաստավավերագրական նյութերի ժողովածուն (1980թ. I մաս, 1981թ. II մաս):
Հ. Հովհաննիսյանը Ա. Մնացականյանի հետ միասին մեծ ավանդ է ներդրել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի ստեղծման գործում, եղել է գիտական խորհրդի անդամ: Արխիվային վարչությունում արգասաբեր գործունեության համար Հովհաննիսյանը բազմիցս պարգեւատրվել է Գերագույն խորհրդի եւ Մինիստրների խորհրդի պատվոգրերով:
Աշխատանքին զուգահեռ նա շարունակում էր լրագրողական, գրական-հրապարակախոսական եւ հասարակական ակտիվ գործունեությունը, մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը. դասախոսություններ էր կարդում «Գիտելիք» կենտրոնում, Հայաստանի կոմկուսի կենտկոմի գաղափարախոսության բաժնի արտահաստիքային տեսուչ էր, 26 կոմիսարների անվան շրջկոմի կուսկոմի արտահաստիքային քարտուղար: Նրա գրչին են պատկանում քաղաքական, ռազմական եւ գիտական բնույթի բազմաթիվ հոդվածներ` մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատային անցուդարձի եւ հրամանատարների, հաղթանակի նշանակության, հայ ժողովրդի մասնակցության մասին: Նրա բոլոր հոդվածները, որոնք նա փայլուն գրում էր նույնիսկ մեծ տարիքում, կյանքի վերջին օրերին, զարմացնում են մտածողության հստակությամբ, անվիճարկելի հիմնավորմամբ, կարծես թե վաղուց հայտնի փաստերի եւ իրադարձությունների նկատմամբ յուրահատուկ մոտեցմամբ եւ անսպասելի ու անհերքելի եզրահանգումներով:
1964թ. Հովհաննիսյանը ակտիվորեն մասնակցել է պատերազմի վետերանների կոմիտեի աշխատանքներին, 1990թ. ընտրվել է նախագահի տեղակալ, իսկ 1997թ.` կոմիտեի նախագահ` այդ պաշտոնում ակտիվ ու բազմակողմանի գործունեություն ծավալելով մինչեւ կյանքի վերջին օրերը: Այդ տարիներին նա դարձավ մարշալ Բաղրամյանի եւ ծովակալ Իսակովի հուշարձանների տեղադրման, ինչպես նաեւ նրանց անվան մեդալների հիմնման նախաձեռնողներից մեկը:
Ինքն իր մասին պարզապես ասում էր. «Ես զինվոր եմ»` համեստորեն լռելով անձնական արժանիքների եւ վաստակի մասին: «Մարդ պետք է ծառայի սեփական ժողովրդին». սա էր Հրանտ Հովհաննիսյանի կյանքի նշանաբանը, որով նա առաջնորդվեց շուրջ 3/4 դար:
ԷԴԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Ճակատագրեր