Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ



Սկիզբը՝ նախորդ համարում

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ1994 թ. հունվար-փետրվար

Մեծ կարեւորություն տալով ռազմաճակատի այդ հատվածում ղարաբաղյան զինավաշտերի դիրքերը անպայմանորեն խորտակելու անհրաժեշտությանը՝ ադրբեջանական հրամանատարությունը վճռում է չխնայելով ուժերը՝ հարձակումը շարունակել նաեւ գիշերը: Այդ օրերին տեղացող անձրեւախառն ձյունը եւ ցուրտը անտանելի իրավիճակ են ստեղծում օրեր շարունակ դիրքերը պահող զինվորների համար: Պետոն մշտապես զինվորների կողքին էր, կռիվների ամենաթեժ կետերում:

Վերհիշելով այդ լարված ու անքուն գիշերներով հագեցած օրերը՝ թալինցի Սաքոն նշում է. «Պետոն միշտ մեզ հետ էր, մեր թիկունքին, իսկ կռիվների պահերին մեր առջևում էր…»:

Կարծես լրացնելով իր մարտական ընկերոջ վկայությունը՝ կաթնաղբյուրցի Վարդգեսը ավելացնում է. «Նա որպես հրամանատար և որպես զինվոր առաջինն էր: Ինչպիսի գործողություն էլ լիներ, Պետոն գրեթե մշտապես առջևում էր: Նրա այդ պահվածքն ու անձնական օրինակն էր, որ ոգևորում և խրախուսում էր տղաներին»:

Գիշերը ադրբեջանցիները կիրառում են արցախյան պատերազմում մինչ այդ աննախադեպ մարտավարական գործողություններ: Նրանց զինվորները, երկու դասակի կազմով, մոտենում են հենակետին և միաժամանակ, մոտավորապես 60 նռնականետներից կրակ տեղում գումարտակի պաշտպանական դիրքերին: Ընդ որում, նռնականետորդները զենքերը (ռուսական վերջին՝ «ՌՊ-16» տեսակի նռնականետ, որի հարվածի հեռահարությունը հավասար է 1500 մետրի) օգտագործում էին այնպիսի վարպետությամբ, որ, թվում էր, թե կրակում էին ինքնաձիգներից:

Կռիվների մասնակիցների բնութագրմամբ՝ գիշերային մթության մեջ սուրացող և երբեմն միմյանց բախվող կրակե շապիկով պարուրված նռնականետներից արձակված տասնյակ նռնակները մի անպատմելի «գեղեցիկ» տեսարան էին ստեղծում:

Մարտավարական նման եղանակի կիրառմամբ հակառակորդի հրամանատարությունն առավելապես ձգտում է հոգեբանական գրոհներ ձեռնարկել և տասնյակ նռնականետների մեծադղորդ աղմուկով և դիրքերի վրա տեղացող կրակի հեղեղով սարսափ ու խուճապ առաջացնել հայ զինվորների շարքերում: Սակայն հակառակորդի ձեռնարկած ոչ մի ուժ ու մարտավարության ոչ մի նորույթ ի զորու չէին ահաբեկելու Պետոյին ու նրա զինվորներին: Նա իր գումարտակով պատրաստ էր նաև թշնամու հոգեբանական գրոհներին:

Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը շարունակվող մարտերն ընթանում էին հիմնականում առաջին և  2-րդ հենակետերում և նրանցից աջ դիրքավորված Էռնեստի կրակային դասակի ու Մուկուչի գլխավորած ջոկատների պաշտպանական դիրքերում: Գումարտակի պաշտպանության այդ հենակետերում տղաները մարտնչում էին ուժերի գերագույն լարումով ու աննկարագրելի խիզախումներով: Պետոն հայտնվելով ճակատի մերթ այս մերթ այն հատվածում՝ ոգևորում և հմտորեն ղեկավարում էր զորաջոկատների գործողությունները:

Անդրադառնալով այդ ծանրագույն պահին զինվորների վրա հրամանատարի ունեցած ազդեցության գնահատմանը՝ հրազդանցի Մհերը նշում է. «Երբ ինքը կար, մենք կարծես թե թևեր էինք առնում ու թռչում: Հեշտ էր նրա հետ, նրա հրամանատարությամբ… Ինքը կարծես ամբողջ գումարտակի սիրտը լիներ, մի խոսքով՝ մարդկանց կյանք տվող էր…»:

Նռնականետորդների դասակների աջակցությամբ ձեռնարկվող ադրբեջանցի զինվորների զանգվածային գրոհները փշրվում են՝ հանդիպելով մեր զինվորների երկաթյա պաշտպանությանը: Ամբողջովին խորտակվում է հակառակորդի հրամանատարության` վարձու արհեստավարժների միջոցով իրականացվող մարտավարական այս նորամուծությունը ևս: Գիշերային մարտում թշնամին կրում էր իր հերթական պարտությունը: Նույնն էր պատկերը մինչև հունվարի 8-ի առավոտյան:

Այդ օրը ռազմաճակատի հրամանատարությունից Պետոյին հայտնի է դառնում, որ թշնամին մեծ ուժեր կենտրոնացնելով՝ կարողացել է թափանցել իր և ձախ հարևանի՝ Հադրութի գնդի Ռիժիկի գումարտակի արանքը: Ահավոր սպառնալիք է կախվում Պետոյի գումարտակի վրա: Քանի որ աջ կողմը հենց առաջին օրն էր բաց մնացել, ապա ձախ կողմից թշնամու կտրուկ առաջխաղացման դեպքում ամբողջ գումարտակն անխուսափելիորեն կհայտնվեր շրջապատման մեջ:

«… Քանի որ թշնամին, – նշում է Արթուր Աղաբեկյանը,- անցել էր ավելի կազմակերպված հարձակումների, և քանի դեռ մնում էին բաց տարածքներ, ապա հնարավոր չէր այդքան մարդկանցով այդ գոտին պահել:

… Երբ արդեն վտանգ էր սպասվում, որ թշնամին Շուքյուրբեյլի, Սեյդահմեդլի, Կարախանբեյլի գյուղերի ճանապարհով կարող էր մտնել մեր մյուս երեք գումարտակների թիկունքը, և վտանգի տակ կդրվեր Ֆիզուլի քաղաքը, որտեղ մենք էինք դիրքավորված, հրամանատարության հետ համաձայնեցրի իմ առաջարկությունը, և կազմակերպեցինք Պետոյենց ու մեր մյուս երեք գումարտակների նահանջը»:

Ստանալով Արթուր Աղաբեկյանի համաձայնությունը՝ Պետոն ձեռնամուխ է լինում գումարտակի զորավաշտերը դիրքերից դուրս բերելու և նահանջը կազմակերպելու խնդիրների կատարմանը: Գումարտակի զինվորների համար այնքան էլ հաճելի չէր թողնել այն դիրքերը, որոնց պաշտպանության համար նրանք մարտնչել էին աննահանջ, ուժերի գերագույն լարումով, գեշեր ու ցերեկ, միայնակ և առանց դույզն-ինչ հանգստանալու: Պատերազմական իրավիճակում զորքի նահանջի ճիշտ կազմակերպումն ու նրանց անվտանգությունն ապահովելու վարպետությունը հրամանատարի անվիճելի առավելություններից ու կազմակերպչական տաղանդի լավագույն ապացույցներից են: Տվյալ իրավիճակում Պետոն իր հրամանատարական վարպետությունը պիտի դրսևորեր այս անգամ արդեն գումարտակի անվտանգ ու անկորուստ նահանջը կազմակերպելիս: Գլխավորն այն էր, որ նահանջն ընթանար խստորեն կազմակերպված` առանց շտապողականության ու խուճապի և անպայման բոլոր զորաջոկատների փոխհամագործակցության ապահովմամբ:

Անդրադառնալով հունվարյան կռիվներում Պետոյի գումարտակի գործունեությանը՝ Արթուր Աղաբեկյանը տալիս է հետևյալ գնահատականը. «Համոզված եմ, որ այդ գումարտակից օրինակ վերցրին մեր գումարտակները: Նրանք օրինակ վերցրին Պետոյենց գումարտակից, թե ինչպես կարելի է կռվել պաշտպանվելիս, թե ինչպես կարելի է հետ շպրտել թշնամուն առանց խուճապի ու նրանց առաջխաղացումից վախենալու: Այդ օրերին, որպես լավագույն օրինակ, միշտ վկայակոչում էինք այդ գումարտակը»:

Գնդի գումարտակներից մեկի հրամանատար Վահան Բադաթյանը, կարծես ավելի զարգացնելով այս գնահատականը, նշում է. «Իմ կարծիքով, ովքեր ծանոթ են Պետոյենց գումարտակին, համոզված են, որ իր մարտունակությամբ ու կարգապահությամբ այն գերազանցում է Արցախի բոլոր գումարտակներին»:

Եթե ընդհանրացնենք և գնահատենք Պետոյի գլխավորած Շուշիի առանձնակի գումարտակի կռիվների առաջին երեք օրերում դրսևորած գործունեությունը, ապա անվարան կարելի է ասել. հակառակորդի հրամանատարության համար կատարյալ անակնկալ էր ռազմաճակատի այդ հատվածում հայ զինվորների դրսևորած այդօրինակ անխորտակ պաշտպանունակությունը: Թվում է, թե անհավատալի ու հասարակ մահկանացուների ուժերից վեր էր այն, ինչ կատարեց Պետոյի գումարտակը: Երեք օր ու գիշեր կիսաշրջափակված՝ անպատմելի խիզախումներով ու երկաթյա պաշտպանությամբ պարտության մատնելով ադրբեջանական հսկայական գերակշռող ուժերին՝ գումարտակը աներեր պահում է ռազմաճակատի գիծը: Այդ օրերի մարտական գործողությունների անաչառ ուսումնասիրությունն ու վերլուծությունը միանշանակ ապացուցում են, որ Պետոյի գումարտակն իր գործունեությամբ իրավամբ արմատական բեկում մտցրեց ռազմաճակատի մարտական գործողություններում: Համեմատաբար արագ հաջողության հասնելով ռազմաճակատի հարավային հատվածում, ադրբեջանցիները հույս ունեին մեծաքանակ ռազմական ուժերի և մարտավարական նոր, դեռևս չկիրառված միջոցների օգտագործմամբ վճռական հաջողություն ձեռք բերել նաև այս ուղղությունում: Սակայն Պետոյի գումարտակն իր անխորտակ պաշտպանությամբ խառնելով հակառակորդի հրամանատարության հաշիվները՝ ձախողում է նրանց ձեռնարկումները և հնարավորություն ընձեռում ԼՂՀ բանակի հրամանատարության համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմամբ  կայունացնել և ուժեղացնել այս ուղղության պաշտպանությունը:

Եթե Պետոն իր զինվորներով չկարողանար կանգնեցնել թշնամու հարձակումները, ապա միանգամայն հնարավոր էր, որ պաշտպանության երկրորդ բնագծերի բացակայության պայմաններում զրահամեքենաների աջակցությամբ նրանք ճեղքեին ռազմաճակատի գիծը և գրավելով Ֆիզուլին՝ ԼՂՀ խորքը և, բնավ չէր բացառվում, նաև Զանգեզուրի տարածք ներխուժելու սպառնալիք ստեղծեին:

1994 թ. հունվարյան կռիվները ևս մեկ փառապանծ ու ուսանելի էջ պարգևեցին Արցախյան ազատամարտի պատմությանը: Անվարան կարելի է պնդել, որ չնայած թշնամու իշխանությունների գործադրած հսկայական ջանքերին և ի լուր աշխարհի հռչակած ամպագոռգոռ հայտարարություններին, նրանց բազմակողմանիորեն կազմակերպված և տեխնիկապես գերազանց հագեցած բանակը կրել էր իր հերթական ծանր պարտությունը՝ այս անգամ արդեն արցախյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում: Միակ խոցելի տեղը թերևս Քելբաջարի ուղղությունն էր, որտեղ նրանց զորամիավորումներին հաջողվել էր անցնել Օմարի լեռնանցքն ու հաղթահարելով այդ ճակատում մարտնչող հայկական ուժերի պաշտպանությունը՝ կարողացել էր իր վերահսկողության տակ վերցնել լեռնանցքից մինչև Բաղիրլի, Բուզդուխ, Չիչագլի սարի բարձունքները և դրանցից դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Սեիդլյար ընկած տարածքները: Ռազմաճակատի այդ հատվածում թշնամու հետագա առաջխաղացումն անխուսափելիորեն կարող էր բացասաբար անդրադառնալ Արցախի մյուս ճակատներում ծավալվող մարտական գործողությունների ընթացքի վրա: Հակառակորդն օգտվելով ընձեռված հնարավորություններից՝ կարող էր առաջանալ Վանք, Բաղլիփեյա, Չարեքտար գյուղերի, ապա դեպի ավելի հարավ՝ Նարեշտար և այլ բնակավայրերի ուղղությամբ ու տիրելով Արցախի Հանրապետության տարածքը ձգվող հաղորդակցության կարևորագույն ուղիներին՝ շրջափակման մեջ վերցնել և մեկուսացնել Մարտակերտի ամբողջ ռազմաճակատը:

Տվյալ իրավիճակում անհրաժեշտ էր արմատական բեկում մտցնել նաև Քելբաջարի հյուսիսում ընթացող մարտական գործողություններում և վճռական ու խելամիտ քայլերի միջոցով հաղթահարելով ադրբեջանական զորքերի դիմադրությունը՝ վերստին վերահսկողության տակ վերցնել մինչև Օմարի լեռնանցքը ձգվող տարածքը: Այդ խնդիրը կենսագործելու նպատակով Արցախի Հանրապետության բանակի հրամանատարությունը Քելբաջարի ռազմաճակատ է տեղափոխում արցախյան մի քանի փորձառու զորամասեր, որոնց թվում նաև Շուշիի գումարտակի Ռոմիկի (Ռոմիկ Մարգարյան, այժմ՝ ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ) գլխավորած ջոկատը՝ թվով 15 հոգի:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #7 (1278) 27.02.2019 - 5.03.2019, Պատմության էջերից


28/02/2019