ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 60
Եկեք շրջենք մեր հայրենիքի սահմաններով, մեր աշխարհագրական գիտելիքները հարստացնենք նոր տեղանուններով: Համակվենք խրամատներով գոտեվորված մեր Երկրի հերոսական թրթիռներով: Շրջենք հայ ժողովրդի արժանապատվության ակունքներից ծնված տղերքի արյան արահետներով եւ փորձենք ճանաչել նրան, ում այսօր ունենք որպես Հայոց ազգային բանակի առաջնորդ: Վազգեն Սարգսյանը այնտեղ է, ուր սկսվում եւ չի ավարտվում մեր ժողովրդի կենսագրությունը: Վազգենին անքուն զինվորի հոգնության մեջ փնտրեք, թշնամու ինքնաթիռը հալածող հրթիռի սլացքի մեջ փնտրեք, իր վշտի մեջ վեհապանծորեն տեղավորվող որդեկորույս մոր հպարտության մեջ: Վազգենը այնտեղ է, ուր վերջանում են ճառերը, եւ սկսվում է գործը, այնտեղ է, ուր անզոր են բանսարկուները եւ ավելորդ` փափկակենցաղները:
Վազգեն Սարգսյանը 60 տարեկան է…
Մնայունը Հայաստան աշխարհն է, այն, ինչը իր եւ մեզ համար ամեն վայրկյան հայտնագործում եւ նվաճում է հայ զինվորը:
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»
♦♦♦
«Հայ ժողովուրդը վերջին 7-8 տարիներին համազգային սխրանք է գործել եւ անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերածը»:
♦♦♦
«Պատմությունն այսօր մեզ հրաշալի հնարավորություն է ընձեռել վերհիշելու մեր նախնյաց փառքը, հասնելու ժամանակի գնացքին: Ավելին, մեր ողջ պատմության ընթացքում մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին: Էլի մեկ-երկու լիարժեք քայլ, էլի մի քիչ համբերություն, փոխադարձ հանդուրժողականություն, եւ 21-րդ դարը մերն է լինելու»:
♦♦♦
«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա»:
♦♦♦
«Հայոց ազգային բանակը, որ մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է, պատրաստ է դառնալ մեր միասնականության խարիսխը»:
♦♦♦
«Վերջապես ես վախենում եմ բոլոր չվախեցողներից` անտարբերներից, արկածախնդիրներից, ժողովրդի բոլոր հնարավոր «փրկիչներից»:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Խորագիր՝ #7 (1278) 27.02.2019 - 5.03.2019, Ազգային բանակ, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում