Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԸՆԴՄԵՋ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ



ԱՆԸՆԴՄԵՋ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸՓոխգնդապետ Գարիկ Մուրադյանը շուրջ քսան տարի բանակում է: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ մշտապես դրսեւորելով զինվորականին հատուկ հմտություններ եւ մասնագիտական բարձր պատրաստվածություն: Նվիրված ծառայությունը գնահատվել է բազմաթիվ մեդալներով՝ «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան»…

Արմատներով Նոյեմբերյանից է փոխգնդապետը:

-Մանկությունս կրակոցների, արկերի պայթյունների տակ է անցել: Դպրոցական մի քանի  ընկերներով որոշեցինք ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ մտածելով, որ նման քայլով մեր փոքրիկ լուման կունենանք  մեր չքնաղ բնաշխարհի խաղաղությունը պահպանելու գործում: Անկեղծ ասած՝ ծնողներս դեմ էին, որ ես զինվորական դառնայի. չէին ցանկանում իրենց միակ արու զավակը այդ ուղղությունն ընտրեր:

Ռազմական բուհի մոտոհրաձգային բաժինն ավարտելուց հետո  Գարիկը  զորամասերից մեկում նշանակվեց դասակի հրամանատար:

Սպան կայանում է, երբ թաթախվում է զորամասային առօրյայի մեջ եւ կամաց-կամաց հաղթահարում զինվորական կյանքի դժվարությունները:

Դասակի հրամանատար, հետո վաշտի հրամանատար, շտաբի պետ….Նոր նշանակումներին եւ ուսադիրներին ավելացող  աստղերին զուգահեռ՝  ավելանում էր նաեւ պատասխանատվությունը:

2016թ. ապրիլին Գարիկ Մուրադյանը պաշտպանական շրջաններից մեկի գնդի հրամանատարի տեղակալն էր, եւ  երկու ամիս էլ դեռ չէր անցել, երբ  սկսվեց ապրիլյան պատերազմը.  թշնամին արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով լայնածավալ հարձակողական գործողություն էր սկսել՝ կիրառելով զինանոցում եղած տեխնիկայի գրեթե  բոլոր տեսակները:

-Մեր հատվածում  կոնկրետ մարտական գործողություններ չէին կատարվում, բայց կազմուպատրաստ կանգնած էինք՝ պատրաստ  կանխելու եւ դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգություն:   Մեր զինվորները նույնիսկ նեղվում էին. ասում էին՝ թույլ տվեք մենք էլ գնանք, կանգնենք կռվող տղերքի կողքին…

Պատերազմն անօրինակ սխրանքների թատերաբեմ է, իրենց քաջագործություններով հերոսանում էին տղերքը,   բայց  պատերազմը  նաեւ չամոքվող   ցավ է ու կորուստ… Պատերազմն անցած զինվորականի համար այն երբեք չի ավարտվում…

-Մինչ օրս էլ ականջներիս մեջ հնչում են Արմենակ Ուրֆանյանի խոսքերը, երբ  հրամանատարությունը  ռացիայով նրան ասում էր՝ հետ նահանջի. «Ո՞նց թողնեմ,  դուրս գամ,  էս պոստը ես չեմ սարքել-ամրացրել, էս հողը ես չեմ ազատագրել: Ո՞նց թողնեմ…Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու…»: Զինվորներիս հետ աշխատելիս, հրահանգավորելիս  հաճախ եմ պատմում հերոսական այս դրվագը:  Մեր հողի ամեն թիզը փրկագնված է թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով…

 

♦♦♦

Փոխգնդապետ Գարիկ Մուրադյանը այժմ ծառայում է Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտու պահպանությունն իրականացնող զորամասերից մեկում, զորամասի հրամանատարի  մարտական գծով տեղակալն է:

-Մեր անցյալի,  մեր պատմության որ էջն էլ թերթեք, թշնամու արյունոտ ձեռագիրն է,-ասում է փոխգնդապետն ու շարունակում:- Այսօր էլ  բազում մարտահրավերներով լի տարածաշրջանում ենք ապրում ու պարտավոր ենք առավել զգոն լինել, ուժեղ, պատրաստված:  Մեր մարտական պատրաստվածության մակարդակը հարկ է ամեն օր, ամեն ժամ բարձրացնել-կատարելագործել, առաջադրված խնդիրներն անթերի կատարել: Բանակում չկա մի գործ, մի ծառայություն, որ մարտունակության հետ անմիջականորեն փոխկապակցված չլինի, եւ ամենօրյա հետեւողական աշխատանք ենք իրականացնում  յուրաքանչյուր օղակում՝ մշտապես հարստացնելով զինծառայողների տեսական գիտելիքներն ու զարգացնելով գործնական հմտությունները:

Զորամասում մարտական պլանի համաձայն անցկացվում են  տարաբնույթ միջոցառումներ,  վարժանքներ,  հրաձգություն, մարտավարամասնագիտական պարապմունքներ,  մարզումներ,  տարբեր զորավարժություններ՝ հնարավորինս  մոտեցված  մարտական իրական գործողություններին: Զորավարժությունները  կատարվում են անկախ եղանակային պայմաններից, գիշեր թե ցերեկ, յուրաքանչյուր փուլում մշակվում է նոր գործողությունների   սցենար:  Ինչպես ասում են՝ դժվար ուսման մեջ, հեշտ՝ մարտում:

Տարեցտարի փոխվում են մարտական պատրաստությանն ուղղված աշխատանքների առաջնահերթությունները. ժամանակն իրենն է թելադրում:

Զորամասը պարբերաբար համալրվում է նոր տեխնիկայով,  նոր վարժասարքերով, նոր զենքերով:

-Նոր միջոցներ ստանալուն պես անցկացնում ենք ցուցադրական պարապմունքներ՝ հանգամանալից պարզաբանելով, ներկայացնելով դրանց աշխատանքի կարգը, բնույթը, առանձնահատկությունները, մարտավարատեխնիկական բնութագիրը: Այդ ամենից զատ տարբեր ստուգումների միջոցով փորձում ենք հասկանալ՝ զինծառայողը լիարժեքորեն յուրացրել է,  պատրաստ է անսխալ  գործարկելու: Պետք է ունենալ նորագույն  տեխնոլոգիաների շահագործմանն ունակ,  իրենց գործին հստակորեն տիրապետող մասնագետներ,- նշում է փոխգնդապետը,-իսկ դա պահանջում է անընդմեջ մասնագիտական որակների  եւ հմտությունների  կատարելագործում:

Զորամասը բազմաթիվ հաջողություններ է գրանցել համաբանակային  մրցումներում,  ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցած մրցումների ժամանակ  գրավել է պատվավոր առաջին տեղը, բոլորովին վերջերս էլ զորամասի թիմը լավագույն արդյունքներով վերադարձել է «Խաղաղության մարտիկ»  համաբանակային մրցույթի ներկայազորային փուլից:

-Մեր ամեն հաջողություն համատեղ եւ փոխկապակցված աշխատանքի արդյունք է,-նշում է փոխգնդապետ Գարիկ Մուրադյանը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #7 (1278) 27.02.2019 - 5.03.2019, Ազգային բանակ


28/02/2019