ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԶԻՆՎՈՐ՝ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ
ՀՀ զինված ուժերում փետրվարի 18-ին մեկնարկեց հերթական ուսումնական փուլը: Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց տեսական ու գործնական նոր պարապմունքներով, որոնք միտված են գրագետ, բանիմաց, մասնագիտորեն պատրաստված զինվոր կրթելուն, անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն: Ուսումնական փուլին լավագույնս նախապատրաստվելու նպատակով զորամասերում անցկացվեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքներ՝ անձնակազմի ամբողջական ներգրավմամբ: Հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի օրինակով ներկայացնենք պարապմունքների ընթացքը:
…Վաղ առավոտյան զորամասում հնչում է ուսումնական «Տագնապ» ազդանշանը: Անձնակազմը արագ կատարում է վերկացի գործողությունները, զինանոցում ստանում ամրակցված զենք-զինամթերքը, հանդերձանքը: Րոպեներ անց ստորաբաժանումները շարահրապարակում են՝ պատրաստ ռազմերթ կատարելու: Տվյալ փուլում գլխավոր նպատակը «Տագնապ» ազդանշանի ժամանակ անձնակազմին իրենց պարտականություններն ուսուցանելն է, վաշտի հերթապահի, օրապահների հմտությունները կատարելագործելը տագնապ ազդարարելիս և զենքի բաշխումը կազմակերպելիս: Առաջինը զենք-զինամթերք ստանում են վարորդները: Նրանք բոլորից շուտ հանդերձավորված շտապում են հավաքակայան. անձնակազմի և հրետանային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված մեքենաները դուրս հանում նստեցման շրջան:
Պարապմունքի ղեկավարները հետևում են զինծառայողների գործողություններին, անհրաժեշտության դեպքում ցուցումներ տալիս: Մարտական խնդիր ստանալիս ստորաբաժանումները գործում են ըստ մարտական հաշվարկների: Հենց այդ ժամանակ էլ առավել կարևորվում է տարբեր օղակների ներդաշնակումը:
Հետևում ենք տարբեր ստորաբաժանումների գործողություններին: Հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ենգիբարյանը, որը նաև ուսումնական կետերից մեկի ղեկավարն է, հատուկ ուշադրություն է դարձնում արդեն հավաքակայանում անձնակազմի ճիշտ և ներդաշնակ գործողություններին: Հրամանի համաձայն՝ նստեցման շրջակայքում բացազատվում են ականանետային մարտկոցի հաշվարկները: Անհրաժեշտության դեպքում նրանք կկարողանան խափանարար կրակով ապահովել հիմնական ուժերի դուրսբերումը զորամասից և տեղաշարժը: Քիչ անց նաև հրետանային մյուս միջոցներն են շարժվում դեպի նախորոշման շրջան: Նման պայմաններում հրետանու դերակատարումը չափազանց մեծ է՝ որպես հակառակորդի հավանական լայնածավալ հարձակումը կանխող գործոն մինչև մեր հիմնական ուժերի կենտրոնացումը:
Արդեն հավաքակայանում են նաև տանկային վաշտի զինծառայողները: Վաշտի հրամանատար, կապիտան Ն.Դավթյանի հրամանով կատարվում է զինտեխնիկայի ստուգողական զննում, որից հետո անձնակազմերը զեկուցում են շարժիչները գործարկելու և հիմնական նստեցման շրջան տեղաշարժվելու պատրաստականության մասին: Առավել արագ են գործում տանկային երկու անձնակազմերը՝ տանկի հրամանատարներ, ավագ լեյտենանտ Արսեն Ազիբեկյան ու սերժանտ Զալիբեկ Համբարձումյան, նշանառու օպերատորներ, շարքայիններ Իշխան Ղուկասյան ու Ռոբերտ Սարգսյան, մեխանիկ-վարորդներ, շարքայիններ Գեղամ Հարությունյան ու Տիգրան Վիրաբյան: Քիչ անց նրանք ռազմերթով զբաղեցնում են պայմանական հակագրոհի առաջին և երկրորդ բնագծերը:
Շտապում ենք զորամասից դուրս գալ և հասնել պայմանական նստեցման շրջաններից մեկը, ուր համապատասխան գործողություններ կատարելուց հետո դիրքավորվել և քողարկվել է փոխգնդապետ Ա.Դուրգալյանի ղեկավարած գումարտակը: Քողարկման տեղամասերն այնպես են ընտրված, որ հնարավոր լինի արդյունավետ մարտ վարել մոտեցող հակառակորդի հետ: Այնպես որ, բոլորովին անսպասելի տեղում դիրքավորված զինվորի ես հանդիպում՝ պատրաստ մարտի:
Հատկանշական է, որ թե՛ զորամասի տարածքում, թե՛ դրսում սահմանված կարգով իրականացվում էր ցամաքային և օդային պայմանական դիտարկում, ինչպես իրական մարտական գործողությունների ժամանակ:
Եռօրյա մարտավարաշարային պարապմունքներն առաջին հերթին ուսուցողական նպատակ ունեն: Առաջին օրը պարապմունքներն անցկացվեցին ջոկ-դասակ օղակում, երկրորդ օրը՝ վաշտ-գումարտակ օղակում: Երրորդ օրը զորամասն ամբողջությամբ ներգրավվեց համաժամանակյա վարժանքներին. անձնակազմը ռազմերթ կատարեց նախորոշման շրջան: Ամեն ինչ կատարվում էր մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում: Էական նշանակություն ուներ նաև այն փաստը, որ վարժանքներին ներգրավված էին ինչպես արդեն որոշակի փորձառություն ունեցող, այնպես էլ վերջերս զորակոչված զինծառայողները: Անձնակազմի մասնագիտական հմտությունների, մարտական պատրաստականության կատարելագործումը առավել քան կարևոր է, քանի որ զորամասի ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #7 (1278) 27.02.2019 - 5.03.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում