ԱՌԱՆՑ ՔԵԶ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՐԻՎ ՉԷ
Զրույց գրող ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բալայան, Հայաստանի Հանրապետության Անկախությունը 20 տարեկան է։ Ես չեմ ուզում, որ մեր զրույցը վերածվի Անկախության տարեգրության։ Մանավանդ՝ բոլորս էլ անկախության պատմության ականատեսն ենք ու մի մասնիկը։ Մինչ օրս մարդիկ այն կարծիքին են, որ Ղարաբաղյան շարժումը ցնցեց կայսրության հիմքերն ու փլուզեց գերտերությունը։
-Ծուռ պատը միշտ էլ փլվում է։ Եթե նույնիսկ ոչ տանիքի, ապա ժամանակի բեռան ծանրությունից։ Բայց… ի՞նչ կլիներ, եթե Ղարաբաղյան շարժումն ուշանար։ Հայկական Ղարաբաղը գոյություն չէր ունենա։ Կիրականանար Ղարաբաղը, Ամասիան, Մեղրին, Վարդենիսը, Մասիսը, Նոյեմբերյանը, Ղափանը ադրբեջանականացնելու՝ դեռեւս դարասկզբից եկող թուրքական ծրագիրը։ Պատահական չէր, որ Թուրքիայի նախագահ Օզալը սկսեց որոտ ու շանթ արձակել, երբ Շուշիից, Կիրովաբադից, Բաքվից հայերի տեղահանմանը Հայաստանի հայերը պատասխանեցին համարժեք գործողություններով։ Ժամանակներն ուրիշ էին, ու «Չկա հայկական հարց, որովհետեւ չկան հայեր» Թալեաթի բանաձեւը պետք էր իրականացնել յաթաղանից ոչ պակաս արդյունավետ ժողովրդագրությամբ։ Այդ նույն մոսկովյան ղեկավարները, որոնցից մեր ժողովուրդը արդարություն ու պաշտպանություն էր ակնկալում Շարժման սկզբում, ժամանակին կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի առջեւ խնդիր էին դրել Հայաստանի կուսակցական, տնտեսական, պետական, իրավական կառույցները համալրել ադրբեջանցիներով։ Նրանք ստիպում էին Դեմիրճյանին գնալ շրջանից շրջան եւ համոզել ադրբեջանցիներին մնալ Հայաստանում, ծնել ու բազմանալ։ Այդ նույն ադրբեջանցիներին, որոնք վերացրին ամբողջ հայությանը սեփական հայրենիքում՝ Նախիջեւանում, Դաշքեսանում, Շամխորում, հարյուրավոր այլ հայկական բնակավայրերում, հողին հավասարեցրին տասնյակ հազարավոր հայկական եկեղեցիներ, տաճարներ, ամրոցներ եւ այլ հուշարձաններ։
-Թվում էր՝ մենք մոռացել ենք անցյալը, եղեռնն ենք մոռացել, թուրքի պատմական կերպարը…
-Ղարաբաղյան շարժման առաջին օրերին ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսեւը շրջում էր Ադրբեջանում, Հայաստանում, Ղարաբաղում ու «բացատրական աշխատանք էր տանում` բնակչությանը հանգստացնելու համար»։ Նրա հայտարարությունից հետո, թե՝ սպանվել է երկու մարդ, երկուսն էլ՝ ադրբեջանցի, Աղդամից 15 հազարանոց ամբոխը անցավ հարձակման։ Երբ «Պրավդան» գրում էր, որ ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս տարածվող լուրերը հերյուրանք են, Սումգայիթում հոսում էր հայերի արյունը, վառվում էին տները, բռնաբարվում էին կանայք, իսկ «Պրավդան» 10 միլիոն տպաքանակով տարածում էր. «Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ հայերի իրավունքներն ու օրինական շահերը հուսալիորեն պաշտպանված են»։ Հավանաբար խորհրդային իշխանության պատմության մեջ փարիսեցիությունն այդքան մերկ ու ցցուն չէր եղել, որքան Ղարաբաղյան շարժման օրերին։ Սումգայիթից հետո Գորբաչովը որքան էլ ցանկացավ մեղմել հանցագործության չափը, պարզ դարձավ, որ դեպի հետ ճանապարհ չկա, որ Սումգայիթի հրդեհում այրվել են բոլոր կամուրջները։
-Բացառապես բոլորը Արցախյան պատերազմի մասին խոսելիս հաղթանակի առաջին գրավականն են համարում մեր միասնությունը։ Ինչո՞ւ հանկարծ հասկացանք միասնության արժեքը, հանկարծ կարողացանք համերաշխ լինել։
-Մեծն Եղիշեն ոչ միայն գովերգում էր մեր միասնականությունը, այլեւ զգուշացնում էր, թե որքան էլ ամուր լինեն մեր հայրենիքի պարիսպները, ինչ խիզախությամբ էլ կռվեն նրա որդիները, դժբախտությունն անխուսափելի է, եթե ամրոցում երկպառակություն լինի, եթե ի հայտ գան անձնապաշտ մարդիկ։ Եվ Ղարաբաղ-Ավարայրում էլ նույնն էր. «արտաքին թշնամու աչքին մեր միասնականությունը վտանգավոր էր թվում այնքան, որ երեք-չորս տեղ նրանք չհամարձակվեցին ելնել մեր դեմ»։
Ղարաբաղյան շարժումը մաքրեց Հայաստանը, բարձրացրեց ծնկած ազգը, ոտքի կանգնեցրեց։ Առանց Ղարաբաղյան շարժման Նաիրի երկրի վրա չէր բարձրանա անկախության եռագույն դրոշը։ Ղարաբաղյան շարժման կենդանի նյարդը ստիպեց հասկանալ, որ մենք ոչ թե հող ենք կորցրել, այլ մեր նախնիների աճյունը։ Նախնիներ, որոնք մեր ակունքն են, մեր հիմքը, մեր ավիշը։ Այդ նրանք են պահել ու պահպանել մեր հայրենիքը ու, ծնելով մեզ, իրենք են հայրենիք դարձել։ Գիշեր-ցերեկ մենք լսում ենք մեր նախնիների կանչը, Ղարաբաղում զոհված հայրենիքի զավակների ձայնը, որոնք կոչում են մեր ժողովրդին չշեղվել հայրենիքի ազատագրության ճշմարիտ ուղուց, առաջ գնալ՝ կրելով այն խաչը, որ Գողգոթայից հետո Հարություն է խոստանում։
-Բանակի ստեղծման մասին խոսելիս հռետորներն ասում են՝ հրաշքի պես ծնվեց, մեծացավ Սասունցի Դավթի նման։ Բայց նրանք, ովքեր տքնեցին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին բանակի յուրաքանչյուր հաջողության համար, բանակի ծնունդը համարում են օրինաչափ, սխրանքով ու հերոսությամբ ձեռք բերված իրողություն։
-Մի զրույց հիշեցի՝ 17-18 տարվա վաղեմության։ Սերժ Սարգսյանի հետ խոսում էինք։
«Ի վերջո, ովքե՞ր ստեղծեցին բանակը»։
«Ոչ ոք չի կարող բանակ ստեղծել, ոչ մի անհատ, եթե չլինի ժողովրդի դարավոր ցանկությունն ու հավաքական կամքը։ Հետո առանձնացան նվիրյալները, խիզախները, որոնք գործեցին»։
«Բանակաշինության պատասխանատվությունն իրենց ուսերին առան այն մարդիկ, ովքեր շատ հեռու էին բանակից՝ կոմերիտական պարագլուխներից մինչեւ… օրենքի հետ խնդիր ունեցող մարդիկ»։
«Կային մարդիկ, ովքեր կարող էին ավելի լավ, ավելի մասնագիտորեն անել այն, ինչ բանակաշինության ակունքներում կանգնած մարդիկ էին անում՝ իրենց անմնացորդ նվիրումով, խանդավառությամբ, հավատով։ Բայց ո՞վ գիտի՝ հավատն ու խանդավառությունը, նվիրումն ու ներքին մղո՞ւմն են ավելի ուժեղ, թե՞ արհեստավարժությունը»։
«Ո՞րն է այսօր բանակի թիվ 1 խնդիրը»։
«Հարկավոր է շատ արագ բարձրացնել ժողովրդի վստահությունը բանակի հանդեպ եւ բանակի վստահությունը ժողովրդի հանդեպ»։
«Խաղաղ բանակաշինությունը պակաս դժվարին չի լինելու»։
«Հարկադրված ենք հաղթահարելու պատերազմից խաղաղության անցնելու դժվարությունը։ Ինձ համար խաղաղությունը խաղաղություն չի լինի, եթե պետությունը չկարողանա պաշտպանել իրեն։ Աշխարհի վրա չես գտնի եւս մեկ անկյուն, որտեղ մեծից փոքր այսքան ծարավ լինեն խաղաղության եւ այսքան հաստատակամ` խաղաղությունը զոհելու հանուն հայրենիքի ազատագրության»։
-Խաղաղությունը պահպանելու ամենակարեւոր երաշխիքը երկրի պաշտպանունակությունն է։ Անկախությունը մի կտոր հաց չդարձավ ժողովրդի սեղանին, գոնե արդարություն դառնար, արժանապատվություն, հավատ… Որ ժողովրդի զրկանքները իմաստավորվեին ազատագրված Արցախից բացի էլի որեւէ բանով…
-Առաջնորդների պարտքն էր աչքի առաջ ունենալով պատերազմը՝ խաղաղությունն ամրացնել օրենքներով ու բարոյականությամբ։ Չխախտելով ժողովրդի արյամբ գրված սկզբունքները։ Պայքարից հրաժարվելը ավելի մեծ բարոյականություն է պահանջում, քան… պայքարը ձախողելը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ սեփական կաշվի համար վախենալով՝ իշխանավորները երկարացրել են մտրակը եւ երկիրը հասցրել են աղետի եզրին։
Մեզ՝ Դրախտում Դժոխք ապրածներիս համար խաղաղությունը ընկալվում է որպես ակնթարթ, երբ չեն այրվում տները, երբ բնակելի թաղամասերի վրա ռումբեր եւ արկեր չեն թափվում։ Խաղաղությունը այն է, երբ խնամված են երեխաներն ու դաշտերը, ծերերն ու այգիները, եկեղեցիներն ու նախնիների գերեզմանները։ Խաղաղությունը ինքնամաքրման ժամանակ է, երբ ժողովուրդը սրբագործվում է ինչպես անծայրածիր ծովը։ Երբ ծովի հզոր շնչառությունը, սնվելով փոթորկաբեր քամուց, ծնում է իններորդ ալիք, որ ափ նետի իր մեջ կուտակված աղբը։ Ժողովրդի իմաստությունը ծովի խոհեմությունն է հիշեցնում. նա իջնում է սարերից ու ժայռերից ներքեւ, որպեսզի ներծծի գետերի փրկարար ջրերը, երկրի կենդանարար հյութերը: Եվ ժողովրդի Անկախությունը նույնպես նման է ծովի տարերքին։ Ծովը ծով չէր լինի, եթե նեղուցներով կապված չլիներ օվկիանոսին, կկործանվեր վաղ թե ուշ, ինչպես կործանվել են բոլոր անկախ պետությունները, որոնք կտրել են իրենց ուրիշ երկրների հետ կապող կենդանի թելերը։ Ժողովրդի ազատությունը ժողովրդի կամքն է՝ սահմանափակելու իրեն իրավական եւ բարոյական սահմաններով։ Ծովի նման։ Ծովը հզոր է իր ամուր ափերի մեջ։ Ծովի ուժը մի քանի րոպեում կփոշիանա, եթե չլինեն ափերը։ Ծովը կաթիլներից է գոյանում, ինչպես ժողովրդի ուժն է գոյանում իր զավակների ներքին միահյուսումից։ Սարսափելի է տեսնել, թե ինչպես են քաղցն ու նվաստացումը քանդում ներքին կապերն ու ջարդում «արժանապատվության սափորը» մարդկանց հոգու մեջ։ Մարդն անկրկնելի է։ Եվ նա իրավունք ունի ասելու՝ առանց ինձ ժողովուրդը լրիվ չէ։
-Ես չեմ ուզում հարցնել՝ ծովի փիլիսոփայությունն ու պոեզիան «յուրացրիք» «Կիլիկիայով» աշխարհի ջրերը «քննելուց» հետո՞, թե՞ առաջ։ Ի վերջո՝ ի՞նչ նշանակություն ունի։
-Դուք մի նախադասություն ասացիք՝ անկախությունը մի կտոր հաց չդարձավ ժողովրդի սեղանին։ Մեր ժողովուրդը չի կասկածել Անկախությանը… Երբեք չի կասկածել։ Եվ չի արժեւորել Անկախությունը ոչ մի կշռումով։
-Ուրեմն կեցցե՜ Հայաստանի Անկախությունը՝ անքննարկելի, բացարձակ, բարձր։
-Շնորհավոր Հայոց Երկրի Անկախությունը։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում