ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
1989-ի աշնանը Ադրբեջանը սկսեց նաև հեռահաղորդակցության (կապի կոմունիկացիաների) շրջափակում, և Հայաստանում առաջին անգամ փորձ արվեց ընդհատակյա ռադիոկապ հաստատել Ստեփանակերտի ու շրջկենտրոնների հետ: Մի քանի նվիրյալներ, ովքեր նաև ռադիոկապի բարձրակարգ մասնագետներ էին, խիստ գաղտնիության պայմաններում սկսեցին Արցախ տեղափոխել և տեղադրել քաղաքացիական նշանակության ռադիոկայաններ: Որոշ տեղերում ալեհավաքները քողարկում էին որպես… լվացքի պարաններ: Շարժման սկզբին բնորոշ տրոհված վիճակն արտացոլվում էր նաև կապի կազմակերպման գործում, և կապի երեք ցանց կար: Առաջինը՝ Շարժման կապը, ղեկավարում էին Օձունի Սերգեյը՝ Սերգեյ Աթարբեկյանն ու Սերգեյ Գրիգորյանը: Կապի նախարարության ցանցը, որի մասին այժմ էլ, տարբեր պատճառներով շատ ու շատ բան չի կարելի ասել, ղեկավարում էր այսօր պահեստի փոխգնդապետ Արմեն Ազարյանը: Երրորդը ռադիոսիրողների ցանցն էր, որի աշխատանքը ԴՕՍԱԱՖ-ից կոորդինացնում էր Կարեն Կարապետյանը:
Բայց քաղաքացիական ռադիոկայաններն աշխատում էին ամրագրված հաճախականություններում, և հակառակորդը լսում ու երբ պետք էր՝ խլացնում էր կապը… Երբ Արցախում հատուկ դրություն մտցվեց, պետական կառույցների բոլոր կապերը խլացվեցին, և միայն ռադիոսիրողների գաղտնի կապն էր գործում:
1991-ի գարնանը՝ տխրահռչակ «Օղակ» գործողության ընթացքում ամբողջությամբ բացահայտվեցին կապի կազմակերպման այս փուլի բոլոր թերությունները, և պարզ դարձավ, որ հարկ է վերակազմավորել կապի ամբողջ համակարգը: Առավել ևս, որ սկսվում էր ջոկատների միավորումը, ինչը ևս կապի կազմակերպման այլ համակարգ ու մոտեցումներ էր ենթադրում:
1991-ի ամռանը նորաստեղծ Պաշտպանության կոմիտեում ձևավորվեց կապավորների մի խումբ, որում ընդգրկվեցին Արթուր Փափազյանը, Սերգեյ Գրիգորյանը, Գրիգոր Ամալյանը, Դավիթ Հարությունյանը և Արմեն Ազարյանը: Իսկ բաժնի պետը պաշտոնաթող փոխգնդապետ Վլադիմիր Մկրտչյանն էր՝ «Բաբկենիչը»:
Նախկին խորհրդային զինվորականներն ու Ադրբեջանի իշխանություններն իրենց պլանների յուրաքանչյուր ձախողման դեպքում արդարանում էին` ասելով, որ Շարժումը երկու հզոր ռադիոկայան ունի և ամեն ինչից տեղյակ է: Իրականում մեկը միջին, մյուսը՝ թույլ հզորության կայանքներ էին: Դրանցով Սերգեյ Աթարբեկյանն ու Հոմերոս Ղարիբյանը՝ «Սիսիանի Հոմերոսն» էին աշխատում:
Ամբողջանում էր նաև Արցախի ընդհատակյա կապի համակարգը, որի հիմնադիրներն էին Մաքսիմ Բաղմանյանը, Սերգեյ Գրիգորյանն ու Արթուր Փափազյանը: Սերգեյ Գրիգորյանը, ով Պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչն էր, զոհվեց 92-ի փետրվարի 16-ին, Մարտունու շրջանում: Մաքսիմ Բաղմանյանը, ով եղավ կամավորական ջոկատների հետ ռադիոկայանքը մեջքին ու զենքը ձեռքին գրոհի գնացող կապավորներից շատերի կնքահայրը, 93-ի ապրիլին զոհվեց գրավյալ Շահումյանի երկնքում: Իսկ հետագայում գեներալ-մայոր Արթուր Փափազյանը ՀՀ զինված ուժերի կապի համակարգի ստեղծման ու զարգացման գործում շատ բան հասցրեց անել, թեպետ հանկարծահաս հիվանդությունից անժամանակ մահացավ:
1991-ին, վատահամբավ Պոլյանիչկոյի ղեկավարման օրոք, երբ տղամարդկանց օրը ցերեկով առանց պատճառի կալանում էին, Ստեփանակերտում կանայք «Անգարայի» մայր կայանքն իրենց պայուսակներում տանում էին տուն, ապա բերում նոր ձևավորվող ինքնապաշտպանության ուժերի կապի հանգույց և բառացիորեն խորհրդային Ներքին զորքերի հարևանությամբ կապ ապահովում…
Տեղերում ևս գրագետ կապավորներ կային, ովքեր կրեցին պատերազմի տարիներին կապի կազմակերպման ամբողջ ծանրությունը: Ասկերանում Հայրապետ Հայրապետյանը, Սամվել Միքայելյանը, Արայիկ Բախշյանն ու Սամվել Բաղրյանն էին, Մարտունիում՝ Արամ Եսայանը, Հադրութում՝ Կարեն Մադունցը, Ալիկ Հայրիյանը, Վալերի Հարությունյանը: Մարտակերտում Վիգենն Ասատրյանն էր, Իգնատ Վահանյանը…
1991-ի հոկտեմբերին Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը բերեց առաջին 20 «Ալինկոները», որոնք շուտով դարձան կապի հիմնական միջոցներից մեկը: Դրանց ձեռքբերումը հետո ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն էր ղեկավարում և արկղերի վրա որպես հասցեատեր այդպես էլ գրված էր՝ «Գուրգեն Մելիքյանին»:
Ինքնապաշտպանության ուժերը զինվորական կապի միջոցներ ձեռք բերեցին Ստեփանակերտից նախկին խորհրդային բանակի 366-րդ գնդի ու ՌԷՊ առանձին գումարտակի հեռանալիս: Սրանք թեև եղած աղքատիկ սպառազինության հնարավորինս մեծ մասը տարան (ծանր ուղղաթիռներով անգամ ՀՄՄ-ներն էին տանում), բայց միայն 366-րդ գնդից նոր Ռ-159 դյուրակիր ռադիոկայանք մնաց:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ