ՆՇՎԵՑ ՍԻՍԱԿԱՆ ԳՆԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԸ
Սիսական գունդն իր ճանապարհն սկսել է Արցախյան ազատամարտի օրերին:
Դեռ 1988թ. օգոստոսին կազմավորվեց Սիսիանի ինքնապաշտպանական ջոկատը, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը դարձել էր առավել քան հրատապ: Օր օրի նրա շարքերում ընդգրկվում էին տասնյակ հայրենասերներ: Այդ ջոկատի հիման վրա էլ 1990թ. մայիսին կազմավորվեց Սիսիանի երկրապահ կամավորական ջոկատը: Իսկ չորս տարի անց՝ 1994թ. մարտի 4-ին, ՀՀ ՊՆ հրամանով ստեղծվեց զորամասը, եւ նույն թվի սեպտեմբերին զորամասին հանձնվեց Մարտական դրոշ:
Զորամասի առաջին հրամանատարը եղել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հովիկ Ազոյանը: Իսկ ներկայիս հրամանատարն է գնդապետ Հրաչյա Օհանյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել 2017թ. հուլիսի 6-ին:
Զորամասի կազմավորման տոնական օրվան նվիրված միջոցառման ժամանակ զորամասի հրամանատարը նշեց.
«Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ Սիսական գնդի պաշտպանական տեղամասը հուսալի պաշտպանված է, մեր ոգին ամուր է, զորամասը պատրաստ ամեն անակնկալի, սա է մեր գործը, որը որքան դժվար և պատասխանատու է, նույնքան էլ՝ պատվաբեր, և միայն այս գիտակցությամբ առաջնորդվելով կարող ենք մեր պատասխանատու գործում մեծ հաղթանակների հասնել և միայն մեզանից յուրաքանչյուրի հայրենանվեր գործողությամբ կարող է օրեցօր հզորանալ ու ամրանալ Սիսական գունդը: Շնորհավորելով գնդի կազմավորման 25-րդ տարեդարձը՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, մարտական բարձր ոգի և բարի ծառայություն: Թող այն լինի լի հաղթանակներով ու հաջողություններով՝ ի փառս հայրենիքի, պետականության և հայ ժողովրդի»:
Տոնական օրվա առթիվ գնդին ուղերձ էր հղել զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը՝ իր զինակից ընկերներին շնորհավորելով փառապանծ օրվա առթիվ: Նրա հրամանով մի շարք զինծառայողներ, ինչպես նաև պահեստազորի սպաներ պարգևատրվեցին պատվոգրերով:
4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ
Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Ազգային բանակ