Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԸՆԴՄԻՇՏ



ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԸՆԴՄԻՇՏՀրանտ Սարկիսովը ապրիլյան պատերազմի մասնակից է, ծառայել է Թալիշում: Արտաքինով Հրանտն ավելի շատ եվրոպացու է նման:

-Արմատներս շատ խորն են ու խառը: Հայրական կողմս սերում է Արղության-Երկայնաբազուկների իշխանական տոհմից: Արղությանները նաեւ  վրացական, ռուսական արքունիքի ազնվականներ են եղել: Հեղափոխության ժամանակ, երբ բռնաճնշումների էին ենթարկում ազնվականներին, հալածանքներից խուսափելու նպատակով ստիպված ոմանք Արղության են գրվել, ոմանք՝ Սարկիսով: Մեծ տոհմածառի ճյուղերը ցաքուցրիվ են եղել աշխարհով մեկ: Մայրական կողմս էլ Արեւմտահայաստանից է, Վանից, համիդյան ջարդերից մազապուրծ՝ եկել-հաստատվել են Էջմիածնում:

Հայերիս համար արդեն սովորական դարձած  հերթական կենսագրությունը:

-Հայի ամեն սերունդ իր բաժին պատերազմն ունի,-շարունակում է Հրանտը,- Օֆելյա տատս Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ինժեներական լուրջ գործեր է կատարել թիկունքում, բազմաթիվ մեդալներով պարգեւատրվել, քեռիս էլ՝ Աշոտ Խաչատրյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, կռվել է «Արաբո» ջոկատի կազմում: Նրա նվիրումն անսահման էր, անպարագրելի, նրա հերոսական  կերպարը միշտ ոգեշնչել է ինձ:

Հրանտը դպրոցական տարիներից տարված էր ընթերցանությամբ, կարդում էր անհագորեն՝ նախապատվությունը տալով կենսագրական եւ պատմական ստեղծագործություններին: Դպրոցից հետո ընդունվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանության բաժին ու որոշ ժամանակ անց մեկնեց ծառայության: Վեց ամիս ծառայեց ուսումնական գումարտակում, հրետանավոր էր:

-Իմ առաջին հրամանատարը մարտկոցի հրամանատար, կապիտան Բաբայանն էր՝ ավագ ընկեր ու խորհրդատու (հիմա մայոր է):  Փայլուն տիրապետում էր զինվորական գործին եւ իր սերը, նվիրվածությունը անմնացորդ  փոխանցում էր մեզ, մանրամասն ուսուցանում: Հետո, ավելի ուշ՝ ապրիլյանի ժամանակ, երբ հակառակորդի նշանակետը ճշգրիտ խոցվում էր իմ ականանետով, նաեւ նրա տված գիտելիքի շնորհիվ էր: Մինչ օրս էլ կապը պահում եմ առաջին հրամանատարիս հետ:

***

ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԸՆԴՄԻՇՏՈւսումնական զորամասում վեցամսյա ծառայությունից հետո ժամկետային զինծառայողներին արձակուրդ է տրամադրվում մինչ նոր ծառայավայր մեկնելը:

-Արձակուրդի ժամանակ մի տարօրինակ երազ տեսա՝ պարզ, աստղալից երկինք էր, ես էլ մարտական դիրքում էի: Մեր կրակային դիրքից մի սար էր երեւում, էդ սարի կողմից զինվորական համազգեստով ազատամարտիկ քեռիս էր ժպտալով գալիս՝ «Հը՛, պատրա՞ստ ես»: Ասում եմ՝ հա՛, ու քեռուս հրավիրում եմ, որ ներս գա: «Չէ՛,- ասում է,- մեզ այդտեղ չի կարելի», ու գնում է: Հետո հորական տատս է հայտնվում ու հարցնում. «Աշոտն ասա՞ց, որ պատրաստ լինես», ու դրական պատասխան ստանալով՝ հեռանում է, ձուլվում լույսի մեջ: Իրենց գնալուց հետո մառախուղը ծածկում է ամեն ինչ, ու հանկարծ լսվում է կրակոցների ուժգին ձայնը: Հետո հաղթական շեփորի ձայն է հնչում…

Տատս էլ, քեռիս էլ ողջ չէին, ու երազս տարօրինակ թվաց:  Մորս պատմեցի երազս, կատակի տվեցինք, անցավ….

***

Մեկնեցի  առաջնագիծ: Նոր զորամասն  ուղիղ սահմանի բերանին էր, աշխարհի ծայրին՝ աշխարհից կտրված: Բայց բախտս բերեց, զինընկերներս  մեկը մեկից լավ տղերք էին, ու հեշտ հարմարվեցի, միասին հաղթահարում էինք բանակային  կյանքի բոլոր  դժվարությունները: Մի օր էլ՝ հունվարյան մի պաղ գիշեր, դարձյալ նույն երազը տեսա՝ նույն մանրամասնությամբ: Ընկերներիս պատմեցի կրկնված երազս: Նույն սարն էր, նույն մարտական դիրքը, նույն աստղալից գիշերը, հետո ամեն ինչ ծածկող նույն մառախուղն ու կրակահերթը… Տղերքը ծիծաղեցին, կատակով էլ ասին՝ մի՛ անհանգստացիր,  էլ բան չմնաց, շուտով մտնում ենք ծառայության վերջին  100 օրվա մեջ:

Դեռ չգիտեինք՝ մեզ ինչ է սպասվում…

…Ապրիլյան այդ օրն էլ նման էր սովորական մնացած օրերին: Գիշերվա 2-ն անց  էր, հերթափոխի էինք պատրաստվում,  շուրջբոլորն ահավոր մառախուղ էր, ու մեկ էլ սկսվեց… Թշնամին ինչ զինատեսակից ասես չէր կրակում:

-Սովոր էինք կրակոցների, բայց էդպե՜ս, այդ ուժգնությամբ  երբեք չէր եղել,-ապրիլյան մղջավանջն է վերհիշում Հրանտը: -Առավոտյան  իմացանք, որ թշնամին լայնամասշտաբ հարձակման է անցել: Ամսի 3-ին չորս  հոգով  հրետանու գծով տեղակալի հրամանատարությամբ մեր ականանետով գնացինք առաջին գիծ… Դիմացի սարն այնքան ծանոթ թվաց, ասես «դեժավյու» լիներ,  ուղեղումս տենդագին մի միտք էր պտտվում՝ որտե՞ղ էի տեսել… Կրակոցների ուժգին համազարկը կտրեց մտքիս թելը:

Անցանք հակագրոհի, ջոկի հրամանատարի տված տեղեկություններով խոցում էինք նշանակետը՝ հակառակորդին պատճառելով թե՛ նյութական, թե՛ մարդկային կորուստներ: Պատերազմն իր օրենքներն ունի՝ կա՛մ դու, կա՛մ քեզ…

Տղերքից իմացա, որ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն է զոհվել, բայց մինչեւ հիմա էլ չեմ հավատում: Ճանաչում էի Մերուժանին. գումարտակը միասին էինք Նոր տարվան պատրաստել, էնքա՜ն սիրուն էր նկարում: Պարզսիրտ, բարի սպա էր, լավ ընկեր…

ԶԻՆՎՈՐ ԵՆՔ ԸՆԴՄԻՇՏՓամփուշտը վերջանում էր, ընկերներիցս մեկը՝ Ռուբենը, գնաց, որ փամփուշտ բերի: Մի քանի քայլ էլ չէր առաջացել, երբ թշնամու դիպուկահարը  խոցեց: Բուժակը այդ պահին ուրիշ վիրավորի էր վիրակապում, Հայկ Սողոմոնյանի հետ շտապեցինք օգնության. մայրս բժիշկ է, իրենից շատ բան եմ սովորել: Հետո խաչս գցեցի Ռուբենի վզին ու տատիս աղոթքը հիշեցի, որ միշտ նեղ պահին մրմնջում էր.«Պահապան եղիր, Տեր»:  Ռուբենը  հիմա Բոննում է, վերականգնողական բուժում է ստանում:

Պատերազմը զոհված ընկեր է, պատերազմը վիրավոր, հաշմանդամ դարձած ընկեր է… Պատերազմը նաեւ ավերված, ավերակված շեներ են, անմեղ զոհեր… Թալիշ գյուղում կատարված վայրագության մասին էլ իմացանք՝ մտել էին տուն, մորթել անօգնական ծերերին:  Անկեղծ ասած՝ սարսռացի,  բայց չապշեցի՝ ադրբեջանցի զինվորի համար  վայրագությունը սովորական է. մայրական կաթով է սնուցվում դրանց հայատյացությունը… Դեռ փոքր տարիքից գիտեի, որ  իրենց վայրենի մոլեռանդությունը սահման չունի: Աջափնյակ թաղամասում եմ ապրում, մեր տնից քիչ հեռու  Հունգարիայում սպանված հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանի անունը կրող պուրակն է: Ուղիղ 15 տարի առաջ հենց էս օրերին Հունգարիայում  ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր քնած Գուրգենին: Ադրբեջանցի սպան ոչ թե ճակատ առ ճակատ կռվել էր մարտի դաշտում, այլ սպանել էր  քնած մարդուն ու հռչակվել ազգի հերոս: Ոճրագործը՝ ազգի հերոս… Թշնամու «ձեռագիրը» երբեք չի փոխվում…

Ու հիմա կրկին մեր դիմաց նույն նենգ  հակառակորդն էր, ու մեր տղերքը կռվում էին ինքնամոռաց: Սպա-զինվոր  անջրպետը չկար, պատրաստ էինք իրար համար կյանք տալու, մեկս մյուսի կյանքը սեփականից վեր էր դասում: Կապիտան Հայկ Սողոմոնյան, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ  Արտակ Հակոբյան, լեյտենանտ Տոնիկ Մարտիրոսյան… Ամեն մեկը իսկական սպայի կատարելատիպ, հերոսության  ու հերոսականի մարմնացում:

***

…Աստիճանաբար խաղաղվեց, կրակոցներ կային, բայց ոչ առաջվա ուժգնությամբ:

Օրերը գումարվեցին օրերին, ու եկավ զորացրվելուս ժամանակը: Երկու  տարվա մեջ երանությամբ սպասում ես տուն վերադարձին, բայց  չեք հավատա, վերջին օրը չէի ուզում հետ գալ. արդեն իմն էր  կռվի բովում հարազատ դարձած հողակտորը… Հրաժեշտ տվեցի եղբոր նման հարազատ դարձած ընկերներիս, հրաժեշտ տվեցի Նախշունիս էլ. ականանետիս անունը կատակով  Նախշուն էի դրել…

Զորամասի դարպասներից դուրս եկա, բայց  զուտ ֆիզիկապես, հոգիս, սիրտս մնաց այնտեղ… Ես հիմա էլ զինվոր եմ. ծառայությունը, ապրիլյան դեպքերը, մեր մարտական ընկերների կորուստը ավելի թանկ ու հարազատ են դարձրել հող-հայրենիքը: Մենք էս հողի զինվորն ու տերն ենք ընդմիշտ…

Հայկ Սարկիսովը հիմա շարունակում է ուսումը Սլավոնական համալսարանում: Հազար երազանք ունի, հազար նպատակ, բայց բարձրաձայնել չի ուզում, թեեւ խոստովանում է, որ իր բոլոր երազանքներն ու նպատակները միայն ու միայն հայրենիքում է իրագործելու:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝  ՍՈՒՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/03/2019