Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԲԱԶԱՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ



The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ-ը ստեղծում է անօդաչու թռչող ապարատների գաղտնի բազաներ, որոնցից հարվածներ կհասցվեն Սոմալիում և Եմենում գտնվող Ալ Քաիդայի զինյալներին:
Բազաները կտեղակայվեն Արաբական թերակղզում և Եթովպիայում: Բացի այդ, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում կօգտագործվեն Ջիբուտիում և Սեյշելյան կղզիներում տեղակայված անօդաչու ապարատները:

Նախկինում հայտարարվում էր, որ Սեյշելյան կղզիների` Hellfire հրթիռներով սպառազինվելու հնարավորություն ունեցող անօդաչուները կիրառվում են ծովահեններին հետևելու համար: Իսկ հանրահայտ WikiLeaks կայքի հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ ամերիկացիները տեղի իշխանություններին խնդրել են գաղտնի պահել անօդաչուների իրական առաքելության մասին տեղեկատվությունը:

Աֆղանստանում և Պակիստանում Ալ Քաիդային որոշակիորեն թուլացնելուց հետո ամերիկացիները կենտրոնացել են Սոմալիում և Եմենում գործող ահաբեկչական խմբավորումների վրա: Սոմալիի տարածքի մի մասը փաստացի կառավարվում է ահաբեկիչների կողմից: Եմենում նրանք նույնպես բավական ազդեցիկ են, մայիս ամսին վերջիններիս հաջողվել էր գրավել երկրի հարավային մասում գտնվող Զինջիբար քաղաքը:

Խորագիր՝ Նորություններ


22/09/2011