ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈՓՈԽ Է…
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի գերխնդիրը անձնակազմի մասնագիտական հմտությունների, մարտական պատրաստության կատարելագործումն է: Ցանկացած միջոցառում միտված է այդ նպատակի ապահովմանը՝ զենք մաքրելուց մինչև զորավարժության անցկացում: Գնդապետ Թ.Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտին հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու մի հատվածն է: Մարտավարաշարային պարապմունքներին ներգրավված անձնակազմը կատարեց ուսումնական ծրագրով նախատեսված տարաբնույթ գործողություններ, որոնք հնարավորինս մոտեցված էին մարտական իրավիճակին: Անձնակազմը ստացավ հավանական մարտական գործողությունների ժամանակ գործելու անհրաժեշտ փորձառություն:
Ուղևորվում ենք առաջնագիծ, ուր հերթապահող զինծառայողները պատրաստ են անհրաժեշտության դեպքում կիրառելու վարժանքների ժամանակ ստացած գիտելիքները: Մարտական հենակետերում փորձառու պայմանագրայիններն են: «Մարտական իրադրությունն անփոփոխ է, հակառակորդի կողմից օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել»՝ այս զեկույցով է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ն. Մանգասարյանին դիմավորում հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Խորեն Թառոյանը: Հենակետում ենք: Վերջերս է կառուցվել, տիպային հենակետ է, համապատասխանում է սահմանված բոլոր չափորոշիչներին: Դիրքն անվանակոչվել է 1993թ. հյուսիսարևելյան սահմանների պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված Էդիկ Չոբանյանի պատվին:
Միասին շրջում ենք հենակետի տարածքում: Փոխգնդապետ Մանգասարյանը ստուգում է անձնակազմի ծառայության ընթացքը, լրացուցիչ հրահանգներ տալիս: Ապա անդրադառնում է անվտանգության կանոնների առավել խիստ պահպանման անհրաժեշտությանը: Կացարանում քննարկվում են կարգապահական, ծառայողական բնույթի հարցեր: Փաստում ենք, որ հենակետում ծառայությունը կազմակերպված էր ըստ օրվա կարգացուցակի: Ազատ հերթափոխի տղաները ցույց են տալիս իրականացված ինժեներական աշխատանքները, խոսում դիրքապահների անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին:
Անվտանգ խրամուղիներ, հաստ պաշտպանիչ պատեր, թաքստոցներ, պաշտպանված խրամաբջիջներ, բարելավված կացարան և այլն՝ ահա այսպիսի պայմաններում են մարտական հերթապահություն իրականացնում մեր տղաները: Նրանցից պահանջվում է միայն լինել զգոն և չխախտել անվտանգության կանոնները:
Հենակետի ավագի ուղեկցությամբ մտնում ենք խրամուղի, զրուցում հերթապահող տղաների հետ: Շարքայիններ Մխիթար Մեսրոպյանն ու Կարեն Ասոյանը իրենց ապահով խրամաբջիջներից ցույց են տալիս հակառակորդի դիրքերը, պատմում օրվա անցուդարձի մասին:
Հենակետն իր ենթակառուցվածքներով ամբողջովին փակում է հակառակորդի հավանական հարձակման առավել վտանգավոր՝ տանկային գրոհի ուղղությունը: Հերթապահող անձնակազմն ունի համապատասխան կարողություններ հարձակվող հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, դիրքերն անառիկ պահելու համար: Դիրքապահների կարողությունները էականորեն ավելացրել է տեսադիտարկման համակարգը: Այդուհանդերձ, պայմանագրային զինծառայողների հետ պարբերաբար պարապմունքներ են անցկացվում հենց առաջնագծում նրանց մարտական հմտությունները զարգացնելու նպատակով: Մինչ զրուցում էինք տղաների հետ, հրամանատարի տեղակալը հայտարարեց ուսումնական տագնապ, և անձնակազմն արագ դիրքավորվեց սահմանված կրակակետերում, հենակետն անցավ շրջանաձև պաշտպանության: Հենց առաջնագծում նմանատիպ վարժանքների ընթացքում յուրաքանչյուր զինծառայող առավել հստակ է պատկերացնում մարտի ժամանակ իր դերակատարումը:
Մարտունակություն ապահովելուն զուգահեռ կարևորվում է նաև առաջնագծում հերթապահող զինվորի անվտանգության, մարտական խնդրի կատարումն առավել հեշտացնելու, արդյունավետ կազմակերպելու խնդիրը: Այդ նպատակով պաշտպանական գծի ողջ երկայնքով անընդհատ ինժեներական մեծածավալ աշխատանքներ են տարվում: Առաջիկայում զորամասի բոլոր հենակետերը լրակահավորվելու են նույն կերպ՝ էլ ավելի ամրապնդելով մեր զինծառայողների անվտանգությունն ու ավելացնելով հակառակորդի դիտարկման ու խոցման հնարավորությունները:
Եղանք տվյալ ուղղության մի քանի հենակետերում ևս: Բոլոր տեղամասերում անձնակազմը հստակ տիրապետում էր պարտականություններին, ամեն մեկը գիտեր մարտական խնդրի կատարման ժամանակ իր անելիքը: Տեղամասերից մեկում դիրքի ավագն էր ավագ լեյտենանտ Վահան Խլխաթյանը: Հայրը զոհվել է 1993թ. Մարտակերտի պաշտպանական մարտերում, այնպես որ` հայրենիքի պաշտպանությունը նրա համար լոկ խոսքեր չեն: Վահանը նշում է. հենակետը մեր փոքրիկ տունն է, ծառայությունն իրականացնում ենք զգոն և աչալուրջ, որ ոչ մի անկոչ հյուր չունենանք մեր տանը…
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում