ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԿԴԱՌՆԱՐ 60 ՏԱՐԵԿԱՆ
Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 60 տարեկան։ Արդեն 20 տարի նա իր երկրում ապրում է ոգեղեն ներկայությամբ՝ որպես հաղթանակի շունչ ու փայլ, որպես Սպարապետ հայոց նորագույն պատմության…
Որ մեծագիր Սպարապետը մեր օրերում մեր կողքին իրոք կայացել էր, որ հանձին նրա մենք մեզանում մեր մսից ու արյունից հունցած արտասովոր մեկն ունենք, մեկը՝ որ օրհասի հանդիման մեր կասկածն ու տագնապը մեզնից բոլորից ամենախորն էր թաքցնում, մեկը՝ որ մեր վհատության ու անկման խորատի տեղ հույսի, հավատի ու վստահության բարձունքն էր հառեցնում…։ Այդ զգալի էր եւ իր կենարար ողջությամբ, բայց առավել քան զգալի է այսօր՝ իր սպանիչ բացակայությամբ, երբ մեր յուրաքանչյուրի ու հանուրի ընթացքին տարտամ շփոթ է ներքաշվել, երբ մեր բոլորի հորիզոնը կրճատվել է ամբողջ փարսախներով, երբ այսօրվա ու վաղվա միջեւ կանգնած ենք մեր հասակների ոչ այն շիտակ պահվածքով, ինչպես կանգնած էինք կորովի իր ներկայությամբ։
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
***
Կորուստն անփոխարինելի է։ Զբաղեցնելով բարձր պաշտոն՝ նա չդարձավ պաշտոնյա, սովորական ֆունկցիոներ, նա մեծ հայ էր, որ գործում էր մեր արմատների՝ հեռուներից լսվող կանչի թելադրանքով։
Երկրի մարմնի հիմնական միջուկը բանակն է, որի ծնողն ու դայակը դարձավ Վազգեն Սարգսյանը… Նրա հոգին կենդանի է այսօր եւ շարունակելու է կրել մեր արժանապատիվ գոյության շինությունը։
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ
Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում