ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԱՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա Սիրիայի նկատմամբ արևմտյան պետությունների ընդունած պատժամիջոցներին:
Նրա խոսքերով Թուրքիան հարկադրված է այդ քայլին դիմել, քանի որ կորցրել է վստահությունը սիրիական իշխանությունների հանդեպ:
Էրդողանը և Օբաման պայմանավորվել են ուժեղացնել ճնշումը պաշտոնական Դամասկի վրա, ինչպես նաև ուսումնասիրել լրացուցիչ պատժամիջոցների և այլ «միջոցների» ընդունման հնարավորությունը:
Փոխարենը Օբաման հաստատել է Հյուսիսային Իրաքում գործող քուրդ գրոհայինների դեմ պայքարելու պատրաստակամությունը և խոստացել է Թուրքիային տրամադրել նրանց մասին տեղեկատվություն հավաքելու ամերիկյան հնարավորությունները:
Թուրքական պատժամիջոցները էական ազդեցություն կունենան, քանի որ Թուրքիան Սիրիայի առևտրային գլխավոր գործընկերներից է: Երկու պետությունների միջև առևտուրը սահմանափակելու դեպքում սիրիական բազմաթիվ ընկերություններ կսնանկանան:
Մինչ այդ Եվրախորհուրդն արդեն արգելել էր սիրիական նավթի և նավթամթերքների ներմուծումը, ինչը երկրի բյուջեի եկամտի գլխավոր աղբյուրներից է: Հակակառավարական ելույթներից հետո նվազել է նաև զբոսաշրջիկների հոսքը, ինչը նույնպես բացասական է ազդում սիրիական բյուջեի եկամուտների ստացման վրա:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան