ՇԱՐԺՎՈՂ ԹԻՐԱԽՆԵՐ
Յուրիդան երիտասարդ աղջիկ է՝ իր անվան նման նուրբ ու գեղեցիկ: Մեղրագույն, կլորիկ աչքերը նրա դեմքին մանկական արտահայտություն են հաղորդում: Սպիտակ, համարյա թափանցիկ մաշկն ու շիկավուն մազերը ամբողջացնում են պատկերը: Յուրիդան 2016թ. ապրիլին մասնակցել է 170 դիրքի ազատագրման մարտական գործողությանը՝ որպես դիպուկահար: Եվ երկրի նախագահն անձամբ նրան պարգեւատրել է «Արիության» մեդալով:
…Ես ապարդյուն ջանում եմ թաքցնել զարմանքս, իսկ Յուրիդան ժպտում է լայնաշուրթ: Անկախ իմ կամքից, պատկերը՝ սկզբում անորոշ ու մշուշոտ, վայրկյան առ վայրկյան գույներ է առնում, հետո ես պարզ ու որոշակի տեսնում եմ, թե ինչպես է այս քնքուշ աղջնակը նշանառության դիտանցքից որոնում… շարժվող թիրախներ: Յուրիդան ինքն է այդպես ասում ՝ շարժվող թիրախներ: Ու երբ գնդակը դիպչում է նպատակակետին, ասում է՝ թիրախն անշարժացավ:
…Ես չպիտի համաձայնեի, պիտի խնդրեի, որ այս զրույցը մեկ ուրիշին հանձնարարեին: Ու երեւի լռությունը շատ է երկարում, որովհետեւ Յուրիդան արդեն չի ժպտում, դիմագծերը լարված են, հայացքը՝ բացակա:
-Հայրենիքը կյանքից թանկ է…
Հազար անգամ լսել եմ այս նախադասությունը, ու մեջս ոչ մի թրթիռ չի արթնանում:
-Ես Ուզբեկստանում եմ ծնվել, Նուկուս քաղաքում: Տասնյակ տարիներ պապս Նուկուսի ամենամեծ շինարարական կազմակերպության սեփականատերն էր: Նա կառուցում էր Նուկուս քաղաքը: Բայց տեղացիները ամենափոքր ընդհարման, ամենաաննշան տարաձայնության ժամանակ մեզ ասում էին. «Գնացեք ձեր հայրենիքը, ի՞նչ եք թափառում երկրեերկիր»: Ուրիշի տանը դու հյուր ես, եթե անգամ այդ տունը դու ես կառուցել: Ուրիշի երկրում դու թափառական ես: Ես այս ցավը, վիրավորանքը, անպաշտպանվածությունը սրտիս մաշկով եմ զգացել:
Այնքան հուզված է ասում՝ սրտիս մաշկով…
-Երբ քեզ ասում են՝ գնա քո երկիրը, այդ ժամանակ է, որ դու անսահման ուրախությամբ գիտակցում ես, որ քո երկիրն ունես այս երկնքի տակ: Ու այդ ժամանակ է, որ զգում ես Հայրենիք ունենալու կարևորությունն ու երջանկությունը….Ու ես տուն եկա:
Երեւանը իմ պապը չի կառուցել, բայց Երեւանում (եթե նույնիսկ ես սխալ եմ, մեղավոր եմ) ոչ ոք ինձ չի ասում. «Գնա քո հայրենիքը: Եթե քեզ մեծահոգաբար տեղ ենք տվել…»: Մեր երեւանյան դպրոցում, երբ ես կավճի փոխարեն լոխում էի դնում գրատախտակի մոտ, ինձ պատժում էին, բարկանում էին վրաս, բայց չէին ասում. «Գնա իմ երկրից»: Հայրենիքում ծնված, հայրենիքում մեծացած մարդու համար հայրենիքի ներկայությունը ծնողի ներկայության նման սովորական է ու չարժեւորված:
-Բայց ծնողի նման անփոխարինելի:
-Օտարության մեջ կյանքդ կարող է գլխիվայր փոխվել միայն այն մտքից, որ հեռվում ինչ-որ տեղ հայրենիք ունես: Որ ամբողջի մի փոքրիկ մասնիկն ես: Ու քոնն է ամբողջի ուժը: Ու երբ լսես, որ սպառնում են երկրիդ, որ կարող ես կորցնել Հայրենիքդ…
Արդեն Հայաստանում էի, երբ հաճախակի հեռուստացույցով լսում էի՝ «Զոհվեց ադրբեջանցի դիպուկահարի գնդակից»: Այդ միտքը շանթահարում էր ուղեղս, սիրտս: Մի օր էլ որոշեցի, որ պիտի դիպուկահար դառնամ: Հետո… ինչպես լինում է սովորաբար՝ հատուկ նշանակության ստորաբաժանում:
…Ես մանկապատանեկան հրաձգության ֆեդերացիայի անդամ եմ եղել, դիպուկ կրակել եմ սովորել դեռեւս դպրոցական տարիներին ու կրակայինից գերազանց էի ստանում դիպուկահարների դպրոցում: Իսկ երբ առաջին անգամ տեսա իմ ԴԴՀ-ն…
Յուրիդայի դեմքը փայլում է երանությունից: Հետո տեսնելով իմ անհաղորդ հայացքը, հարցնում է.
-Դուք երբեւէ տեսե՞լ եք ԴԴՀ:
Գլխով բացասական նշան եմ անում:
-Պատմե՞մ՝ ինչպիսին է իմ ԴԴՀ-ն,- հարցնում է ու, առանց պատասխանի սպասելու, սկսում:
-Ինքը շեկ է, խարտյաշ՝ հին հայերի նման:
-Ո՞վ,- ինձ մի պահ թվում է՝ կորցրել եմ զրույցի տուտը:
-ԴԴՀ-ն,- կրկնում է Յուրիդան,- բարձրահասակ չէ, բայց պինդ է: Քչախոս է, հատու, ճշգրիտ:
Մի կերպ գլխի եմ ընկնում, որ խոսքը դիպուկահար զենքի մասին է: Ու չգիտեմ՝ Յուրիդան հայացքիս մեջ ի՞նչ է կարդում, որ բացատրում է.
-Ես լրագրության դասեր եմ առել Հայորդաց տանը ու երկու տարի հանրային ռադիոյով հաղորդում եմ վարել: Հա, մոռացա. ԴԴՀ-ի ամենակարեւոր հատկանիշը՝ անսահման հավատարիմ է ու հայրենասեր:
Մի կերպ եմ ինձ զսպում, որ չփռթկամ:
-Իսկ ԴԴՀ-ն գեղեցի՞կ է,- սկսում եմ խաղալ աղջկա հոգու հետ:
-Այնքան գեղեցիկ չէ, որքան հմայիչ է,- պատասխանում է Յուրիդան ամենայն լրջությամբ: -Ապրիլյան պատերազմի ժամանակ նա «Արիության» մեդալ ստացավ:
-170 դիրքը ազատագրելու գործողությանը մասնակցելու համա՞ր ստացավ «Արիության» մեդալը:
Աղջիկը խոր շունչ է քաշում:
-Ապրիլի 2-ի լուսադեմին զանգեցին, թե՝ շտապ արի զորամաս: Երբ դիվերսիոն հարձակում էր լինում, կամ հակառակորդի կողմից կրակոցներն ակտիվանում էին, դիրքեր էինք բարձրանում «տագնապով», արտահերթ: Բայց այս անգամ իրականությունն այլ էր: Ես զգացմունքային մարդ չեմ: Հիշում եմ՝ երբ առաջին անգամ բարձրացա առաջնագիծ, երբ 200 մետր հեռավորությունից տեսա ադրբեջանցիների շարժը, մեջս ոչ մի ապրում չարթնացավ, բացի պատասխանատվությունից: Նույնն էր 2014թ. ամռանը, երբ հակառակորդի դիվերսիոն խումբը ներթափանցել էր թիկունք: Ու մենք գիշերը անտառում որոնում էինք նրանց: Ադրբեջանցիների խումբը լավ ծանոթ էր տեղանքին, հատուկ պատրաստված էր ու ամեն քայլափոխի կարող էր ինչ-որ թակարդ լարել մեր դեմ: Ես մեր հողը մտած դիվերսանտներին վնասազերծող խմբում ընդգրկվեցի իմ սեփական նախաձեռնությամբ, իմ խնդրանքով: Ու մարտական ընկերներիս հետ առաջադրանքը կատարեցի առանց որեւէ տագնապի ու մտավախության: Բայց երբ ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշի մատույցներում տեսա կահույքը բեռնատարներին բարձած՝ գյուղից հեռացող մարդկանց, սիրտս սկսեց թպրտալ:
….Հետո 170 դիրքն ազատագրելու հրաման եղավ: Նոր էր մթնում, երբ գործողությունն սկսեցինք: Ես պիտի «մաքրեի» այն տարածքը, որով մեր տղաները մոտենալու էին դիրքին: Սկզբում կրակում էի բլինդաժի վրա, որտեղ ադրբեջանցիների մեծ խումբ էր տեղակայվել: Մտածում էի՝ կխոցեմ վառարանը, այն կպայթի, ու բազմաթիվ զոհեր կլինեն:
-Դա մե՞ր բլինդաժն էր:
-Իհարկե, մերն էր: Ադրբեջանցիները մեր դիրքը գրավել էին ու դիրքավորվել բլինդաժում, բլուրների, հողաթմբերի հետեւում: Վառարանը չկարողացա պայթեցնել: Ու սկսեցի որոնել շարժվող թիրախները:
-Որեւէ բան գտա՞ք:
-Իհարկե, բլուրների, թմբերի հետեւից նշան էին բռնել ու հսկում էին այն ճանապարհը, որով պիտի անցնեին մեր տղաները դիրքին մոտենալիս:
-Հետո՞…
– Երբ շարժվող թիրախների մի մասն արդեն անշարժ էր, ես պիտի ապահովեի մեր տղաների անվտանգ վերադարձը: Ու այնպես անեի, որ հնարավորինս քիչ ադրբեջանցիներ կարողանային փախչել: Հասկանո՞ւմ եք…
-Պիտի անշարժացնեիք նաև փախչող թիրախնե՞րը:
Յուրիդան գլխով է անում:
Ադրբեջանցիները նահանջեցին՝ մեր դիրքում ու հետդարձի ճանապարհին թողնելով տասնյակ դիակներ:
-Սասուն Մկրտչյանը այդ գրոհի ժամանա՞կ զոհվեց:
-Սասունն առաջին գրոհի ժամանակ զոհվեց: Մենք դիրքը ազատագրեցինք երկրորդ գրոհով:
-Դուք առաջին գրոհի՞ն էլ եք մասնակցել:
-Այո՛, դա մի ամբողջական գործողություն էր:
….Հանկարծ ես նկատում եմ, որ երկուսս էլ վերջապես զգացմունքների ու զգացողությունների նույն տիրույթում ենք: Հասկանում եմ, որ արդեն ամենայն սառնասրտությամբ եմ ասում՝ շարժվող թիրախներ: Չկան հույզեր ու զգացմունքներ, կարեկցանք ու երկվություն: Կա միայն կյանքից թանկ հայրենիքը: Ու կա այդ հայրենիքին նշան բռնած հակառակորդը, որը շարժվող թիրախ է: Ու պիտի անշարժանա:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #9 (1280) 13.03.2019 - 19.03.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում