Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ



ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑՎԱՀԱԳՆ ԱՍՏՎԱԾ

 

Ես, որպես կրակ, որպես հուր-արև,

Որպես պայքարի հզոր ընդվզում,

Ձեր արյան մեջ եմ նստած հարատև,

Ոգի եմ տվել, շաչել եմ մարտում:

 

Վահագնը երբեք պարտվել չգիտի,

Ձեր երակներում խոլ նստած եմ ես,

Եվ սուր եմ դառնում ձեռքում ամենքի,

Թե ոգի ունեն, թե կռվում են վես:

 

Արև եմ դարձել, կյանքի եմ կոչել,

Կրակ եմ դարձել, մարտի եմ կանչել,

Կորով եմ դարձել, պայքար եմ գոչել,

Արյուն եմ դարձել և զիլ ղողանջել:

 

Եղել եմ ես միշտ ձեր երակներում.

Վկա է Մարտը` Սարդարապատը,

Արևի տաքը ձեր բորբ աչքերում,

Արցախն է վկա` հայի պողպատը:

 

Նստած եմ եղել Արցախի համար

Պայքարի ելած հայի ջիղերում,

Եվ բոց եմ եղել մարտիկի համար,

Եվ կանչ եմ եղել մարտում անզիջում:

 

Ձեր կրծքից պոկված մռունչն եմ եղել,

Որ վերածվել է ահեղ խոյանքի,

Դարերով կիզված բորբոքն եմ  եղել,

Որ վերածվել է խոլ հաղթանակի…

 

 

ՀԱՅ   ԶԻՆՎՈՐԻՆ

 

Ես ի՜նչ ռիթմով, ի՜նչ խոսքերով

Սահմանին կանգնած զինվորին երգեմ,

Ինչ ավյունով, ինչ ցոլանքներով

Տողս զինվորի քաջ ոգուն բեկեմ:

 

Ձեռքը զինվորի, բազուկը հայկյան

Հայրենի սյունն է, տան՝ պահապանը,

Հևքը զինվորի ոգին է իր տան,

Եվ հուրը իր տան, իր տան պաշտպանը:

 

Եվ հայրենիքի մի մասնիկն է նա,

Եվ ունի իր մեջ փոքր հայրենիք,

Էլ ոնց չպահի սահմանը նրա,

Թե ամբողջ են մի ինքն ու հայրենիք:

 

Եվ նախնիների ոգին է նստած,

Շունչն է անթեղված արի զինվորի

Հոգու շերտերում, և կամքն է հոսում

Տաք  երակներում մեր հայ զինվորի:

 

Ոչ մի թշնամի չի կարող հաղթել

Հայկյան զինվորին և մեր հայ ազգին.

Թե լարն աղեղի ձգել է արդեն,

Նա մահ կբերի վատին, անարգին:

 

ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #10 (1281) 20.03.2019 - 26.03.2019, Հոգևոր-մշակութային


21/03/2019