ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԸ
Մի դրվագ «Սասնա ծռեր» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպումից
«Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի հետ ծանոթացել եմ հեռավոր 1992 թվականին: Ես այն ժամանակ Հանրապետական ռադիոյի երիտասարդական հաղորդումների բաժնում էի աշխատում և գործուղվել էի հարավային սահմանամերձ շրջաններ՝ թղթակցություն պատրաստելու: Սա իմ առաջին «հեռահար» գործուղումն էր: Երբ հասանք Գորիս, ավտոբուսի վարորդից ճշտեցի գործկոմի շենքի տեղն ու քայլերս ուղղեցի քաղգործկոմ: Գործկոմի նախագահի աշխատասենյակում հանդիպեցի Վազգեն Սարգսյանին: Ներկայացա, ասացի, որ թղթակցություններ պատրաստելու նպատակով եմ գործուղվել այս կողմերը: Պետնախարարն ինձ խնդրեց սպասել ընդունարանում: Ընդունարանում սպասում էի, երբ միջահասակ, ամուր կազմվածքով, մուգ կանաչ կամուֆլյաժով մի տղամարդ վստահ և արագ-արագ քայլերով մտավ պետնախարարի աշխատասենյակ: Կես ժամ անց Վազգեն Սարգսյանն ու անծանոթը դուրս եկան, և Սպարապետը դիմելով նրան՝ ասաց.
-Աշո՛տ ջան, Սամվելը ռադիոյի լրագրող է, ձեզ հետ թող գա: Աջակցեք, որ հավուր պատշաճի իր աշխատանքը կատարի:
1992թ. մարտի սկիզբն էր: Կամավորական ջոկատի տասնյակ մեքենաներից բաղկացած շարասյունը շարժվեց սկսնակ լրագրողիս համար անհայտ ուղղությամբ: Քանի որ ծանոթ չէի տարածքին, չէի կարողանում կռահել, թե ճանապարհը մեզ ուր է տանում:
Շարասյունը դանդաղ ընթացքով փորձում էր հաղթահարել լեռնային ճանապարհը, որի երկու կողմում բարձր ու հաստ ձնե պատերը փակել էին ամբողջ տեսադաշտը: Մարտադաշտերում բազում դժվարություններ տեսած ու փորձություններով անցած ջոկատը կանգնել էր լեռնանցքի վերելքը հաղթահարելու խնդրի առաջ:
Լեռնանցքով անցնող ճանապարհը, որ շարասյունը փորձում էր համառորեն հաղթահարել, ամբողջովին պատված էր ձյան հաստ շերտով, իսկ տեղ-տեղ էլ ամբողջովին մերկասառույց էր: Մեքենաները ծառս էին լինում, մի երկու-երեք մետր առաջ գնում, նորից կանգնում: Մազաչափ անզգուշությունն անգամ կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Մի երեք հարյուր մետր էր մնացել, որ հասնեինք գագաթին, երբ առջևից գնացող «ուազիկը» խրվեց ձների մեջ. կանգնեց ամբողջ շարասյունը: Իրավիճակից դուրս գալու համար ամեն մեկը մի խորհուրդ էր տալիս: Հանկարծ լսվեց հրամանատարի խրոխտ ձայնը.
-Մեքենաները մեկ առ մեկ հրելով՝ շարժվել առաջ: Վարորդները տեղերում:
Եվ այսպես, մոտ երեք ժամ ջոկատի տղաները իրենց հրամանատարի հետ, իհարկե, ես էլ նրանց հետ, մեքենաները հրելով բարեհաջող դուրս բերեցինք սառցե թակարդից: Հենց այստեղ ես նկատեցի ջոկատի հրամանատարի շատ հասարակ ու ընկերական պահվածքը: Նա ամբողջովին քրտինքի մեջ կորած՝ մերթ վազում էր այս մեքենայի կողմը, մերթ այն, օգնում էր զինակիցներին առաջ շարժվել ու հետն էլ ոգևորում. տղե՛րք, բան չմնաց, հասանք, «բարձունքը մերն է»: Ֆիդայիների ուժերը կարծեց անհատնում լինեին: Երբ վերջին մեքենան հասավ լեռան գագաթը, ջոկատի ցնծությանը չափ չկար, իսկ հրամանատարը, մոտենալով ու մտերմիկ ուսիս թփթփացնելով, ասաց. «Կեցցես, առաջին փորձությունդ լավ անցար, ուրեմն հաղորդումներդ էլ հետաքրքիր կլինեն»:
Մթնշաղ էր, երբ հասանք Մեղրի, և ջոկատը տեղավորվեց քաղաքի զորանոցի վերածված հին դպրոցում:
Հաջորդ օրը մոտեցա ջոկատի հրամանատարին և ասացի, որ ժամը հինգին պետք է Հանրապետական ռադիոյի «Երևան» ծրագրով ուղիղ եթեր դուրս գամ: Հեռախոս է պետք, որպեսզի խմբագրության հետ կապ հաստատեմ: Ժամը չորսին նա կանչեց ինձ ու իր մեքենայով տարավ Մեղրիի գործկոմ, և ես հենց գործկոմի նախագահ Արիստակեսյանի աշխատասենյակից հեռարձակեցի իմ առաջին ուղիղ եթերը:
Երբ առաջադրանքը կատարած մարդուն բնորոշ բարձր տրամադրությամբ դուրս եկա գործկոմի նախագահի աշխատասենյակից, պատին ամրացված ռադիոյի մոտ խմբվել էին հրամանատարն ու ջոկատի տղաներից մի քանիսը:
-Գործդ ավարտեցի՞ր,- հայացքն ուղղելով ինձ՝ ժպտալով նկատեց «ոսկոր» Սամոն: Էդ ի՞նչ ուղիղ եթեր էր, դու արագ-արագ խոսում էիր, իսկ մենք այստեղ լսում էինք:
-Միայն մենք չէինք լսում, ամբողջ երկիրն էր լսում,- իմ փոխարեն պատասխանեց հրամանատարը:
Կներես, հրամանատա՛ր, որ ծնունդդ ուշացումով եմ շնորհավորում: Ծնունդդ շնորհավոր, հրամանատա՛ր: Ծնունդդ շնորհավոր, Աշոտ Մանուկյան…
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #10 (1281) 20.03.2019 - 26.03.2019, Պատմության էջերից