Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌԲանակում ազատ ժամանակ զինվորներից շատերն են զբաղվում իրենց նախասիրություններով՝ հետաքրքիր, բովանդակալից դարձնելով ոչ միայն իրենց, այլեւ ծառայակից ընկերների բանակային առօրյան:

Մասնագիտությամբ լրագրող սերժանտ Հովհաննես Վարդանյանն էլ ծառայության ընթացքում որոշեց, ոչ ավելի-ոչ պակաս, զորամասային թերթ հրատարակել: Դե, փորձն էլ արդեն ուներ՝ Երեւանի պետական համալսարանում խմբագրել էր «Վարդանանք» ռազմահայրենասիրական պարբերաթերթը:

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի, «Զանգակ» հրատարակչության եւ ընկերների օժանդակությամբ ու աջակցությամբ կարողացավ իրողություն դարձնել մտադրությունը:

 

 

-«Մոնթե» զորամասային ամսաթերթի առաջին փորձնական համարը տպագրվեց 2017թ. սեպտեմբերին, երբ ընդամենը երկու ամսվա ծառայող էի: Հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը, երբ տեսավ թերթը, հաճելիորեն զարմացավ: Այն ներկայացրինք զորամասի հրամանատարին և համաձայնությունն ստանալուց հետո զբաղվեցինք նախապատրաստական աշխատանքներով: Սկզբում չափազանց դժվար էր, քանի որ առավոտյան մարտավարական ու կրակային պարապմունքներով էի զբաղվում, իսկ երեկոյան` հանգստի ժամին, պատրաստում էի նյութերը, հետո արդեն ինձ միացավ նաև շարքային Գագիկ Եկմալյանը, ստեղծագործելու շնորհ ունեցող ուրիշ զինվորներ:

Ամսաթերթն անվանեցինք «Մոնթե», որովհետև պաշտպանական այս շրջանում էր կռվել լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանը:

«Մոնթե» ամսաթերթի տասնմեկ համար արդեն հանձնվել է ընթերցողի դատին (ամսաթերթը տպագրվում է 300 օրինակով): Թերթն առկա է բոլոր մարտական դիրքերում, զորամասի գրադարանում, ժամանցի և տեղեկատվության սենյակներում: Ամսաթերթը տրամադրվում է նաև զորամաս այցելած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, մոտակա դպրոցներին:

«Մոնթեն» դարձել է զորամասի տարեգիրը՝ պատմություն դարձնելով բանակային առօրյան, թերթի էջերում ներկայացվում են զորամասի շնորհալիները, առաջնագծում ծառայությամբ աչքի ընկած զինվորները, վաստակաշատ զինվորականները:

-Հիշում եմ, երբ «Մոնթեի» առաջին համարն առաջնագծում բաժանեցինք, բոլորը զարմացած էին, քանի որ թերթի բոլոր հերոսներն իրենց ծանոթ էին: Մեկը ծիծաղում էր, մյուսը՝ շտապում կարդալ, երրորդն էլ լուռ թերթում էր էջերը: Նշեմ նաև, որ զինծառայողները «Մոնթեի» յուրաքանչյուր նոր համարի էջերում փնտրում են հենց իրենց, ծառայակից ընկերներին, իրենց անմիջական հրամանատարներին: Անկեղծ ասած՝ արձագանքը ոչ միշտ է դրական լինում: Մենք աշխատում ենք հավասարության սկզբունքը պահել` ամեն անգամ ներառելով մի քանի ստորաբաժանումների լավագույն սերժանտներին ու շնորհալիներին: «Մոնթեի» էջերում պիտի արժանավորները լինեն, ովքեր առանձնանում են իրենց պարզությամբ ու համեստությամբ, իրենց բարեխիղճ եւ նվիրված ծառայությամբ:

«Առաջնագիծ», «Զինվորի օրագիր» «Հարցազրույց», «Հայ զինվոր», «Ուսումնական», «Հրամանատարական», «Ի հիշատակ», «Հոգևոր անկյուն», «Զինանոց». սրանք թերթի խորագրերի ընդամենը մի մասն են:

-Ըստ ամսվա կարևոր իրադարձությունների էլ որոշում ենք, թե այս կամ այն համարում որ թեման պետք է առաջնային լինի, ինչի մասին գրվի, որ առավել հետաքրքրի, հուզի ընթերցողին: Մեր վերջին համարում, օրինակ, գրել էինք  զորամասում ծառայող հարազատ եղբայրների մասին, նրանց ապրումների, թե ինչպես են միասին հաղթահարում ծառայողական դժվարությունները: Շատ հետաքրքիր և հուզիչ էր: Առաջիկա համարում էլ անդրադառնալու ենք ծառայելու նպատակով արտերկրից հայրենիք վերադարձած մեր հայրենակիցներին, գրելու ենք նաեւ բանակում ծառայող ազգային փոքրամասնությունների մասին: Ամեն անգամ աշխատում ենք նորովի մոտեցում ցուցաբերել: Երբեմն-երբեմն էլ հարցումների միջոցով փորձում ենք պարզել, թե որ թեմաներն են առավել հետաքրքրում մեր ընթերցողներին:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌՄինչ բանակ գալս էլ գրել եմ բանակային թեմաներով, բայց հիմա ամեն ինչ ավելի իրեղեն է, զգայական շերտերով, և դու անմիջական կրողն ես այդ ամենի: Թերթը զինվորական առօրյայիս նոր գույն է հաղորդել: Հպարտությունս անչափելի է, շատ եմ ոգեւորվում, երբ զինընկերներս այն ուղարկում են տուն՝ ծնողներին, հետո ոգեւորված պատմում  հարազատներին պարգեւած ուրախությունը: Նման պահերին աշխարհն ասես ինձ են տալիս: Ուրախ եմ, որ մասնագիտական հնարավորություններս կարողանում եմ ծառայեցնել թե՛ զորամասին, թե՛ զինընկերներիս:

Մի քանի ամսից կավարտվի զինվորական ծառայությունս: Անկեղծ ասած՝ շատ եմ մտածել, թե զորացրվելուց հետո «Մոնթե» թերթն ինչ ճակատագրի կարժանանա: Այժմ փնտրտուքի մեջ եմ, ուզում եմ բանակային ընկերներիս շրջանում գտնել մեկին, որը պատրաստակամություն կհայտնի սրտացավորեն զբաղվելու թերթի պատրաստման և խմբագրման աշխատանքներով: Պատրաստ եմ նաև ուժերիս ներածին չափով ուսուցանել էջադրման, ձևավորման, հրատարակչական ու խմբագրական նրբություններն ու դրանց առանձնահատկությունները: «Մոնթեն» պետք է լույս տեսնի: Եվ «Մոնթե» թերթի միջոցով պետք է նորովի բացահայտվեն հայ սպայի, զինվորի կերպարը և այն կարևոր առաքելությունը, որ ստանձնել են պետական սահմանն անխախտ պահող դիրքապահներն ու նրանց հրամանատարները:

♦♦♦

«Մոնթե» ամսաթերթը կշարունակի իր երթը եւ իր էջերում կպատմի հայ սպաների ու զինվորների անօրինակ սխրանքների, անմնացորդ նվիրումի մասին: Վստահ եմ՝ թերթում տեղ գտած շատ նյութեր լրագրող Հովհաննես Վարդանյանի համար հետագայում կդառնան գեղարվեստական ստեղծագործությունների հրաշալի հիմք եւ սյուժե:

Իսկ առայժմ սերժանտ Հովհաննես Վարդանյանը, որը նաև զորամասի սերժանտական խորհրդի նախագահն է, մեծագույն պատասխանատվությամբ կատարում է զինվորական իր առաքելությունը՝ ամուր ու անսասան պահելով հայրենի եզերքը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Ազգային բանակ


28/03/2019