«ՍՊԱՐՏԱԿ»` ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՄԱՀԱՊԱՐՏԸ
Օրերս ՀՀ Գրողների միության կլոր դահլիճում կայացավ մեր ժամանակի ճանաչված գրող, թարգմանիչ, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի նոր` «Սպարտակ» գրքի շնորհանդեսը:
Գ.Ջանիկյանը թարգմանել է Ս.Բեքեթի, Ալբեր Քամյուի և այլոց ստեղծագործությունները: Սակայն հեղինակի նախասիրած ժանրը վավերագրությունն է, հատկապես` ժամանակակից հայ իրականությունը, մերօրյա հերոսները: Նախընտրած թեման Մեծ եղեռնն է, վերապրածների ճակատագրերը, կորուսյալ երկրի կարոտը ու այն հավատը, թե գալու է մի օր, երբ մենք նորից կլինենք մեր պատմական հայրենիքի տերը: Նա զգալի ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտի վավերագրության գործում: Ազատամարտին առնչվող նրա գրքերն են. «Ջոկատը, որ կոչվում էր մեծն Մուրադ», 2005 թ., ¥արժանացել է «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի մրցանակին): «Հույսի հորիզոնի լուսաստղը» 2007 թ.: «Եռաբլուր» 2008 թ. (արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Հայաստանի Գրողների միության՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցույթի առաջին մրցանակին)։ «Հաղթազենները», 2009 թ.: «Դարի դեմքը» 2010 թ. (ՀՀ Ազգային հերոսների դիպաշար): «Ապրիլ 11(24)», 2013 թ.¥«Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի մրցանակ):
Ի դեպ, 1996-2003 թվականներին Գրիգոր Ջանիկյանն աշխատել է «Հայ զինվոր» շաբաթաթերթում և բանակը, ինչպես ասում են, ճանաչում է խորքից ու հիմքից, ինչն առավել արժեքավոր է դարձնում նրա կատարած աշխատանքը:
2019թ. լույս տեսած «Սպարտակ» գրքի հերոսը արծիվ-մահապարտների ամենատարեց ազատամարտիկն է` մասնագիտությամբ պատմաբան, հոգով` պահանջատեր Սպարտակ Մաթևոսյանը: «Երբ ինձ ասում են` խաղաղություն եմ ուզում, ասում եմ` մեր պարագայում սովորական խաղաղություն հնարավոր չէ, մեզ պետք է միայն և միայն հաղթական խաղաղություն, այլապես պատերազմը շարունակ կձգձգվի»,- ասում է ազատամարտիկը:
53 տարեկան էր, երբ լսելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչը, շտապեց համալրելու հանուն կյանքի մահվան մեկնող ռազմիկների շարքերը: Նրան փորձել էր հետ դարձնել Վազգեն Սարգսյանը ասելով` «Գնացեք տուն, Ձեր տղաներին ուղարկեք»: Սակայն հաղթ տղամարդուն, որն արդեն կայացրել էր իր վճիռը, անհնար էր համոզելը. «Նախ՝ տղա չունեմ, պարո՛ն նախարար, հետո, խնդրում եմ, ինձ մի՛ վիրավորեք: Երբ 1965 թվականի ապրիլի 24-ի ցույցերին մասնակցելու համար ինձ տանջում էին պետանվտանգության նկուղներում, այս ջահելները դեռ չէին ծնվել…»: Միայն ուսերն էր թոթվել Սպարապետը:
…Պահը օրհասական էր` «լեռնաշխարհի ոգու միջնաբերդը` Գանձասարը» պետք էր անառիկ պահել, պետք էր վերականգնել մեր ժողովրդի վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Եվ տղերքը գնացին: Սպարտակ Մաթևոսյանը մասնակցում է Չլդրանի ինքնապաշտպանական մարտերին: Այնուհետև ազատագրում են Դրմբոնը, Վաղուհասը: Ջոկատների առջև խնդիր էր դրված պայմաններ ստեղծել Մարտակերտի ու Քարվաճառի ազատագրման համար, ինչը և հաջողությամբ կատարում են:
Սպարտակ Մաթևոսյանի ուսանողական տարիները համընկել էին 60-ականների ազգային զարթոնքի հետ: Երբ 1965-ին հայությունը նշում էր Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը, նա իր համակուրսեցիների հետ Լենինի հրապարակում էր: Մինչ հավաքվածները պահանջում էին, որ իշխանությունների ներկայացուցիչները բեմահարթակ գան ու լսեն իրենց, Մաթևոսյանն ու իր համակուրսեցի Ստյոպա Ավայանը թուղթ ու մատիտ են փնտրում, որ շարադրեն կառավարությանն ուղղված պահանջագիրը: «Ղարաբաղը, Նախիջևանը, Կարսի նահանգը վերամիավորել Հայաստանին, հայերի ներգաղթ կազմակերպել և բնակեցնել այդ տարածքներում, վերականգնել պատմական արդարությունը և ապահովել ինքնիշխանություն»:
Երիտասարդներն ստեղծում են գաղտնի կազմակերպություն` Հայոց երիտասարդական միություն (ՀԵՄ): ԽՄԿԿ 23-րդ համագումարին ընդառաջ՝ ՀԵՄ-ականները հայության արդարացի պահանջը ներկայացնող 25 հազար թռուցիկ են տպում ու տարածում: Նրանց չեն ընկճում Պետական անվտանգության կոմիտեի հետապնդումներն ու ճնշումները: Եվ, բնականաբար, երբ ազատագրական պայքարը որոշիչ փուլ թևակոխեց, նա չէր կարող անմասն մնալ:
«Սպարտակ» գրքի գլխավոր հերոսը ազատագրական ամենաթեժ մարտերին մասնակցած տարեց մահապարտն է, որը տարիներ անց` Ապրիլյան քառօրյային 78 տարեկանում կրկին առաջնագծում էր լինելու, այս անգամ` ժամկետային զինծառայող թոռան հետ։ Գիրքն արժեքավոր է նաև նրանով, որ գեղարվեստորեն ներկայացված նյութը փաստավավերագրություն է` իրական հերոսներով և նրանց գործած սխրանքներով: Գրքին յուրահատուկ գրավչություն են հաղորդում բնապատկերները, ռազմի գործողությունների քարտեզագրված նկարագրությունները և, իհարկե, հարուստ ու երգեցիկ հայերենը, որով աչքի են ընկնում Գրիգոր Ջանիկյանի բոլոր ստեղծագործությունները:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Հոգևոր-մշակութային