Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԶԳԵՆԸ



ՎԱԶԳԵՆԸՄենք միշտ եղել ենք կենտրոնում, շարունակելու ենք մնալ կենտրոնում։ Մենք միշտ եղել ենք շանթարգելի դերում և կշարունակենք մնալ այդպիսին։ Քանի դեռ այս երկրում կա պատերազմի վտանգը, դեռևս կա քաղաքական կատակլիզմների վտանգը, մենք պարտավոր ենք մեր վրա վերցնել բոլոր հարվածները։

Մենք պատրաստ ենք մերանի դեր խաղալ, հաշտեցնողի դեր խաղալ բոլոր կարգի քաղաքական հարցերում, իշխանությունների ու ընդդիմության արանքում, պատերազմի ու խաղաղության արանքում։ Մենք պատրաստ ենք երկուսին էլ՝ և՛ պատերազմին, և՛ խաղաղությանը։

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Իր քառասնամյակի առիթով ես նրան Սպարապետ և Մատենագիր էի մեծարել. սպարապետը Վարդան զորավարն էր, կամ, թերևս, Գարեգին Նժդեհը, կամ գուցե Լիպարիտ Կիլիկեցին, մատենագիր անշուշտ Եղիշե Պատմիչն էր, կամ թերևս մի ուրիշը՝ ով իրենով կմարմնավորեր միատեղված զորավարին ու մատենագրին։

Ես միշտ միտված եմ եղել Աստծուն իմ ծնողի ու իմ զավակի մեջ տեսնել և Ավարայրը մեր օրերում և կարմիր մշուշների հեռավոր Վարդանին այսօրվա մեջ մեր կողքին տեսնել. այստեղի՛, այսօրվա՛, անօտարելի բաղադրիչներն են և՛ մեր բոլոր ու բոլոր առաքինությունները, և՛ բոլոր ու բոլոր արատները։

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՎԱԶԳԵՆԸ

Նա իր գիրն ու իր արյունը դրեց մեր ազգային այդ ավանդական մատյանի մեջ, քանի որ՝ ով մի անգամ գիտակցում է իր ժողովրդի անսպառ հույսը և հայրենիքի սերը, մնայուն արժեքները, շուրջը՝ գետը, լեռը, դեպքերը, անձրևը դառնում են հպանցիկ։

Վազգենը մեր մարմնի վիրավորված մասն է, և մեր արյունն իր ամբողջ ուժգնությամբ հոսում է դեպի այդ բացված վերքը՝ բուժելու վիրավոր կտրվածքը, այդպես էլ ժողովրդի ոգին, առավելապես մարմինը ամենածայրահեղ, ճակատագրական պահին կանչում է իր գենի զոհին, կարմրածուփ նշանը ճակատին ընտրյալին, զորեղին՝ իր զանգվածի մարող, ամենից տկար մասը փրկելու։

ՆԱ կանչված էր։

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

 

Մենք բոլորս մեր ծնված օրից Արարատ ենք գնում։ Ու հավատում ենք, որ մի օր պիտի հասնենք։ Այդ հավատը մեզ Վազգեն Սարգսյանն է ներշնչել իր նկարագրով, իրեն նվիրված խենթ ու խելառ տղաներով, ազգային պետականության վերականգնման, հայրենի տարածքների ազատագրության համար մղած մարտերով, այդ մարտերում կազմավորված, արդարամարտը հաղթանակով ավարտած բանակով։

Որտեղի՞ց են ծնվում առասպելները։ Իրականությունից, մե՛ր իրականությունից։ Մտերմիկ զեղումների պահերին ասում էր, որ իր արմատները արարատահայաց Ակոռիից են, ժաժքից հետո են հանդիպակաց գյուղը տեղափոխվել, որ սրբազան լեռը միշտ իրենց դիմաց լինի, վերադարձը հեշտ լինի։

Վազգեն Սարգսյանը, չգիտեմ ինչու, հավատացած էր, որ Արարատ տանող ճանապարհը Արցախով է անցնում։ Նա փառքով հաղթահարեց այդ ուղու դժվարին փուլը ու չնայած դավադիր ոլորաններում ընկավ, շարունակում է գլխավորել Արարատ տանող մեր հաղթերթը։

Գլխավորում էր երեկ։

Գլխավորում է այսօր։

Գլխավորելու է վաղը։

Մի՛շտ։

ԳՐԻԳՈՐ  ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Ազգային բանակ


28/03/2019