ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ
Բարեւ Ձեզ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» հանդեսի հարգելի խմբագիր։ Ձեզ գրում է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակչուհի Շողիկ Դավթյանը։
Իմ որդին ՌԴ քաղաքացի է, սակայն բուհն ավարտելուց անմիջապես հետո իր ցանկությամբ եկավ Հայաստան. 2018թ. հունիսից՝ որպես շարքային, ծառայում է Հայկական բանակում եւ պաշտպանում հայրենիքի սահմանները։ Ես՝ որպես հայ մայր, հպարտանում եմ իմ հայրենասեր զավակով, որը լինելով ՌԴ քաղաքացի` հոգու թելադրանքով եկավ իր պարտքը տալու Հայրենիքին։
Ես բանաստեղծություն եմ նվիրել իմ զինվոր որդուն եւ շատ եմ ցանկանում, որ այն տպագրվի ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» հանդեսում։ Համոզված եմ, որ իմ մայրական սրտի խոսքը ոգի կտա եւ արիություն կհաղորդի մեր զինվոր զավակներին` պատվով ծառայելու Մայր հայրենիքին։
Հավատում եմ նաեւ, որ զինվոր տղայիս օրինակը կքաջալերի ՌԴ-ում ապրող շատ հայ երիտասարդների, որ ինքնակամ գան եւ ծառայեն մեր բանակում։
Հարգանքով` Շողիկ Դավթյան
ՌԴ, ք.Նովոսիբիրսկ
ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈԻՍ
Հողմն է շառաչում, բախվում կտուրին,
Սիբիրյան կեչին տնքում է ցավից,
Մութը չի ուզում կարծես նահանջել,
Պատել է սրտիս անլո՜ւր մի թախիծ։
Փախել է վաղուց քունը աչքերիս,
Միտքս քեզ հետ է, զինվո՜րս, որդի՛ս.
Մրսո՞ւմ ես, կո՞ւշտ ես, չգիտեմ նույնիսկ,
Չես տրտնջացել, ա՜խ, գոհ ես դու միշտ։
Ոգիդ անպարտ է, կամքդ՝ աներեր,
Պատրաստ ես կրծքով հայրենին պահել
Ու սահմանները սուրբ հայրենիքիդ
Պաշտպանել, ինչպես սիրող մայրիկիդ։
Հարազատ հողի կանչն էր քո սրտում,
Քեզ հեռո՜ւ հեռվից կանչեց դեպի տուն։
Եկար, որ երկրիդ վահա՛նը լինես,
Սեփական կրծքով երկիրդ պահես։
Դու անպա՛րտ մնա եւ ուժե՛ղ եղիր,
Որ մեր երկինքը մի՜շտ անամպ լինի…
Ոգիդ անպարտ է, կամքդ՝ աներեր,
Պատրաստ ես կրծքով հայրենին պահել։
Քոնն է իմ սերը` թրծված աղոթքով,
Եվ օրհնանքը իմ՝ հոգիդ ամոքող։
Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Բանակ և հասարակություն