ՍԻՐԻ՛Ր, ՈՐ ԱՊՐԵՍ
Արշակ Հովհաննիսյանի անունն առաջին անգամ լսեցի, երբ ապրիլյան պատերազմի օրերին այցելում էի հոսպիտալներում բուժվող մեր վիրավոր զինվորներին. «Արշակի հետ զրուցելուց հետո անկումային տրամադրությունս փոխվեց», «Արշակը հույս տվեց»: «Երբ իմացա, որ Արշակն առանց ոտքերի քայլում է, ամուսնացել է, երեխաներ ունի, որոշեցի ապրել»:
…Օրեր առաջ Արշակին հանդիպեցի մարզասրահում, բասկետբոլ էր խաղում, կարճատև զրույցի ընթացքում իմացա, որ բասկետբոլից բացի, նաև հոկեյով է զբաղվում, թիմի ավագն է: Սեփական սրահն է բացել, վարսավիրություն է անում: Եվ ահա որոշեցի իրականացնել վաղեմի ցանկությունս ու ընթերցողին պատմել ազգային բանակի առաջին զինվորներից մեկի՝ Արշակ Հովհաննիսյանի մասին:
–Արշա՛կ, ճիշտ կլիներ, որ մեր զրույցն սկսեինք ամենասկզբից, պատմեինք պատերազմի, Ձեր ռազմաճակատային սխրանքների մասին, որոնց համար արժանացել եք բազմաթիվ մեդալների՝ «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» և այլն: Բայց ես չեմ համբերում և ուզում եմ տալ ինձ ամենահետաքրքրող հարցը՝ բոլո՞րս ունենք ուժի այդ ակունքը, թե Դուք արտասովոր մարդ եք: Առանց ոտքերի, խոր սպիներով ու բազմաթիվ բեկորներով պատված ձեռքով ֆիզիկական աշխատանք եք կատարում: Համալսարան եք ավարտել: Ու երբ մասնագիտությամբ գործ չեք գտել, վարսավիրություն եք սովորել: Այսօր Ձեր սեփական սրահն ունեք: Ընտանիք եք կազմել, երկու երեխա եք մեծացրել:
-Պատերազմն իմ առաջին փորձությունը չէր: Ես մի անգամ էլ եմ բարձրացել ծնկած դիրքից:
Մեծ ու երջանիկ ընտանիք ունեի: Կոմիտաս թաղամասում մեր երկհարկանի տանը ապրում էին մայրս ու նրա երկու եղբայրները՝ իրենց ընտանիքներով: Առաջին հարկում մենք էինք, երկրորդ հարկը բաժանված էր երկու մորեղբայրներիս միջեւ: Հաճախ հավաքվում էինք մի սեղանի շուրջ՝ մոտ 20 հոգի: Թվում էր՝ երջանկությունը օրվա հացի պես սովորական է ու պարտադիր և միշտ պիտի քեզ հետ լինի: Հայրս փականագործ էր, մայրս՝ բուժքույր: Խորհրդային տարիներին աշխատավոր մարդը կարող էր ապահով ու արժանապատիվ ապրել: Մենք ամեն տարի ամռանը ընտանիքով ճամփորդում էինք: Չեմ մոռանում մեր 24-օրյա նավարկությունը, մեր շրջագայությունը տարբեր քաղաքներում:
…Ես սիրում էի տարբեր նյութերից զանազան իրեր պատրաստել՝ կավից, փայտից: Գուցե քանդակագործ դառնայի կամ օդաչու: Բայց մի քանի րոպեում ամեն ինչ ավարտվեց. մայրս անսպասելի մահացավ: Ու իմ աշխարհը փլվեց: Պարզվեց՝ մայրս այն թելն էր, որն աշխարհն ու մարդկանց կապում էր ինձ, որն իմաստավորում էր բոլոր հարաբերությունները: Այն առանցքն էր, որը պահում էր իմ կյանքի կառույցը: Լույս էր, առանց որի ամեն ինչ թաղվեց խավարում: Օրերով տուն չէի գալիս, ոչ մեկին չէի ուզում տեսնել: Ես հայտնվեցի ինչ-որ անծանոթ կետում, ու պիտի նորից սովորեի ապրել:
–Ինչի՞ց սկսեցիք, ինչպե՞ս սովորեցիք…
-Զորակոչվեցի: 1992-ի բանակը նման չէր այսօրվա բանակին: Խաշած կարտոֆիլը շքեղություն էր ջրի մեջ փափկեցրած ձավարից հետո, որ ուտում էինք գրեթե ամեն օր: Երբեմն նույնիսկ այդ ձավարը չէր լինում, որովհետեւ պատերազմ էր, ազատագրված գյուղերում դիվերսիոն խմբեր էին թաքնվում, երբեմն ճանապարհները վտանգավոր էին, անանցանելի: Բանակից առաջ ես մտածում էի, որ էլ կորցնելու բան չունեմ, այսինքն՝ ոչինչ չունեմ այլեւս: Բանակում ծնվեց, օր օրի մեծացավ մի զգացողություն: Մի կապվածություն… դանդաղ, հետզհետե, ասես մշուշի միջից երևաց, հետո ավելի ու ավելի մոտեցավ…
–Ի՞նչը…
-Հայրենիքը: Ու ես հասկացա, որ դեռ կա, դեռ ունեմ թանկ ու կարևոր մի բան: Երբ մահը բառացիորեն կողքիդ է, իրականությունն ակամա սկսում է իմաստավորվել: Երբ ավտոտնակում ռմբակոծությունից պատսպարված ծեր ամուսինները մեզ թեյ հյուրասիրեցին՝ քաղցր-համով թեյ, ասես նորից զգացի կյանքի համը: Այդ օրն ինչ-որ կարծր բան հալվեց սրտիս մեջ:
–Քանի՞տարեկան էիք այդ ժամանակ:
-Քսան: Մի անգամ հրամանատարը հարցրեց՝ պատրա՞ստ եք զոհվել հանուն հայրենիքի: Դրա համար ենք եկել՝ ասացի միանգամից: Ու բացարձակ անկեղծ էի: Հետո սկսեցի մտածել ասածիս մասին: Երկար մտածեցի ու հասկացա, որ սա է երջանկությունը, երբ պատրաստ ես մեռնել ինչ-որ մեկի համար:
–Մենք բոլորս երջանկություն եք որոնում, ու ես հազար անգամ, հատկապես մեծ արվեստագետների հետ զրուցելիս խնդրել եմ բանաձևել երջանկության իրենց պատկերացումը, բայց երբեք այսպիսի պատասխան չէի լսել:
-Այդ օրը մեկը մյուսի հետեւից տանկեր եկան Հորադիզից՝ վրան վիրավոր ռազմիկներ: Այդ տեսարանը նույնպես չեմ մոռանում: Ես մեղքի ահավոր զգացում ունեի, իմ սիրտը ցավում էր նրանց համար: Նրանք իմ եղբայրներն էին: Ու այլևս ոչ մի դժվարություն, մահվան ոչ մի հեռանկար սարսափելի չէր հայրենիքը թշնամուց մաքրելու մեծ նպատակի ու ցանկության դիմաց:
Պատերազմը խախտում է բոլոր օրինաչափությունները: Երեք հոգով իրարից 100-200 մետր հեռավորությամբ դիրքավորվել ու պահում էինք սահմանը: Ես իմ ՌՊԿ-ով, մի ֆագոտ, մի նռնականետ ու չորս մագազին փամփուշտ: Սա պահմտոցի խաղալ էր մահվան հետ: …Երբ երրորդ օրն էլ սնունդ չեկավ, ընկերներով որոշեցինք մտնել դիմացի ադրբեջանական գյուղը եւ ուտելիք բերել: Կամուրջն անցել, բաց դաշտով գնում էինք դեպի ադրբեջանցիների տները, իմանալով, որ ամեն պահի կարող է լսվել դարանակալ թշնամու կրակոցը…
–Կռված տղաներն ասում են՝ հանգամանքերն են մարդուն հերոս դարձնում:
-Հոգու խորքում մենք բոլորս նույնն ենք: Հիշեցի Հալի պոստի դեպքը, երբ ադրբեջանական բանակի համազգեստով մեկը մտել էր ականապատված դաշտ ու հանգիստ գալիս էր ուղիղ դեպի մեզ: Քանի որ համազգեստը չէր հերիքում, մենք հագնում էինք, ինչ պատահում էր: Նույնիսկ՝ ադրբեջանական բանակի համազգեստ, որ գտնում էինք ազատագրված գյուղերում: Ու երբ տեսանք ադրբեջանական համազգեստով զինվորին, մտածեցինք՝ մերոնցից է: Հարցրինք՝ ո՞ւր ես գնում: Ասաց՝ домой: Թղթերը նայեցինք, տեսանք՝ ադրբեջանական բանակի զինվոր է, նույնիսկ արձակման թերթիկ ունի: Տուն է գնում: Միշտ հիշում եմ ադրբեջանցի զինվորի միամիտ-վախեցած домой-ը: Մենք բոլորս Տուն ենք գնում, ուղղակի տուն տանող ճանապարհը ճակատագիրն է գծում, ու այն կարող է ռազմաճակատով անցնել:
–Ե՞րբ, ինչպե՞ս վիրավորվեցիք:
-94-ի հունվարը ամենադաժանն էր: Մասնավորապես՝ հունվարի 23-ը: Ամեն տարի հունվարի 23-ին մենք՝ մարտական ընկերներով, հավաքվում ենք ու նշում մեր զոհված ընկերների հիշատակը ու մեր պատահական ողջությունը:
Ադրբեջանցիները կատաղի դիմադրում էին: Հետո անսպասելի անցան ուժեղ հակագրոհի: Մենք մնացինք բաց դաշտում, կրակի տակ: Ես մի փոքրիկ խողովակի հետեւում էի պատսպարվել, գնդակների տարափը կրակե օղակ էր գծել շուրջս: Գեղամի նյարդերը չդիմացան: Ոտքի կանգնեց, ՌՊԿ-ն վերցրեց, բարձրացավ խողովակի վրա ու գնդակների տարափի տակ սկսեց վազելով կրակել: Հետո… տղաները հնձված արտի պես պառկած էին դաշտում: Կրակը նույն թափով շարունակվում էր, բայց դրան այլեւս ուշադրություն դարձնող չկար… Տղաներին պիտի դուրս բերեինք մարտադաշտից: 18 վիրավոր, երեք զոհ… ու միայն մեկին՝ Վահանին, չկարողացանք հանել կրակի գոտուց: Իսկական դժոխք էր: Տղաներից մեկին մարտադաշտից դուրս բերելիս 8 գնդակ դիպավ: Ու բացարձակ պատահականություն էր, որ ութ գնդակն էլ ընկերոջս դիպավ, ոչ թե ինձ: Հետո փամփուշտը վերջացավ…
–Դուք այդ ժամանա՞կ վիրավորվեցիք:
-Չէ՛: Շատ ծանր օրեր ենք ապրել, շատ դաժան մարտերի միջով ենք անցել, բայց կան պատկերներ, որոնք ուղղակի դաջվել են սրտիս մեջ: Ես ու Հաբեթը Գեւորգի մարմինը գյուղ բերելիս պիտի գետի միջով անցնեինք: Հունվարն էր: Սառնամանիք: Ես ու Հաբեթը մտել էինք գետը մինչև գոտկատեղ, բայց լուռ համաձայնությամբ՝ Գևորգի մարմինը բարձրացրել, պահել էինք մեր գլխավերեւում, որ մեր զոհված ընկերը հանկարծ չթրջվի: Որովհետև զոհված ընկերը սրբություն է:
Մենք մինչեւ երեկո հանգստացանք, չորացանք, հետո որոշեցինք գնալ դիրքեր ու տղերքին ուղարկել գյուղ, որ նրանք էլ մի քիչ շունչ առնեն ծանր մարտից հետո: Սահմանին երկուսով էինք՝ ես ու Հաբեթը: Վազում էինք երկար սահմանի երկայնքով ու տարբեր կետերից, տարբեր զենքերով կրակում էինք, որ թշնամուն թվար՝ սահմանին մեծ ուժ կա: Վեց-յոթ ժամ վազվզեցինք ու կրակեցինք: Ադրբեջանցիները երկար ժամանակ կասկածելի լռել էին, հետո հանկարծ վրա տվեցին բոլոր զենքերով: Երկու հոգով պիտի փակեինք նրանց ճանապարհը: Հետևում մեր մարտական ընկերներն էին, հետևում հայրենիքն էր: Այդ պատկերը նույնպես չեմ մոռանում, այդ զգացողությունը… Ես ձուլվել էի հողին, գնդակները շուրջս բզկտում էին հողը: Դժոխային աղմուկ էր: Անընդհատ վրաս ինչ-որ բան էր թափվում, մերթ՝ տաք, մերթ՝ սառը, մերթ՝ ծանր, մերթ՝ թեթև… Ձմեռ էր, բայց ես հողը տաքացրել էի մարմնիս ջերմությամբ, շրթունքներս զգում էին հողի համը: Վախ չկար, ցավ չկար: Որովհետև ես մենակ չէի, հողը շնչավոր էր: Ինձ հետ էր: Ասում էր՝ մի՛ վախեցիր, շուտով կավարտվի: Հետո… ես գրկել էի հողը, որ մարմնով նրան պաշտպանեմ գնդակներից: …Եթե խաղաղության մեջ տարիներով, տասնամյակներով կարող ես չգտնել-չզգալ հայրենիքդ, պատերազմի դաշտում վայրկյաններ են պետք, որ հողը հայրենիք դառնա…
…Վիրավորվեցի 5 օր անց՝ հունվարի 29-ին: Տեսա՝ հակառակորդի կողմից չորս ադրբեջանցիներ ընդհուպ մոտեցել են մեր դիրքերին: Զենքս առա, գնացի ընդառաջ: Չհասցրի մոտենալ, ուժեղ հարված զգացի: Հետո՝ երկրորդը: Մտածեցի՝ ադրբեջանցիները խփեցին: Առաջինը աբովյանցի Արթուրը հասավ, հետո տղաները եկան: Երբ ոտքերս լարանով կապեցին, դժոխային ցավ սկսվեց: «Վիլիսի» մեջ էինք արդեն, երբ տեսա, որ ոտքս չկա: Հասկացա՝ ական էր պայթել: Այն էլ՝ երկուսը: Բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց մյուս ոտքս նույնպես փրկել չհաջողվեց: Ինը վիրահատություն տարա:
–Ասում են՝ հենց առաջին օրվանից ձեռնափայտից հրաժարվել եք:
-Հիվանդանոցում պրակտիկայի եկած բուժքույրերից մեկը՝ Լուսինե անունով, սիրահարվեց ինձ: Առաջին անգամ ինձ փրկեց հայրենիքս, երկրորդ անգամ՝ սերը: Լուսինեի ծնողները դեմ էին մեր ամուսնությանը, բայց չկարողացան համոզել, որ հրաժարվի ինձնից: Հետո ծնվեցին երեխաներս: …Ուժի ամենամեծ ակունքը քո սերն է ինչ-որ մեկի հանդեպ:
–Ես մտածում եմ՝ ինչ-որ մեկի սերը քո հանդեպ: Նույնիսկ այդպիսի ֆիլմ կա, կարծեմ՝ պարսկական. «Սիրի՛ր, որ ապրեմ»:
-Չէ՛: Ձեր ասածի մեջ եսասիրություն կա, դա չի ապրեցնի: Քո ուժի ակունքը քո սիրո մեջ է: Սիրի՛ր, որ ապրես:
….Ես ոտքի կանգնեցի: Այնքան ամուր կանգնեցի, որ ինձ էլ ձեռնափայտ պետք չէր: Քո բոլոր վախերը, թուլությունները գլխիդ ու հոգուդ մեջ են, մարմինդ կատարող է ընդամենը: Իսկ իմ հոգին արագ ապաքինվեց: Ես սկսեցի այցելել վիրավոր զինվորներին, որ իմ օրինակով վարակեմ նրանց: Գիտեք՝ ես ինչո՞ւ ընդունվեցի պետական համալսարան:
–Որ մասնագիտություն ունենաք, աշխատանք գտնեք:
-Որ մասնագիտանամ՝ որպես սոցիալական աշխատող և օգնեմ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց: Կարևորը՝ հոգին չկոտրվի: Հոգու հաշմանդամությունը ամենածանր դատավճիռն է: Ես ավարտեցի ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ սոցիալական աշխատանք մասնագիտությամբ: Սովորեցի, թե ինչպես պիտի օգնել այն մարդկանց, ովքեր կյանք վերադառնալու եւ հասարակությանը մերվելու խնդիր ունեն: Իսկ աշխատանք գտնելու համար վարսավիրություն սովորեցի: Հիմա իմ սեփական բիզնեսն ունեմ: Բոլոր ցավերը, դժվարություններն անցողիկ են, եթե կարողացել ես պահպանել հոգիդ:….Միշտ ինչ-որ մեկն ունի քո կարիքը: Իսկ սերը գիտի՝ որտեղ փնտրել ուժի պաշարներ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #11 (1282) 27.03.2019 - 2.04.2019, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում