ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Մարտի 26-ին տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ խորհրդաժողովը:
2016թ. մեկնարկած ծրագրի նպատակը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը աջակցելն է, ինչպես նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը օժանդակելը:
Խորհրդաժողովի բացման արարողությանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ դիտարկելով այն որպես նշանակալի ներդրում ոլորտի բարեփոխումների գործընթացում և հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Փոխնախարարը նաև գոհունակությամբ նշել է, որ Ծրագրի շրջանակներում նախանշված միջոցառումների իրականացման շնորհիվ գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:
Խորհրդաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, որը ներկայացրել է ինչպես Ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության իրականացրած միջոցառումներն ու դրանց արդյունքները, այնպես էլ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած բարդություններն ու խոչընդոտները:
Միջոցառմանը մասնակցել են ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և այլք:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած սպաների վկայագրերի հանձնման արարողությունը:
Խորագիր՝ Նորություններ