ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ
Ջրվեժ
Մի տարի այս կողմերում երաշտ է լինում։ Արտերը չհասած չորանում են։ Գյուղի ծերերը որոշում են լայնացնել մոտակա առվի հունը։ Մի երկու օրում հունը բավականին լայնացնում են։ Ջուրը թեև ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Բնակիչները սկսում են վիճել, թե ով առաջ ջրի։ Ծերերից մեկն առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի ակին։ Երկու գյուղից էլ երիտասարդները թռչում են դեպի իրենց նախիրները։ Անցնում է որոշ ժամանակ։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով առաջինը կբերի։ Հանկարծ երևում է հարևան գյուղից մի երիտասարդ՝ ուսին մի ոչխար։ Այդ տեսնելով՝ ջրվեժցի երիտասարդներից մեկը հանում է գրպանից դանակը և մորթում ինքն իրեն։ Ջուրը հասնում է ջրվեժցիներին։ Այն տեղը, ուր ընկնում է ջրվեժցի երիտասարդը, համագյուղացիները խաչարձան են կանգնեցնում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ջրվեճ, որը բերնեբերան անցնելով դառնում է Ջրվեժ:
Դալմա
Պարսից Հուսեին-ղուլի խանը, որ տիրել էր Երեւանին, կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին եւ հրամայում է նրանց որոնել եւ գտնել վաղեմի ջրանցքի ակը: Բազմաթիվ վարպետ-արհեստավորների բոլոր ջանքերը կատարելու խանի հրամանը՝ ապարդյուն են անցնում: Կատաղած խանը կարգադրում է գլխատել բոլորին:
Այնուհետեւ վարպետներ են կանչվում Թավրիզից, Սպահանից, Մակուից: Վարպետները գնում են ջուրն ի վեր եւ, վերջապես, հասնում են այն տեղը, ուր երեւում էին վաղեմի ջրանցքի հետքերը: Սկսում են օր ու գիշեր աշխատել, հողը փորել, մինչեւ որ կարողանում են խցված ակը բանալ («դեոլմե» անել), քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել: Դրանից հետո ջուրն առատ հոսում է դաշտն ի վեր ու ոռոգում է գետի մյուս ափին տարածված անծառ, անտունկ անապատը: Ջրանցքի անունը դնում են Դալմա (Դեոլմե), որ նշանակում է ծակած, պեղած:
Զանգեզուր
Երբ Լենկ-Թեմուրը գալիս է Արաքսի ափը, դեռ գետը չանցած, նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում. «Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե` ինչո՞վ նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես հնչեցնում են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ»: Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո ասում է. «Գնա՛, էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ»: Դավաճանը գնում է իր նման մի քանիսի հետ գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ լուրը` վանահայրը կանչում է զանգահարին ու կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է` զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում. «Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…»: Լենկ-Թեմուրը գիշերով գալիս և գրավում է ամբողջ երկիրը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում եմ իրար. «Բա ինչո՞ւ զանգը չտվեցին»: Ոմանք էլ պատասխանում են. «Զանգը զո՜ւր է, զանգը զո՜ւր է…»: Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:
Սվարանց
Պատմում են, որ երբ Լենկ-Թեմուրն ուզում է նվաճել Հայաստանը, մի ծեր զինվոր նրան ասում է.
– Ուր ուզում ես` գնա՛, միայն Սյունիք չմտնես։
– Ինչո՞ւ,- զարմանում է Լենկ-Թեմուրը։
– Այնտեղ ճամփա ու կածան բոլորը դեպի ժայռ են տանում,- պատասխանում է ծեր զինվորը: -Նրանց տներն էլ քերծերում են, բերդերը՝ ժայռերի գլխին, վանքերը՝ նրանցից էլ բարձր։ Ամպերը ցածր են նրանց օջախներից։ Նրանց ո՛չ նետ կհասնի, ո՛չ սուր ու թուր։
– Լավ,- ասում է Լենկ-Թեմուրը,- ես ամենից առաջ նրանց կնվաճեմ։
Եվ հարձակվում է Սյունիքի վրա։ Կռվում է մեկ օր, հինգ օր, տասն օր… Սյունեցիները չեն հանձնվում։ Ցերեկը ծուխ է բարձրանում նրանց օջախներից, գիշերը վառվում են նրանց կրակները։ Լենկ-Թեմուրը խոստումներ է շռայլում, երդումներ տալիս… Սյունեցիները չեն հանձնվում։ Միայն մի գյուղի մարդիկ ուզում են հանձնվել։ Լենկ-Թեմուրը խոստանում է նրանց սրի չքաշել։ Գյուղի վարդապետը չի թողնում հանձնվեն։ Ինչ անում` չի անում, չեն լսում։ Հանձնվում են։ Լենկ-Թեմուրը նրանց քշում է մի դաշտ եւ ասում. «Ես խոստացա ձեզ սրի չքաշել։ Ես խոսքիս տերն եմ։ Բայց ես երդվել եմ նաեւ ձեզ ողջ չթողնել»։ Եվ հրամայում է մի խանդակ (փոս) փորել եւ նրանց ողջ-ողջ թաղել։ Այդպես էլ անում են։ Վարդապետը լսում է տխուր լուրը, վերցնում է ծխամատյանը, գյուղի հին անունը ջնջում, տեղը գրում` Սև արանց շեն, այսինքն` սև մարդկանց, սևերես արարածների գյուղ։ Եվ այդ օրվանից գյուղի հին անունը մոռացվում է, մնում է Սև արանց, որ հետագայում դառնում է Սվարանց:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #12 (1283) 3.04.2019 - 9.04.2019, Հոգևոր-մշակութային