Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՈՅԻ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴԸ



ՊԵՏՈՅԻ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴԸՄարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը անվանակոչվեց նախկին սան, 2015թ. սեպտեմբերի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական ծառայություն կատարելիս արիաբար զոհված 20-ամյա կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանի անունով: Այս առիթով նույն դասասենյակում, որտեղ ձևավորված է զոհված զինվորի անկյունը՝ նրա լուսանկարներով, անձնական իրերով, կայացավ հանդես-ցերեկույթ, որին ներկա էին հերոսի ծնողները, հարազատները, շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, N զորամասի ներկայացուցիչներ՝ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լ.Բաղդասարյանի գլխավորությամբ, շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը, զինկոմիսարիատի աշխատակիցներ, Տիգրանավանի և հարևան համայնքների բնակիչներ, դպրոցականներ, ուսուցիչներ, հյուրեր: Իրենց ավագ ընկերոջ մասին պատմեցին և նրան ներկայացրին դպրոցի բարձր դասարանների աշակերտները: Ով էր Արցախը մանկության ու պատանեկության տարիներին, բանակում, այս ամենի մասին դպրոցականները խոսում էին հուզմունքով, սիրով ու ջերմությամբ:

ՊԵՏՈՅԻ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴԸԵղբորը մեծարելու, նրան նվիրված ցերեկույթն իրականություն դարձնելու համար կազմակերպիչներին և աշակերտներին շնորհակալություն հայտնեց Արցախի ավագ եղբայր Հովսեփը: Հանդիսավոր մասից հետո ներկաներն այցելեցին հերոսի շիրմին և ծաղիկներ խոնարհեցին: Այստեղ զրուցեցի զորամասի հրամանատարի տեղակալ Լ. Բաղդասարյանի հետ, որը ներկայացրեց Արցախ Հովսեփյանին:

-Հրաձգային ջոկի հրամանատարը զինվորի իսկական կերպար էր՝ անվախ ու խելացի, ընկերասեր, բոլորի կողմից սիրված, բարի,- ասաց Հայոց բանակի փոխգնդապետը և հավելեց: -Մեծ պատասխանատվությամբ էր որպես ավագ բարձրանում դիրքեր: Ժպիտը մշտապես դեմքին էր, և նման տղաների հետ աշխատելը հաճելի էր: Մեր բանակին հենց Արցախ Հովսեփյանի նման զինվորներ են անհրաժեշտ:

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #12 (1283) 3.04.2019 - 9.04.2019, Բանակ և հասարակություն


04/04/2019