Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է…



ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է...Դիվիզիոնի շտաբի պետի հրամանին հետևում է թնդանոթների համազարկը: Բարձրացած փոշու միջից լսվում է ոգևորված զինվորների զեկույցը խնդրի հաջող կատարման մասին: Վարժ ու հստակ գործողություններով ու անվրեպ կրակով դիվիզիոնի անձնակազմին հաջողվում է խոցել թիրախները, կրակային արգելափակմամբ հետ մղել պայմանական հակառակորդի լայնածավալ գրոհը, կանխարգելել նրա առաջխաղացումն ու բացազատումը:

«Բաղրամյան» զորավարժարանում մեկամսյա ճամբարային հավաքի ավարտին անցկացված զորավարժության նպատակը հրետանու մարտական հաշվարկների գործողությունների ներդաշնակումն ու դաշտային վարժվածության ամրապնդումն էր: Տարին երկու անգամ անցկացվող նմանօրինակ զորավարժությունները անգնահատելի են մարտական գործողությունների վարման փորձառության, մասնագիտական արհեստավարժության հղկման տեսանկյունից: Դրանք նաև ստորաբաժանման զինծառայողների փոխգործակցելու ունակությունն ու համատեղ աշխատելու արդյունավետությունը զարգացնելու կարևոր միջոց են:

 

Մայոր ՍԱՍՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

դիվիզիոնի շտաբի պետ

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է...

Միակ տեղը, որտեղ հրետանավորը կարող է կատարելագործել մասնագիտական ունակությունները, զորադաշտն է: Հենց դաշտում` գործնական պարապմունքների ընթացքում է, որ նա հնարավորություն է ունենում փորձարկելու և գործնականում ամրապնդելու իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Հրետանավորից նաև ֆիզիկական լուրջ պատրաստվածություն է պահանջվում, որ ծանր հրանոթը քարշ տալով, հասցնի տեղ, մարտական վիճակի բերի, լիցքավորի: Եվ անկախ նրանից, թե որերորդ կրակոցն է, զորավարժության ընթացքում հրետանավորը միշտ այն սրտի թրթիռով է իրականացնում:

Հատկապես մեծ է այն նորակոչիկների ոգևորությունը, որոնք զորավարժությանը առաջին անգամ են մասնակցում և մինչ այդ լիովին չէին պատկերացնում, թե ինչի է ընդունակ իրենց զենքը, չէին գիտակցում դրա հզորությունը: Իսկ  զորավարժությունից հետո նրանք է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ են կապվում իրենց սպառազինությանը: Կարող եմ ասել, որ այսօրվա մարտական կրակով իրականացված զորավարժության նախնական սցենարով ու մտահղացմամբ դիվիզիոնի առջև դրված խնդիրը կատարվել է: Ենթակա անձնակազմի գործողությունները գնահատում եմ «լավ»:

 

Մայոր ՅՈՒՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

դիվիզիոնի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է...

Մեր ցանկացած զինծառայող քաջ գիտակցում է, որ պատերազմող երկիր ենք, և պատերազմը դեռ ավարտված չէ, ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք կատարելու ցանկացած խնդիր: Իրական մարտական դրությանը հնարավորինս մոտեցված դաշտային ելքերն այս առումով շատ կարևոր են զինանձնակազմի համար: Այս ընթացքում անձնակազմը և՛ դիմացկունություն է ձեռք բերում և թե՛ մասնագիտական հմտությունները հղկում:

Թնդանոթները մարտական վիճակի բերել, մարտական խնդիրների կատարում. զինանձնակազմն այս օրերին միասնական գործողություններ է վարում, որոնց շնորհիվ է՛լ ավելի է ամրանում անձնակազմի, մարտական ընկերության կարևորության գիտակցությունը:

 

 

 

Կրտսեր սերժանտ ՎԻԿՏՈՐ ՍԱՐՀԱՏՅԱՆ

ժամկետային զինծառայող

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է...

Առաջին կրակոցս նույն այս ուսումնական կենտրոնում եմ իրականացրել, երբ դեռ նորակոչիկ էի: Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ թելը առաջին անգամ քաշեցի, ու հրանոթը կրակեց: Համազարկի ձայնը, ուժը, փոշու ամպը. ամեն ինչ այնքան տպավորիչ էր: Այն ժամանակ ես կրակում էի իմ հրամանատարի օգնությամբ, իսկ այսօր ինքս` որպես հրամանատար, հանդես եմ գալիս իմ հաշվարկով:

Գործնական վարժանքները մեզ մեծ փորձ են տալիս: Մարտական կրակի դեպքում ամեն ինչ պետք է կատարյալ անես: Այսօր տեսնելով մեր տղաների նվիրվածությունը, տեսնելով, թե ինչպես խնդիրը կատարեց իմ անձնակազմը` վստահորեն կարող եմ ասել, որ, անհրաժեշտության դեպքում, պատրաստ ենք կատարելու առաջադրված ցանկացած մարտական խնդիր:

 

Լեյտենանտ ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

դասակի հրամանատար

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է...

Ծառայությունը մնում է ծառայություն` անկախ սեռից, տարիքից: Դժվարություններն էլ նույնն են բոլորի համար: Երբ սիրում ես գործդ, ամեն ինչ հաղթահարելի է:  Շուրջ կես տարի է, ինչ զորքերում եմ` իբրև դասակի հրամանատար:  Այս ճամբարային հավաքին ես ինքս էլ շատ բան ունեի սովորելու, քանի որ առաջին անգամ էի մասնակցում:

Զինծառայողի մասնագիտությունն ընտրեցի, որովհետև սիրում եմ իմ պետությունը, իմ երկիրը, իմ բանակը: Մեզանից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ պետք է ներդրում ունենա մեր պետության առաջընթացի գործում: Ես ինքս զինծառայողի ընտանիքից եմ և շատ եմ սիրում զինվորականի մասնագիտությունը: Հատկապես հոգեհարազատ է հրետանին:

Այսօր մենք մեզ առաջադրված խնդիրը պատվով կատարեցինք: Աստված մի արասցե, բայց, եթե հարկ լինի, մենք պատրաստ ենք կատարելու ցանկացած մարտական խնդիր:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1283) 3.04.2019 - 9.04.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/04/2019