ԵՐԲ ԶԻՆԱԿԻՑԴ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՅՐԴ Է
Առավել ամուր, առավել պաշտպանված ես զգում քեզ, երբ եղբայրդ կողքիդ է, իսկ եթե միասին էլ բանակում եք ծառայում, զինվորական կյանքն ավելի հեշտ ու սահուն է անցնում, տան, հարազատների կարոտն էլ լրացվում է եղբորդ ներկայությամբ:
Կրտսեր սերժանտներ Ժակ և Շիրակ Մուրադյանները Գեղարքունիքի մարզից են: Երկվորյակ եղբայրներն այնքան նման են իրար, որ շատ հաճախ ծառայակից ընկերներն ու հրամանատարները դժվարությամբ են տարբերում միմյանցից: Երկուսն էլ շատ հավասարակշռված են, զուսպ ու հանգիստ բնավորություն ունեն:
«Շատ լավ է, որ եղբորս հետ նույն ստորաբաժանումում ենք ծառայում: Շիրակի խնդիրը նաև իմ խնդիրն է: Ինձնից շատ նրա մասին մտածող ու անհանգստացող չկա,- անկեղծանում է Ժակը:
Կրտսեր հրամանատարները նվիրված ծառայում են: Նշում են, որ ծառայությունն իրենց դրական շատ բան է տվել՝ հատկապես դժվարությունները հաղթահարելու փորձ, լավ ընկերներ:
Շարքայիններ Սուրեն և Հրաչ Բաբայաններն էլ Արարատի մարզից են: Աշխույժ, եռանդուն երիտասարդներ են: Ու թեեւ զույգ եղբայրներ են, բայց շատ տարբեր են խառնվածքով. Սուրենն ավելի տաքարյուն է, շուտ բռնկվող: Ինչպես քաղաքացիական, այնպես էլ բանակային կյանքում այդ բացը լրացնում է Հրաչը՝ ճիշտ խորհուրդներ տալով և իրավիճակը գնահատելով:
«Եղբորս ներկայությունն ինձ ուժ է տալիս, հենց նրա հետ էլ կիսվում եմ ու անկեղծանում: Նրա ներկայությունն ինձ «թելադրում է» հավասարակշռություն»,- ասում է Սուրենը:
Կրտսեր սերժանտ Հրանտ Ներսիսյանի ու շարքային Սեյրան Ներսիսյանի տարիքային տարբերությունն էլ մեկ տարի է, հետաքրքիր զուգադիպությամբ սյունեցի եղբայրները ծնվել են ճիշտ նույն օրը՝ ապրիլի 16-ին: Հրանտը ավագն է, ունի ծառայության ավելի մեծ փորձ, ամռանն էլ կզորացրվի: Իսկ Սեյրանն արդեն մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանում՝ շարունակելու եղբոր գործը:
«Եղբայրներով ծառայությունը նաեւ պարտավորեցնող է. պետք է ավելի լավ ծառայես, աչքի ընկնես միայն ու միայն դրական կողմերով, որ, որպես ջոկի հրամանատար, օրինակ լինես եղբորդ համար»,- նշում է Հրանտը:
Կրտսեր սերժանտ Վահե Հակոբյանն ու շարքային Հայկ Հակոբյանը բուհն ավարտելուց հետո են զորակոչվել ծառայության: Բազմակողմանի զարգացած երիտասարդներ են:
«Աննկարագրելի զգացողություն է, երբ հենց քո զորամաս ծառայության է գալիս եղբայրդ. մարդ, որը ամբողջ կյանքի ընթացքում կողքիդ է եղել ու հիմա էլ կիսելու է բանակային առօրյան: Միջավայրն ու ապրելակերպը տարբեր են, սակայն կողքիդ հարազատ մարդ ունենալու զգացողությունը նույնն է: Ես կասեի՝ ավելի արտահայտված, քանի որ նոր միջավայրում ավելի շատ, ավելի շեշտված ես զգում ծանոթ, մտերիմ ու հարազատ մարդու կարիքը»:
Սուրենն և Հրաչը, Ժակը և Շիրակը, Հրանտը և Սեյրանը, Վահեն և Հայկը եղբայրներով միասին հաղթահարում են բանակային կյանքի մեծ ու փոքր դժվարությունները: Այս զինվորների ընտանիքները հպարտանալու կրկնակի առիթ ունեն, քանի որ երկու տղա են ուղարկել ծառայության: Իրենց ծնողների անհանգստությունն էլ փարատելու և նրանց ոգևորելու համար եղբայրներն ավելի լավ են ծառայում՝ աչքի ընկնելով միմիայն դրական կողմերով: Ուս ուսի տված, իրար թեւութիկունք, իրենց զինակից ընկերների հետ միասին եղբայրներն ամուր ու անառիկ են պահում հայրենի եզերքը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
սերժանտ
Խորագիր՝ #12 (1283) 3.04.2019 - 9.04.2019, Ազգային բանակ