ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ» ԳՐԱՎԱԾ ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Թուրքական Sabah թերթը տպագրել է 174 իսրայելցիների անունները, որոնք կապ են ունեցել 2010թ. Գազայի հատված ուղևորվող Ազատության նավատորմի վրա հարձակման հետ:
Այդ մարդկանց անունները ճշտել է թուրքական հետախուզությունը միջադեպի ժամանակ արված լուսանկարների, տեսաձայնագրությունների, ինչպես նաև Facebook-ում և Twitter-ում ենթադրյալ մասնակիցների նամակագրության վերլուծության միջոցով: Առայժմ չեն ճանաչվել թուրքական կողմի տրամադրության տակ գտնվող լուսանկարներում պատկերված մոտ տասը մարդ:
Օպերացիայի կազմակերպիչների և անմիջական մասնակիցների ցանկում ընդգրկվել են իսրայելցի բարձրաստիճան զինվորականներ, շարքային զինվորներ, ինչպես նաև վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նախագահ Շիմոն Պերեսը:
Sabah-ի հրապարակման համաձայն` ցանկով զբաղվում է թուրքական դատախազությունը: Բավարար ապացույցներ հավաքելու դեպքում կոնկրետ մասնակիցների դեմ կհարուցվեն քրեական գործեր սպանության, խոշտանգումների և ազատությունը սահմանափակելու հոդվածներով:
Եթե Թուրքիան կասկածյալներին ձերբակալելու միջազգային օրդեր ներկայացնի, տեսականորեն դա կդժվարացնի նրանց տեղաշարժը աշխարհով մեկ: