ՀԵՐՈՍԱԿԱՆ ԵՎ ՈԳԵՂԵՆ
Ցավալի եւ դառը ճշմարտություն՝ հողն արյունով են պահում:
Ապրողներիս պարտքն է՝ հիշել, մեծարել հայրենիքին ամենաթանկը՝ կյանքը նվիրած քաջորդիներին:
Ապրիլի 4-ին Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում «Քառօրյա կյանք» խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր մեր նորօրյա հերոսներին: Միջոցառումը կազմակերպել էին ԵՊԼՀ եւ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը: Ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների մասնակիցներ, կուրսանտներ, զոհված քաջորդիների հարազատներ:
Ուսանողները ներկայացրին քառօրյա պատերազմի տարեգրությունը. ցավն ու հպարտությունը, հերոսականությունն ու ոգեղենությունը միախառնվել էին:
Պաշտպանության նախարարի անունից ներկաներին ողջունեց պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը: Իր խոսքում կարեւորելով այսօրինակ միջոցառումների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդին հայրենասեր ոգով դաստիարակելու գործում` նա նշեց, որ Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկների աննկուն ոգին փոխանցվել է մեր նորօրյա հերոսներին. երիտասարդ սերունդն իր սխրագործություններով, անձնազոհությամբ նրանց արժանի ժառանգորդն է: Ու թե հարկ լինի՝ նորից մի բռունցք, մի շունչ դարձած միասին կմաքառեն թշնամու դեմ:
«Քառօրյա պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը նվիրյալ զավակների պակաս չունի, մեր ժողովրդի միասնական ոգու, կամքի ու վճռականության դեմ անզոր է անգամ ամենահզոր զենքը»,- հավելեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը:
Երեկոյի ավարտին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրվեցին նաեւ Ապրիլյան պատերազմին մասնակցած ԵՊԼՀ ուսանողները:
Ալիս Ալավերդյան
Լուս.՝ Հայկ Կիսեբլյանի
Խորագիր՝ Նորություններ