ՀՆԴԿԱՍՏԱՆԸ 60 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ
Հնդկաստանի ռազմական նավատորմի արդիականացումը առաջիկա մի քանի տարիներին կարժենա շուրջ 60,1 միլիարդ դոլար: Այդ գումարը կծախսվի վերջրյա ռազմանավերի և սուզանավերի, տախտակամածային կործանիչների և ափամերձ պարեկային ինքնաթիռների գնման նպատակով:
Մասնավորապես, տվյալ գումարով նախատեսվում է նորոգել և արդիականացնել նախկին «Ծովակալ Գորշկով» ավիակիր հածանավը, որը Հնդկաստանում կստանա «Վիկրամադիտյա» անվանումը, աշխատանքներն արդեն եզրափակիչ փուլում են: Բացի այդ, Ռուսաստանում հնդկական կողմի պատվերով այժմ կառուցվում է «Տալվար» դասի երեք ֆրեգատ:
Բացի վերը նշվածից, Հնդկաստանի զինված ուժերը առաջիկա տարիներին պետք է սպառազինության վերցնեն մինչև 5 տասնյակ վերջրյա նավ` ականակիր նավեր, ֆրեգատներ, կորվետներ, ուղղաթիռակիր նավեր և այլն, ինչպես նաև տասից ավելի սուզանավեր: 2012թ. շարք կմտնի ազգային մշակման «Արիհանտ» ատոմային սուզանավը:
Թարմացվում է նաև երկրի ծովային ավիացիան: Ծրագրվում է սպառազինության վերցնել 45 МиГ-29К/КУБ կործանիչ, 12 P-8I Poseidon պարեկային ինքնաթիռ, հականավային ուղղաթիռներ և անօդաչուներ:
2010թ. Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն սկսել է իրագործել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման լայնամասշտաբ ծրագիր: Նույն ժամանակ էլ հայտարարվել է, որ այդ նպատակներով առաջիկա 12 տարիներին կծախսվի ավելի քան 200 միլիարդ դոլար, գումարի կեսից ավելին էլ` ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի համար: