Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼ



Լիբիայում ռազմական օպերացիայի անցկացման համար Մեծ Բրիտանիայի կառավարության կատարած ծախսերը կարող են գերազանցել 1,75 միլիարդ ֆունտ ստերլինգը: Այդ մասին հայտնում է անգլիական The Guardian-ը` հենվելով ռազմական փորձագետների վերլուծության վրա:
Հրապարակման համաձայն` երկրի կառավարությունը կարող էր սխալվել և շուրջ 7 անգամ քիչ հաշվարկել մարտական թռիչքներ կատարող կործանիչների համար անհրաժեշտ ծախսերը:

Մասնավորապես, փորձագետ Ֆրենսիս Տուսան իր հաշվարկներում օգտագործել է բրիտանական խորհրդարանի և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների տրամադրած տվյալները: Ընդ որում, նա հաշվի չի առել սեպտեմբեր ամսին կատարած մարտական թռիչքները: Այնպես որ, օպերացիայի ավարտին գումարի չափը հնարավոր է զգալիորեն ավելանա:
Համեմատության համար նշենք, որ Լիբիայում օդուժի կիրառումը ամերիկյան կողմի համար մինչ այժմ արժեցել է շուրջ 700 միլիոն դոլար:

Հունիս ամսին բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ լիբիական օպերացիայի ընթացքում իրենց ռազմական ծախսերը կազմել են 260 միլիոն ֆունտ: Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարարը ռազմական օպերացիան գնահատում էր ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ֆունտ:

Նման մեծ ծավալի ռազմական ծախսերը հակասում են Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականությանը, որի շրջանակներում պաշտոնյաները ձգտում են նվազեցնել բյուջետային միջոցների դեֆիցիտը: Խնայողության շրջանակներում բանակում կրճատումներ են կատարվում:
Պաշտոնական տվյալների համաձայն` Լիբիայում բրիտանական օդուժը ավելի քան 1600 թռիչք է կատարել` ոչնչացնելով մոտ 900 թիրախ:

Խորագիր՝ Նորություններ


27/09/2011