ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻՆ ԳԱՂՏՆԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՎԻԱՌՈՒՄԲԵՐ
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ 2009թ. ԱՄՆ-ը Իսրայելին գաղտնի մատակարարել է 55 հատ GBU-28 կառավարվող ավիառումբ: Ռումբերը մատակարարելու խնդրանքով Իսրայելը ԱՄՆ-ին դիմել է դեռ 2007թ. Ջորջ Բուշ կրտսերի օրոք, սակայն գործարքը չի կայացել այն մտավախությունների պատճառով, որ Իսրայելը կարող է ռազմական տեխնոլոգիաներ փոխանցել Չինաստանին:
Բարաք Օբամայի` պաշտոնավարման անցնելուց մի քանի ամիս անց ռումբերի առաջին խմբաքանակը հասել է Իսրայել:
ԱՄն պաշտպանության նախարարությունը սկզբից էլ հավանություն է տվել գործարքին, սակայն զգուշացել է Իրանի արձագանքից, քանի որ Իսրայելը ռումբերը կարող էր օգտագործել իրանական ատոմային օբյեկտները ոչնչացնելու համար:
Լրատվամիջոցը հատկանշական է համարում, որ համաձայնությունը ձեռք է բերվել այն նույն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ը ճնշում էր գործադրում Իսրայելի վրա Պաղեստինի ինքնավարության հետ բանակցություններում զիջումներ պարտադրելու նպատակով:
GBU-28 ավիառումբը ամերիկյան բանակը սպառազինության է վերցրել 1991թ.: Այն կշռում է 2300 կգ: Լազերային ուղղորդման համակարգով ռումբը կարող է անցնել ավելի քան 30 մետր հողի կամ 6 մետր բետոնի միջով: Դրանք կիրառվում են առավել պաշտպանված բունկերները ոչնչացնելու համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական