ԶԳՈ՛ՒՅՇ, ԱԿԱՆՆԵ՛Ր ԵՆ
2005թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Ականային վտանգի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չափազանց կարևոր են, քանի որ ամբողջ աշխարհում ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների մոտ 30%-ը երեխաներ են:
2011թ. ՀՀ կառավարությունը, ստանձնելով երկրի ականապատ տարածքների ականազերծման պատասխանատվությունը, հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ռազմավարությունն ըստ առաջնահերթությունների է: Առաջին հերթին ականազերծվում են այն տարածքները, որոնք մեկ կիլոմետրից պակաս հեռավորության վրա են բնակավայրերից: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազորված պետական մարմինը ՀՀ պաշտպանության նախարարությունն է:
Ապրիլի 4-ին Երևանում տեղի ունեցավ թեմային նվիրված կլոր սեղան-քննարկում: Տեղեկատվական և ուսուցողական բնույթի քննարկման մասնակիցները նշեցին, որ առաջին անգամ Հարավային Կովկասում տարածաշրջանային մասշտաբով Եվրոպական Միության աջակցությամբ ականային վտանգի իրազեկման արշավ կանցկացվի՝ «Հարավային Կովկասն առանց ականների» կարգախոսի ներքո։ Բանախոսները շեշտեցին, որ մեր տարածաշրջանում ականները ոչ միայն մարդկային վնասներ են հասցնում, այլ նաև շատ հաճախ խոչընդոտում են տնտեսական զարգացմանը, սահմանափակում են գյուղատնտեսական հողերի մշակումը և անասնաբուծության հնարավորությունները: Ներկաները պայմանավորվեցին առավել ուղղորդված աշխատանք տանել բնակչության իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Հայաստանի համար օրն առանձնահատուկ նշանակություն ունի. չորս մարզերում՝ Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր, կան ականային վտանգ պարունակող տարածքներ, որոնց անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35,000 մարդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում ականային վտանգ պարունակող 123 տարածք կա` 17778787 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:
Հատկանշական է, որ ականային վտանգավոր տարածքներ ունեցող Հայաստանը ականազերծման աշխատանքներ է իրականացնում այլ պետությունում. 2019թ. փետրվարի 8-ից հայ մասնագետների խումբը Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հալեպում է: Մեր սակրավորները տեխնիկական հետազոտություններ են կատարում, հայտնաբերում և ոչնչացնում են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ: Մեր մասնագետները նաև հակաականային վտանգի իրազեկման աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակչության շրջանում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1284) 10.04.2019 - 16.04.2019, Ռազմական