Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱԽՏՎՈՒՄ Է



Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է բանակցություններ սկսել եվրոպական Eurofighter ընկերության հետ Typhoon կործանիչների գնման վերաբերյալ: 42 ինքնաթիռների գնման մասին վերջնական որոշում պետք է ընդունվի մինչև տարեվերջ: Գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 6 միլիարդ դոլար:
Կործանիչների գնումն իրականացվելու է ապրիլին հայտարարված մրցույթի շրջանակներում: Առայժմ նախատեսվում է գնել 42 ինքնաթիռ, սակայն իրական պահանջարկը կարող է հասնել 150 միավորի:

Հաստատվելու դեպքում եվրոպական ինքնաթիռներ գնելու որոշումը կխախտի ճապոնական մարտական ավիացիայի ներքին շուկայում ամերիկյան մենաշնորհը: Մինչ այժմ Ճապոնիան գնել է միայն ամերիկյան, բացառիկ դեպքերում` սեփական արտադրության ինքնաթիռներ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ճապոնիան բազմիցս դիմել է Միացյալ Նահանգներին F-22 Raptor նորագույն կործանիչներ վաճառելու խնդրանքով, սակայն մշտապես մերժում է ստացել: Կոնգրեսը մերժում էր ինքնաթիռների արտահանումը` վախենալով տեխնոլոգիաների արտահոսքից:

Հայտնի չէ նաև մրցույթին ներկայացված հինգերորդ սերնդի F-35 կործանիչի պատրաստ լինելու ժամկետը: Այնպես որ, եվրոպական արտադրանքին նախապատվություն տալը մասնագետները լիովին իրատեսական են համարում, առավել ևս, որ Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուո Իտիկավան ասել է. «Եթե F-22-ը մեզ չեն վաճառում, իսկ F-35-ը դեռ պատրաստ չէ, ուրեմն շուկայում կփնտրենք մեզ հարմար բազմաթիվ կործանիչների առաջարկներ»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


27/09/2011