Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԴԻՐՔԸ



ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԴԻՐՔԸՊատերազմի և խաղաղության ոտնահետքերը ձգվում ու ավարտվում են 116-ում: Սա մարտական հենակետի նախկին համարն է: Թիվն արդեն փոխված է, ինչպես դիրքը, դիտակետը, խրամատը: Ոտնահետքերն էլ ֆիզիկապես չկան, հողը հարթ ու պարարտ է՝ հաղթանակի համար: Հողը պարարտ է,  անպարտ է, որովհետև սնվել է արյունով, ամրացել մարտիկների ոտնահետքով:

Ուրֆանյան ազգանունն արդեն երեք տարի լուրերի գլխագրերում է: Վաշտի հրամանատար կապիտանի դիրքում սխրանքները բազմապատիկ էին` իր գլխավորությամբ, առաջնորդությամբ, կյանքի գնով: Թե քանիսին հասցրեց ոչնչացնել, վավերագիրները կասեն, մինչդեռ հերոսապատումը նրա քայլերի ու եզրափակիչ պայթյունի մասին է: Երեք ժամ կռվեց ու վերջում պայթեցրեց իրեն, իրեն շրջապատող հակառակորդի հետ: Իրականում, այս մասին գրելը, պատմելն ու հպարտանալն ամենահեշտն է, դժվար է քայլել 116-ում՝ հաշվելով ոտնահետքերը, որոնք հնարավորություն տվեցին այսօր պահել հենակետը Ուրֆանյանի ու նրա հաջորդների շնորհիվ: Խրամաբջիջների մթության մեջ խոսուն է հակառակորդին նայող միակ պատուհանը, որտեղ կապիտանը հրաժարվեց գերեվարվել, որոշեց զոհվել՝ փրկելով զինակիցներին:

Հերոսությունների շարքը շարունակելու համար ժամանակն արագացնել պետք չէ, անհրաժեշտ է անմահացնել նույն վայրկյանները, երբ Ուրֆանյանի կողքին ու գրեթե նույն ժամանակ Քյարամն է զոհվել, Անդրանիկը՝ հերոսացել: Պատմությունը շարադրում են հենակետի ներկայիս պահապանները: Լուսանկարների ու մատուռի առաջ, բաց երկնքի տակ, սեղանի շուրջ պատիվն ստանձնած նորեկներն են՝  հրամանատարներից մինչև շարքային դիտորդներ: Չեն սգացել ու չեն սգում, գլուխ են խոնարհում ավագների առաջ ու զենքն ուսը գցում…

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԴԻՐՔԸԽրամատներից մեկում փամփուշտներով երկու տառ է գրված՝ RA: Դիրքի հաջորդ ավագն է մոտենում, նախորդի զոհվելու վայրը նկարագրում, բացում փակագծերն ու հապավումը: Արցախի ամենաերիտասարդ հերոսի անվան, ազգանվան առաջին տառերն են: Ռոբերտ Աբաջյանն այդտեղ նռնակը պայթեցրեց՝ ենթականերին հրամայելով՝ պահել դիրքը:

Դիտակետի պատերն այդ պահին ճաք են տվել, թուլացել: Հիմա ասես նորակառույց լինի, ամրացած, վերականգնված՝ ճիշտ հազարամյա սրբատեղիի պես: Հերոսական ոտնահետքը մնացել է հողի շերտի տակ, տեսանելի չէ, բայց իրապատումն ինքնին ճեղքում է անցյալը, հատկապես, երբ նորերն այդ ոգով են սահմանին կանգնում:

…Զինվորական մասնագիտությունները նույնն են, ինչպես երեք տարի առաջ՝ դիրքի ավագից մինչև դիտորդ, նռնակաձիգից մինչև գնդացրորդ: Փոխվել են անունները: Հիմա դիրքը պահում են Սևակը, Սուրենը, Արմանը, Բորիսը, Գերասիմը…

116-ն այդ օրվանից շատ է փոխվել, նոր ենթակառուցվածքները նոր անվտանգություն են ապահովում, նոր երաշխիք տալիս հուսալի պաշտպանության, նոր հնարավորություն ստեղծում ակնթարթային հակահարձակման: Սպառազինությունը նոր է, ժամանակակից սարքերը` ցերեկը հետևող, գիշերը նկատող, սահմանախախտին հայտնաբերող, ոչնչացնող…

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԴԻՐՔԸՀայի զարկից հողը կիսվում է, լեռներն արձագանքում են, հաղթական ղողանջ է հնչում. սա շարքային Վարդանյանի կտավի համառոտ նկարագիրն է: Մռավը, Շուշին, Սուրբ Ղազանչեցոց վանքն ու հայերի ռազմապարը՝ մեկ գործողությամբ: Զինվորն արդեն ավարտել է Ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող աշխատանքը: Վրձնեց, երբ լսեց 116-ի, սխրանքների ու սխրագործների մասին: Կտավի խորությունն սկսվում է մարտնչող լեռնաշղթայից ու ավարտվում հաղթողների ոտնահետքով: Ոտնահետքը նվիրումի ու աննահանջ պաշտպանի խոսուն վկայությունն է, որն այդպես էլ չի անհետանում՝ հողից անցնելով հուշաքարին, գրքին, սերունդներին…

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #13 (1284) 10.04.2019 - 16.04.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/04/2019