ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ տեղի է ունեցել ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը:
Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ:
Ապրիլի 1-ից 12-ն անցկացված զորավարժության նպատակը միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները ներդաշնակելը, անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելն էր: Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, կրակային տարբեր միջոցներ, հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող:
Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոք սցենար չէր մշակվել, և զինծառայողներին խնդիրներ էին առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվել էին պաշտպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ:
Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով, և զորավարժությունը ծառայել է իր նպատակին` ապահովելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը և համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը: