ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԽՐԱՏԸ
Ծառայության մեկնած մտավորականի թոռը արդեն երկրորդ անգամ էր ինքնակամ բացակայում զորամասից։ Հրամանատար գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը սիրում, հարգում էր մտավորականին։ Կարգազանց զինվորին հրամայում է ներկայանալ։ Զրուցելով մոտենում են պատուհանին, որտեղից երեւում է շարահրապարակը։
-Տղա ջան, տեսնո՞ւմ ես հրապարակը։ Մեր պատմության ընթացքում, երբ պետություն չենք ունեցել, երբ զինվոր չենք ունեցել, բանակ չենք ունեցել, ամեն անգամ թշնամին երկիրը ասպատակելուց հետո էսպիսի հրապարակներում հավաքել է մագաղաթյա գրքերը, կրակի տվել, այրել։ Դա էլ չպետք է կրկնվի, որովհետեւ այսօր բանակի ամեն մի զինվոր պետք է գիտակցի, որ ինքն է երկրի պաշտպանը, ապավենը։ Եթե մեկ անգամ էլ կրկնվի, մագաղաթների հետ թշնամին պապիդ գրքերն էլ է այրելու…
Զինվորի գլխահակ լռությունից զգացվեց, որ հրամանատարի խրատը զինվորական պատժից առավել էր։ Իսկ ծառայության ավարտին հրամանատարն ասաց զինվորին.
-Այ, հիմա պարզ ճակատով կարող ես նայել պապիդ աչքերին։
Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Հոգևոր-մշակութային