Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԽԱՉՔԱՐԵՐ ԵՆ



Ճանապարհն աստիճանաբար իջնում է հարթավայր, Բարգուշատի հովիտ։ Աղավնո եւ Որոտան գետերը, լեռներից, կիրճերից շնչահատ դուրս պրծած, հանդարտ հոսում են հարթավայրով։ Նրանց ափերին փռված են բնակավայրեր, որտեղ առաջներում առատությունից ճաք էին տալիս շտեմարանները, շքեղ առանձնատներին զով էին անում դեկորատիվ ծառերը, իսկ տերերը իրենց լողավազաններից հայացքներն ուղղում էին դեպի լեռները. «Բա ամոթ չի՞, մի թիզ հողի համար գլո՞ւխ կջարդեն»։ Ասում էին, որովհետեւ չէին նկատում, որ առատությունից, ցոփությունից ճաք էին տալիս իրենց ամբարներն ու առանձնատները։

Սանասարավան, Սամվելավան, Արալեռ, Մեխակավան, Բարութաշեն, Հապետավան, Մասիսավան։ Այս բնակավայրերը կոչվում են մարտիրոսված հայորդիների անուններով։ Երեկվա ազատամարտիկն այսօր հայոց բանակի զինվորն է ու սպան։ Նրանք փշրեցին դարերի կապանքը, նվաճեցին հաղթական խաղաղությունն ու մի պահ զենքը փոխարինեցին բրիչով, մուրճով ու իրենց թիկունքում կանգնեցրին խաչքարեր, լուսե, ասեղնագործ խաչքարեր։ Խաչքարերին ծաղիկներ են դնում դիրքերից վերադարձող զինվորն ու սպան։ Հիշում են նրանց ծննդյան օրերն ու կատարած սխրանքը։ Թիկունքում խաչքարեր են, բնակավայրեր՝ նահատակ տղաների անուններով, եւ սահմանին կանգնած զինվորը գիտակցում է այդ բնակավայրերում կանգնեցված խաչքարերի խորհուրդն ու իմաստը։

Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Հոգևոր-մշակութային


28/09/2011