ՓԱՌՔ ՔԵԶ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐ ԳԻՏԵՍ ՀԵՐՈՍՆԵՐ ԾՆԵԼ
Զրույց ազատամարտիկ ՀԱՅՐԱՊԵՏ ՕՀԱՆՅԱՆԻ հետ
-Զրույցից առաջ, բնականաբար, ծանոթացա Ձեր կենսագրությանը եւ իմացա, որ ծնվել, մեծացել եք պատմական Գողթն գավառի Ցղնա շենում, որը Ձեր մանկության ու պատանեկության տարիներին արդեն վերանվանվել էր Օրդուբադի շրջանի Չաննաբ գյուղի։ Փաստորեն, ամենավաղ տարիքից ստիպված եք եղել «կիսել» Ձեր պապական հողերը ադրբեջանցիների հետ, հանդուրժել նրանց պարտադրված ներկայությունը Ձեր ծննդավայրում։
-Ձեր ասածը ավելի օրինաչափ ու տրամաբանական կլիներ եւ շատ կսազեր այսօրվա զրույցին, բայց ես պիտի ճշմարտությունը պատմեմ։ Իսկ ճշմարտությունն այն է, որ ես եղել եմ համոզված կուսակցականի զավակ, մի մարդու, որը հավատում էր ժողովուրդների բարեկամության եւ եղբայրության մասին կոմունիստական լոզունգներին։ Հայրս` Սերգեյ Օհանյանը, գյուղի կուսխորհրդի քարտուղարն էր եւ կոլտնտեսության նախագահը։ Նրա հայրենիքը Խորհրդային Միությունն էր, վստահ էր, որ խորհրդային Հայաստանն է հայ ժողովրդի խաղաղ հանգրվանն ու անվտանգ ապագան։ Ես սնվել եմ այդ գաղափարներով, երբեք չեմ հակակրել ադրբեջանցիներին, չեմ երազել անկախ Հայաստան…
-Ձեր կենսագրության մեջ գրված է, որ ակտիվորեն մասնակցել եք Ղարաբաղյան շարժմանը, եղել եք միտինգավորների շարքում։
-Ես գնում էի օպերայի հրապարակ, որ պաշտպանեմ արդարությունը։ Արցախը մեր պատմական հայրենիքն է, ու արցախցիները իրավունք ունեին իրե՛նք որոշելու, թե ինչպե՞ս, ո՞ւմ իշխանության ներքո են ցանկանում ապրել։ Ես տեսնում էի, որ խորհրդային իշխանությունը փորձում է բռնի ուժով ճնշել մարդկանց կամքն ու արյան մեջ խեղդել ժողովրդի ազատագրական պայքարը։ Օպերայի հրապարակում ես առաջին անգամ հանդիպեցի ճնշման, հարկադրանքի եւ առաջին անգամ մտածեցի ազատության, անկախության ու ինքնիշխան պետության մասին։ Երբ խորհրդային զրահամեքենաները շրջապատեցին ցուցարարներին, ես ինձ սեփական երկրում ստրուկ զգացի, նվաճված երկրի զավակ ու հենց այդ պահից անկախության մարտիկ դարձա։ Ես մտածեցի, որ իմ երկրի բանակը, իմ զինվոր որդին զրահամեքենայի փողը չէր ուղղի իմ դեմ եւ ռազմական ուղղաթիռներով չէր ակոսի երկինքը, որ վախեցնի ինձ։ Ես պատրաստ էի անկախության զոհասեղանին դնել ամեն ինչ՝ ամենաթանկը, որովհետեւ առանց ազատության չկա ոչ մի առաքինություն՝ խիզախություն, արժանապատվություն, հպարտություն, ազգային ինքնասիրություն: Ազատագրական կռիվն ու հաղթանակը մաքրեցին մեզ ներքին տիղմից, բարձրացրին, վեհացրին, արիացրին։ Աշխարհի աչքին մեզ դարձրին հպարտ, քաջասիրտ ու ոգեղեն ազգ։ Մենք ստիպեցինք հարգել մեզ։ Ազգի դիմագիծը փոխվեց։ Մենք ուրիշ էինք պատերազմից առաջ։
-Իսկ ինչպիսի՞ն ենք հիմա։
-Ես կպատմեմ իմ մասին։ Պատերազմից առաջ ես նույնիսկ Արցախի տեղը չգիտեի։ Բայց ինձ ասացին, որ քո հայրենիքը, քո հայրենակիցները վտանգի մեջ են։ Որ ադրբեջանցիները խորհրդային իշխանության հետ դաշնակցած` հարձակվել են քո հողի ու քո հայրենակիցների վրա, փորձում են հայրենազրկել նրանց ու խլել Արցախը։ Ես զգացի իմ արյան թրթիռը։ Ինչ-որ քնած զգացում խլրտաց հոգուս մեջ. կուզես հայրենասիրություն ասա, ազգային արժանապատվություն, գենի կանչ… Երբ Վազգեն Սարգսյանը հեռուստացույցով ասաց, որ ամենավտանգավոր տարածքներում կռվելու համար մահապարտներ են հարկավոր, ես առանց տատանվելու գնացի ճակատ՝ կյանքի գնով փակելու թշնամու ճանապարհը։
-Դուք ե՞րբ դարձաք մահապարտ։ Նկատի ունեմ՝ հոգեբանությամբ… Ե՞րբ Ձեր գլխին դրեցիք մահապարտի լուսապսակը։
-Ի՞նչ լուսապսակ… Դուք չգիտեք, թե ինչ է զգում տղամարդը, երբ մեկ ուրիշ տղամարդ սպառնում է իր սրբություններին՝ հայրենիքին, օջախին, երեխաներին, կանանց, դրա համար էլ ինչ-որ լուսապսակ եք ասում։ Ես սովորական հայ տղամարդ եմ ու զենք առա, որ պաշտպանեմ իմ տղամարդկային արժանապատվությունը։ Երբ երդվում էինք Եռաբլուրում, Վազգեն Սարգսյանը բառացիորեն ասաց. «Հնարավոր է, որ այստեղ հավաքվածներից կեսի կեսն էլ հետ չգա, ապրել-մեռնելու հավանականությունը 50-50 է։ Ովքեր ուզում են, թող վերադառնան տուն»։
-Գնում էիք մեռնելու հանուն տղամարդկային արժանապատվությա՞ն…
-Ես անցել եմ դժոխքի միջով։ Ես կորցրել եմ ընկերներիս։ Ես հասել եմ մի եզրագծի, որից հետո ապրել-չապրելու խնդիրը մղվում է հետին պլան, երբ մահն այնքան մոտիկ է, որ նրա ներկայությունը չես էլ նկատում։ Երբ մարդն ավելի ուժեղ է, քան մահը, երբ մարդը չի վախենում մահից, նա… այլեւս չի ենթարկվում բնականոն չափանիշներին ու օրինաչափություններին։ Արցախում հաղթեցին հենց այդ մարդիկ, ովքեր արդեն «շրջանցել էին» օրինաչափությունները, ովքեր անվարան դուրս էին գալիս մեկը տասի, քսանի դեմ։ Առասպելներն իրականություն են, հերոսապատումները, ասքերը… Պարզապես ժամանակներն են առասպելական, դյուցազնական եղել։ Մեր ժողովուրդը անցավ առասպելական ու դյուցազնական ժամանակի միջով, ու գալիք սերունդների գենի, արյան հիշողության մեջ ասքեր են արթնանալու։
-Իսկ ազերիների սերունդները ժառանգելու են պարտության ախտանիշը… Լավ, ինչո՞ւ թուրքերի բազում հաղթանակները, ռազմական հաջողությունները չդարձան քաջություն հետագա սերունդների գենի ու արյան մեջ։ Նրանք խլել են ու խլել՝ մեզնից, հույներից, բուլղարներից, քրդերից, ասորիներից… ու չեն արիացել։ Մնացել են նույնը։
-Դուք խոսում եք մի ժողովրդի մասին, որը չունի գենետիկ հայրենիք, որը թշնամի է իր ոտքի տակի հողին, քանի որ այդ հողը դավաճանում է իրեն՝ ամեն քայլափոխի ի ցույց դնելով քրիստոնեական մշակույթի հետքերը։ Հիշո՞ւմ եք Արշակ թագավորի պատմությունը, երբ պարսկական հողի վրա խեղճանում էր, իսկ սեփական հողի վրա սկսում էր հոխորտալ, հողից ուժ էր առնում։ Թուրքերին արմատից եկող այդ ուժն է պակասում, ակունքից բխող կենարար ավիշը։ Նվաճողական պատերազմի ու ազատագրական կռվի միջեւ ահռելի տարբերություն կա։ Առաջինը գազանացնում է, երկրորդը՝ վեհացնում։ Նվաճողական պատերազմի ռազմիկը մարդասպան է, ազատագրական կռվի մարտիկը՝ ազատարար։
-Դժվա՞ր էր անցումը պատերազմից խաղաղության։
-Ամենադժվարն էր։ Ուզում ես պատերազմի օրենքները գտնել խաղաղության մեջ, բայց ցավով տեսնում ես, որ խաղաղության «տերերը» իրենց օրենքներն են հաստատել՝ շահի, փողի… Քաջությունը, ինքնազոհությունը, արժանապատվությունը գործոն չեն այդտեղ։ Իսկ ավտոմատի սովոր քո ձեռքերը անզոր են յուրայինի դեմ։ Ես գիտեմ՝ ինչ էին երազում իմ ընկերները զոհվելուց առաջ. անկախ Արցախ, հզոր հայրենիք, հպարտ ժողովուրդ։
-Ո՞րն էր անկախության տարիների ամենամեծ բացթողումը։
-Կենսամակարդակի բեւեռացումը, որը սոցիալական անարդարության հետևանք է։ Որքան էլ վեհ ու նվիրական լինի գաղափարը, չի կարող միավորել զրկողին ու զրկվողին։ Մենք կարող էինք ավելի հզոր լինել, եթե խելամտորեն օգտագործեինք ներքին ռեսուրսները։
-Իսկ անկախության ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է՝ Ձեր կարծիքով։
-Ազգային բանակը։ Իմ երկու որդիները ազգային բանակում են ծառայել։ Ես ներսից գիտեմ բանակը։ Ես հավատում եմ Սեյրան Օհանյանի կամքի ուժին ու առաքինությանը, ես նրան տեսել եմ մարտի դաշտում։ Սեյրան Օհանյանի բանակը միշտ էլ հաղթելու է Աբիեւի բանակին. հոգով է հաղթելու, բարոյականությամբ, ուժեղ լինելու սրբազան պարտքով։
-Ի՞նչ սպասելիք ունեք անկախության հաջորդ քսանամյակից։
-Պիտի փոխվեն մեր իրականության հերոսները։ Մենք պիտի հայրենասիրությունը ամենաբարձր առաքինությունը դարձնենք՝ հայրենիքը պաշտպանողի կերպարը բարձրացնելով։ Ուրիշ ճանապարհ չկա, մյուս ճանապարհները փակուղի են տանելու։
-Ի՞նչ կմաղթեք Անկախության տոնի առթիվ։
-Զոհված ընկերներիս զավակներին կասեմ՝ հպարտ քայլեք սեփական հողի վրա, Ձեր հայրերը կյանքով են վճարել անկախության համար։ Մարտական ընկերներիս կասեմ՝ Դուք եք հայրենիքի տերը, որովհետեւ դուք եք պաշտպանել հայրենիքը վտանգի պահին։
-Իսկ ամբողջ ժողովրդին…
-Փառք քեզ, հա՛յ ժողովուրդ, որ գիտես հերոսներ ծնել։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Բանակ և հասարակություն