Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈԼՅԱ ՆԱՎԹԱԼՅԱՆ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ՀԵՐՈՍԸ



ԿՈԼՅԱ ՆԱՎԹԱԼՅԱՆ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ՀԵՐՈՍԸԿոլյա Նավթալյանի՝ աշխարհի ամենաուժեղ մարդկանցից մեկի անունը նոր սերնդին թերևս բան չասի: Իսկ կես դար առաջ նրա անունը բոլորի շուրթերին էր: Ժողովրդի կուռքն էր, հերոսը: Ի՜նչ Կասուս Քլեյ, ի՜նչ Լիստոն, ի՜նչ Պատերսոն… Մի աշխարհ էր ու մի Կոլյա Նավթալյան… Նրա ահռելի ուժի, աժդահա տեսքի մասին պատմություններն ավելի շուտ առասպելների էին նմանվում` մեկը մյուսից զարմանահրաշ ու անհավատալի… Երբ նրա կրկեսային փոքրիկ խումբը՝ իր հայտնի բեռնատարով, ժամանել է որևէ գյուղ, երեխաներն ու պատանիները ընդառաջ են վազել՝ գոռալով. «Նավթալյանը եկա՜վ»: Ասում են՝ բեռնատարի թափքի հետևից  միշտ դուրս ցցված է եղել հսկայական ռելսի ծայրը, որ հայտնի փահլևանը պետք է ժողովրդի աչքի առաջ դներ վզին ու ճյուղի նման ծռմռեր: Հիշում եմ, թե  լուսահոգի հորեղբայրս` Դերենիկը, ինչ հպարտությամբ ու հիացմունքով էր պատմում Նավթալյանի «նոմերների» մասին: Եվ ես Կոլյա Նավթալյանին նմանեցնում էի Հերակլեսին ու Սասունցի Դավթին: Բերանս բաց լսում էի նրան. «Նավթալյանը հսկա կշռաքարերը, որ մենք չէինք կարողանում անգամ գետնից պոկել, օդ էր շպրտում գնդակների պես ու բռնում»: Ընկերոջս՝ Վարդանի հայրը՝ Լյուդվիգը, ավելի զարմանալի բաներ էր պատմում. «Մեր թաղի տղաներով, մի տասը-տասնհինգ հոգի, լցվեցինք նրա ամերիկյան «Շևրոլեի» մեջ, էն ժամանակ ըսկի ավտո չկար, իսկ Նավթալյանը սեփական բեռնատար «Շևրոլե» ուներ, եւ նա մոտեցավ, բռնեց թափքից ու մեքենան՝ մեզ էլ հետը, մի մետր գետնից պոկեց…»:

 

ԿՈԼՅԱ ՆԱՎԹԱԼՅԱՆ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ՀԵՐՈՍԸ

Երևի քչերին է հայտնի, որ Կոլյա Նավթալյանը ծնունդով Մարտակերտի շրջանի Լուլասազ գյուղից է, եղել է դասական ոճի ըմբիշ, Խորհրդային Միության չեմպիոն, մասնակցել է ֆիննական և Հայրենական մեծ պատերազմներին, քանիցս վիրավորվել է, հաղթանակով հասել մինչև Բեռլին: Սակայն Կոլյա Նավթալյանը շատ ավելի մեծ կոչում ուներ՝ նա ժողովրդական հերոս էր: Մարդիկ նրա մեջ տեսնում էին իրենց ուժի և արդարության ձգտումները:

 

 

ԿՈԼՅԱ ՆԱՎԹԱԼՅԱՆ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ՀԵՐՈՍԸ

 

Պատմում է կրտսեր որդին՝ Արմեն Նավթալյանը

 

Հորս համար հայրենիքից, պատվից, արժանապատվությունից, ազնվությունից, արդարությունից, ընկերությունից, բարեկամությունից բարձր ոչինչ չկար: Ի դեպ, հայրս անթերի աչք ուներ, լավ էր մարդկանց ճանաչում: Մայրս պատմում էր, որ մի «մեջլիսի» ժամանակ՝ Ղազախում, մրցել են երեք հարևան հանրապետությունների ամենահայտնի փահլևանները: Այն ժամանակներում ուժի ցուցադրության մրցումներ հաճախ էին լինում: Վրացի փահլևանը ժողովրդին զարմացնում է «Պոբեդա» մակնիշի մեքենայի անիվների տակ պառկելով, Քարիմովն ավելի է զարմացնում՝ մազերով քաշելով հսկա մի բեռնատար: Վերջին խոսքը հորս է մնում. նա կազմակեպիչներից պահանջում է «մեջլիս» բերել նույն բեռնատարը: Կազմակերպիչները, հավաքվածները, որոնց մեջ քիչ չեն եղել նաև օտարերկրացիներ` ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի, ռուս, զարմանքից քար են կտրում. «Տեսնես՝ ի՞նչ է անցել հայ փահլևանի մտքով»: Եվ երբ հայրս պառկում է գետնին՝ զույգ տախտակները վրան, նոր միայն հասկանում են նրա մտադրությունը: Գլխի ընկնելով, թե ինչ է տեղի ունենալու, այս ու այն կողմից մեքենայի թափք են ԿՈԼՅԱ ՆԱՎԹԱԼՅԱՆ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ՀԵՐՈՍԸլցվում երեք տասնյակից ավելի ադրբեջանցիներ: Միայն մորս աղաչանք-պաղատանքից հետո է բեռնատարը  դատարկվում, բայց հայրս պահանջում է, որ թափք բարձրացնեն գոնե երեխաների: Եվ բեռնված մեքենան, թամաշայի եկած հազարավոր մարդկանց զարմանքից քարացած հայացքների և գոռում-գոչյունների ուղեկցությամբ, անցնում է գետնին անվրդով պառկած հորս վրայով…  Առաջինը հորս շնորհավորում է Փաշա Քարիմովը: Նույն Քարիմովը, որ 1988 թվականի ջարդերի ժամանակ հայերին պաշտպանելու, նրանց կյանքը փրկելու համար դաժանաբար սպանվում է վայրենացած իր իսկ ցեղակիցների ձեռքով:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Ճակատագրեր


18/04/2019