Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ



ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Այս վկայությունը Հայաստան տեղափոխված մի հայ երիտասարդ պատմեց, որը մի ժամանակ Իրանում ապրելով՝ ստիպված մասնակից է եղել Իրանա-Իրաքյան պատերազմին. «Ինձ որպես զինվոր տարան պատերազմ։ Շուրջ բոլորս մահմեդականներ էին, ու ինձ որպես քրիստոնյա դժվար էր նրանց հետ ծառայել, բայց ամեն օր առանձնանալով՝ թաքուն խաչակնքվելով աղոթք էի անում ու մեր Տեր Հիսուսին խնդրում, որ ինձ անփորձանք տուն վերադարձնի։ Մի անգամ, երբ գիշերային պահակազոր ծառայության ուղարկեցին, պոստում կանգնած ժամանակ, անկախ ինձանից սկսեցին չար եւ անհանգստացնող մտքեր այցելել։ Սկզբում բանի տեղ չդրեցի ու շարունակում էի տարածքը հսկել, բայց հետզհետե այդ մտքերը սկսեցին իշխել վրաս, ինքնասպանության մղելով։ Այդ անհասկանալի եւ աներեւույթ զորությունն այնքան ահավոր էր, որ ես ծնկի եկա տեղում ու խաչակնքելով՝ Հայր մեր աղոթքը արեցի ու Աստծուն աղաչում էի, որ ինձ օգնի չկորչեմ, որովհետեւ դեռ շատ երիտասարդ եմ եւ այդ պահին անկախ ինձանից սկսեցի լաց լինել։ Չնայած մի քանի րոպե այդ պարտադրող զորությունը թուլացավ, ու մի քիչ խաղաղվեցի ինձ տանջող մտքերից, բայց սրտումս շարունակում էի աղոթել։ Իսկ երբ լրացավ իմ հերթափոխի ժամանակը, եկան ու փոխարինեցին ինձ։ Երբ պահակատուն հասանք, պատրաստվեցի հանգստանալու, բայց այդ պահին շտաբի հեռախոսը զնգաց միջանցքում։ Ու քանի որ մոտը հերթապահ չկար, ստիպված որոշեցի վերցնել հեռախոսափողը։ Բայց հենց ուզում էի խոսել, այդ ժամանակ հերթապահ սպան մյուս սենյակում բարձրացրեց երկրորդ հեռախոսի ընկալուչը։ Զանգահարողը բարձրաստիճան գեներալ էր, որը հրամայեց այսօրվա պոստի կանգնածների մասին զեկուցել։ Տեղեկանալով, որ ես վերադարձել եմ, նախ զարմանք արտահայտեց, հետո հրամայեց, որ այլեւս ինձ չուղարկեն հերթապահության. հետո մի պահ դադար տալով՝ ասաց. «Այս գիշեր բոլոր երեսունից ավելի պոստերում կանգնած մեր զինվորները անհասկանալի պատճառներով ինքնասպանություն են գործել, բացի այդ մի հայից…, երեւում է՝ թշնամու բանակի հմայողները նորից անեծք են ուղարկել»։ Ես իսկույն կամացուկ դրեցի հեռախոսափողը, որովհետեւ անկախ իմ կամքից ռազմական գաղտնիք լսեցի։ Շտապ գնացի հանգստասենյակ ու հագուստներով անկողնուս վրա պառկելով, իբրեւ թե հանգստանում եմ ու աչքերս փակելով, մտովի փառաբանության ու գոհության աղոթքներ արեցի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Իր ամենակարող Խաչին, որ ինձ փրկեց չար ու մահաբեր դիվական անեծքից։

ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Պատմում է մի եղբայր, որի պապը եղել է համակենտրոնացման ճամբարներից մեկում։

Նա ասաց, որ պապը մի հեզաբարո եւ աստվածավախ մարդ էր, որին բոլորը սիրում էին իր բարության ու հանդարտ բնավորության համար։ Երբեմն էլ նա մեզ պատմում էր իր գերության տարիների մասին։ Այս դեպքը ես հիշում եմ, որովհետեւ դրանից հետո նա փաստորեն փրկվել է ստույգ մահից։

Նախկին այդ գերին պատմում է հետեւյալը. «Երբ ֆաշիստները մեզ գերի բռնեցին, հարցաքննելուց հետո տարան մի քարհանքում աշխատելու։ Ծանր ու մաշող աշխատանք էր, մահը ամեն ժամ աչքերիս առաջ էր։ Այդ բոլորը քիչ էր, դեռ մեր ճամբարի վրա այնպիսի մի կատաղի գերմանացու նշանակեցին, որ նույնիսկ իր զինակիցներն էին սարսափում։ Նա հաղթահասակ, կարմիր երեսով, կերած-խմած գազանի էր նման։ Հաճույքի համար երբեմն-երբեմն մոտենում էր որեւէ ռազմագերու եւ ծանր ձեռքի ամբողջ ուժով բռնցքահարում զոհի դեմքին, որից հետո այդ խեղճը կա՛մ տեղում մահանում էր, կա՛մ էլ ուղեղի կաթված ստանալով՝ անդամալույծ դառնում, ու հենց տեղում սպանում էին որպես անպետք աշխատողի։ Ու մի օր էլ ինձ մոտենալով՝ նայեց երեսիս ու անսպասելի ուժգին խփեց դեմքիս։ Լավ էր, որ գլխարկս քաշել էի մինչեւ աչքերս, ու հարվածը մի փոքր մեղմացավ դրանից։ Բայց հյուծված մարդու համար դա նույնն էր, որ մեկը ծանր մուրճով հարվածի գլխին։ Մի կերպ ընկածս տեղից վեր կացա, որ մյուսների նման չգնդակահարեն որպես անդամալույծի, ու ոտքերս քարշ տալով՝ անխոս առաջ գնացի։ Երբ այդ գազանն իրենից գոհ հեռացավ այդտեղից, ես կանգ առա ու արցունքներս զսպելով՝ հանեցի գլխարկս ու երկինք նայելով՝ խաչակնքելով ասացի. «Տեր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ արա Քո արդար դատը»։ Ու նորից գլխարկս դնելով՝ մի կերպ առաջ քայլեցի։

Քարհանքի կողքը ոչ շատ խորը մի գետ կար, ուր ամեն առավոտ այդ ճամբարի պետը լողանում էր սառը ջրում՝ իր ենթականերով շրջապատված։ Այդ դեպքի հաջորդ օրը, երբ սովորականի նման հաճույքից փնչացնելով լողանում էի ջրում, հանկարծ անսպասելիորեն, բոլորի աչքի առաջ խեղդվում է, եւ ոչ ոք չի կարողանում փրկել նրան։ Երբ մի քանի օր հետո այդ իրարանցումը վերջացավ, եւ նոր պետ նշանակեցին, հանկարծ ինձ մոտեցան մի քանի շարքային զինվորներ ու տարան շտաբ։ Հարց ու փորձ արեցին՝ ով եմ, ինչ ազգից եմ, քրիստոնյա եմ, թե մուսուլման, էլի մի քանի հարց տալուց հետո սկսեցին գերմաներեն ինչ-որ բան խոսել իրար հետ։ Ես էլ կանգնած մտածում եմ, որ սա վերջս է՝ կգնդակահարեն, որովհետեւ երեւի տեսել են, թե ինչպես խաչակնքեցի ու աղոթեցի իրենց սպայի հարվածից հետո։ Բայց անսպասելիորեն նոր պետը թարգմանչի միջոցով հրամայեց, որ ես այդ օրվանից պետք է աշխատեմ հագուստների պահեստում ու միայն թեթեւ կարկատաններ անեմ, իսկ օրապահիկս վաղվանից կկրկնապատկեն։

Ես զարմացած լսում էի ու մտքումս փառք տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու Իր Խաչի զորությանը, որը կատարեց այս հրաշքը ու, նայելով նրանց աչքերին, տեսա, որ Աստծո վախը կա նրանց մեջ իմ հանդեպ, որովհետեւ իրենց աչքերով տեսան կատարված դեպքը։

ԲԱՆՋԱՐԱՎԱՃԱՌ ԾԵՐՈՒՆՈՒ ԱՂՈԹՔԸ

Այս վկայությունը նույնպես երկրորդ համաշխարհային պատերազմի հետ է կապված, որը Երեւանի փողոցներից մեկում լսեցի մի բանջարավաճառ ծեր գյուղացուց։

Նրա հետ ծանոթացա պատահաբար, երբ աշխատանքի գնալիս հետս վերցրել էի արտասահմանյան մի աշխարհագրական ամսագիր, որտեղ գունավոր լուսանկարներով հոդված կար Իտալիայի Թուրին քաղաքում գտնվող Հիսուսի անձեռակերտ վարշամակի մասին։ Այդ խեղճ ծերունու կուզը, դուրս եկած խոնարհ կեցվածքը, չգիտեմ ինչու, ինձ մղեց կանգ առնելու եւ Հիսուսի մասին խոսելու։ Նա էլ այդ տարիքի համար անբացատրելի ուրախություն ապրելով՝ անհագորեն լսում էր մեր Տիրոջ մասին։ Իսկ երբ ասացի, որ Նրա մահվան պատանաշորի վրա հրաշքով տպվել է Իր սուրբ պատկերը, ու պայուսակից հանելով ամսագիրը ցույց տվեցի նկարը, նա մի քանի րոպե ուշադիր նայելուց հետո գետնից մի կերպ տնքալով վեր բարձրացավ, հանեց իր լայնեզր, հնամաշ գլխարկը եւ ուշադրություն չդարձնելով փողոցում անց ու դարձ անող մարդկանց, երեսին մի լայն Խաչ հանելով, ալեհեր գլուխը իջեցնելով մինչեւ գետին խոնարհվեց մեր Փրկչի նկարի առջեւ։

Իսկ երբ հետաքրքրությամբ իր կյանքի մասին հարց ու փորձ արեցի, նա էլ պարզամտաբար այս մի վկայությունը արեց. «Գյուղացի հողագործ մարդ եմ։ Երբ պատերազմը սկսվեց, կռիվ տանելուց առաջ գնացի մեր սուրբ Էջմիածնի վանքը, բայց կոմունիստների ժամանակ գրեթե միշտ փակ էր, ես էլ համբուրեցի եկեղեցու դուռը ու երեսիս Խաչ հանելով՝ ասացի. «Է՜հ սուրբ Էջմիածին, գնալը ինձանից, գալը քեզանից։ Էսքան բան»։ (Այս պարզ աղոթքը լսելիս, մտածեցի, որ տասնյակ ժամանակակից աստվածաբաններ գլուխ գլխի տան, սրա նման մի աղոթք չեն կարող մտածել)։ Ամբողջ պատերազմը անցա, մինչեւ Բեռլին հասա, ինչերից ասես Աստված ինձ չազատեց, ու ոչ մի գնդակ ինձ չկպավ։ Բայց երբ տեսա Բեռլինում ինչ ալան-թալան է, որ նույնիսկ մեր զինվորները իրար են սպանում, ես նորից երեսիս Խաչ հանեցի, մտքով Էջմիածնի վանքի առաջ կանգնեցի ու ասացի. «Է՜հ սուրբ Էջմիածին, մի ոտաշորով բերել ես, մի ոտաշորով էլ ինձ տուն հասցրու»։ Ու էդ հարամ բաներից հեռու մնացի, Աստված էլ սաղ-սալամաթ ինձ տուն բերեց ու իմ էրեխեքիս գլխից չկտրեց»։

Մ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ԽԱՉԱՊԱՏՈՒՄ» ԳՐՔԻՑ

Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Հոգևոր-մշակութային


28/09/2011